HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

«Արձանի պատվիրատուն ՀԿ-ն է, բայց համայնքը մերն է». Վանաձորի ավագանու նիստում քննարկվեց զորավար Անդրանիկի արձանի տեղադրման թեման

Վանաձորում զորավար Անդրանիկի արձանի էսքիզի ընտրության ու տեղադրման մասին խոսակցությունները շուրջ երկու ամիս է՝ չեն դադարում: Բանն այն է, որ «Ինտերկապ բարեգործական միություն» ՀԿ-ն նախաձեռնել է դրամահավաք՝ Վանաձորում զորավարի արձանը տեղադրելու համար:

Մայիսի 12-ին Վանաձորի քաղաքապետարանի փոքր դահլիճում անցկացված քննարկումների արդյունքում ներկայացված 3 գործերից «Ինտերկապ բարեգործական կենտրոն» ՀԿ-ի ու համակիրների կողմից ընտրվել էր երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեկջանյանի աշխատանքը:

Կազմակերպության կողմից զորավար Անդրանիկի արձանի տեղադրման նպատակների մասին վանաձորցիների մեծ մասը տեղեկացել է կատարված ընտրությունից հետո:  

Հենց այդ ժամանակ էր, որ պարզ դարձավ՝ Վանաձոր համայնքի ավագանու անդամների մի մասը նախապես տեղյակ չի եղել իրականացվող ծրագրի մասին: Նրանք, ովքեր քանդակի ու քանդակագործի ընտրությունից հետո տեղեկացել են, վրդովվում են. համայնքի տարածքում տեղադրվելիք արձանի հետ կապված Վանաձորի քաղաքապետարանն ինչո՞ւ չի պահպանել անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, ինչո՞ւ չեն անցկացվել մրցույթ ու հանրային քննարկում:

Այսօր կայացած Վանաձոր համայնքի ավագանու նիստը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն սկսեց զորավար Անդրանիկի արձանի տեղադրման թեմայով:

«Քանի որ արձանը նախաձեռնող խմբի կողմից է, այսինքն, դա ոչ թե համայնքը կամ ավագանին է առաջարկել, հետևաբար իրենք ունեն իրենց տարբերակը: Մենք չուզեցինք ինքնուրույն միջամտենք էդ պրոցեսներին, որովհետև գումարն էլ է իրենց միջոցով հավաքվում, ամբողջ ծախսերն էլ է իրենց միջոցով կատարվում, հետևաբար, մենք առաջիկա նիստերից մեկում կտեսնենք, թե որտեղ է հարիր՝ էդ արձանը մենք ունենանք»:

Այս հայտարարությանը ավագանու ԲՀԿ-ական անդամ Հրաչիկ Ղամբարյանը, ով զբաղեցրել է նախկին ավագանու անդամ, այժմյան Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի տեղը, արձագանքեց՝ համայնքում արձանների տեղադրման ընթացակարգը պետք է պահպանել:

«Նախ ավագանին պետք է որոշի, որ Անդրանիկի արձանը դնում ենք, որից հետո քաղաքապետարանը կտա ճարտարապետաշինարարական առաջադրանք, այդ առաջադրանքին համապատասխան կկազմվի նախագիծ, կանցկացվի մրցույթ...»:

Ավագանու անդամի նկատառման հետ քաղաքապետը չհամաձայնեց. «Երբ որ քաղաքապետարանը ինչ-որ բանի համար ուզենա մրցույթ անցկացնի, Դուք ճիշտ եք ասում, բայց էս մարդիկ իրանք արձան ունեն այսպես ասած, իրանք ասում են՝ էս արձանի համար եթե դուք թույլտվություն եք տալիս, էս արձանը դնենք»:

«Դե այդ դեպքում մոտավորապես նույնն է ստացվում, ոնց որ էն Դիմացի տառերը: Տառերը ունեինք, բերեցինք, դրեցինք էնտեղ ու ստացանք մի հատ չգիտեմ ինչ: (նկատի ունի Վանաձորի Դիմաց թաղամասում նախորդ տարի տեղադրված քարե «ԴԻՄԱՑ» տառաշարքը - հեղ.):

«Նույնը եղավ Սայաթ-Նովայի արձանի դեպքում: Սայաթ-Նովայի արձանը քանդակագործն ուներ, տեղ փնտրեցինք ու որոշեցինք՝ որտեղ դրվի»,- նշեց մի քանի գումարման ավագանու անդամ հանդիսացող Սեյրան Ղամբարյանը:

«Անդրանիկի արձանի պատվիրատուն մենք չենք... մենք ոչ թե արձանն ենք ստեղծելու, այլ ստեղծած արձանի համար տեղ: Մենք միջոցներ չենք ներգրավում դրա մեջ»,- նշեց քաղաքապետը, այս պարագայում քաղաքապետարանի կողմից մրցույթի անցկացումը համարելով ոչ նպատակահարմար:

Արձանի ընտրության հետ կապված ընդդիմադիր մոտեցում ունի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը: Վերջինս վստահ է՝ «նույնիսկ եթե ՏԻՄ-ը ֆինանսական ներդրում չունի այդ ծրագրում, դա չի ենթադրում, որ չի վերահսկելու պրոցեսը ամբողջությամբ, և չի լինելու բաց, բոլոր մասնագետների համար հասանելի մրցույթ իրականացնելու երաշխավորը: Հակառակ պարագայում այդ գործընթացը կարելի է նմանացնել պատվիրված ծառայության մատուցման»:

«Զորավար Անդրանիկի արձանի պատվիրատուն ՀԿ-ն է, բայց համայնքը մերն է»,- ասում է Վանաձորի ավագանու անդամը: Վերջինիս կարծիքով՝  արձանի ընտրության հարցում պետք է լավագույնն ընտրելու հնարավորություն լինի:

«Այն ունենալու է երկարաժամկետ կյանք, և այս ամենի համար պետք է իրականացվեր լայնամասշտաբ և իրականում բաց մրցույթ բոլոր ցանկացող մասնագետների համար: Եվ քանի որ արձանը տեղադրվում է Վանաձոր համայնքում, այլ ոչ թե սեփական սեկտորում, ապա քաղաքապետարանի և ավագանու դերը այդտեղ առաջնային է»,- նշում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter