HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Հեղափոխության իրական հաղթանակը

Հասարակության որոշ մասը, հուսանք մեծամասնությունը, ոգևորված է , հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիոն բացահայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում են նոր, աղմկոտ բացահայտումների։ Հուսանք, վերջապես, իրական ջանքեր կներդրվեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։

Թերևս կոռուպցիայի ոլորտի մասնագետներն ավելի հստակ ձևակերպում տան կոռուպցիա եզրույթի և երևույթի մասին։ Սակայն, ուզում եմ անդրադառմալ այլ հանգամանքի։ Թրանսփարենսի Ինթերնեշնալ հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցներում տարբեր ցուցանիշներով ներկայացվում են կոռուպցիայի մակարդակն այս և այն երկրներում։ Բայց կարծես ուսումնասիրություն կատարված չի, թե տվյալ երկրում կոռուպցիայի նկատմամբ ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը՝ հանդուրժողականության, այն արդարացման տեսանկյունից։ Ենթադրում եմ, որ հայ հասարակությունը, իր մեծամասնությամբ բացասաբար չի վերաբերվում կոռուպցիային։ Եվ սա կարծում եմ նոր երևույթ չի։

Հիշում եմ խորհրդային տարիներին մեր՝ Շինարարների խրուշչովյան շենքում ինչպիսի ակնածանքով էին վերաբերվում, հարգում և խոնարհվում մսամթերք առաքողի, շինաշխղեկի, և հատկապես դատախազի առջև, որոնք ինքնավստահ և մեծամիտ հայացքով քայլում էին բակով և շրթունքների թեթև շարժումով շնորհ անում նկատել հարևաններին, մինչև 21-ը, հետագայում՝ 06-ը կամ 24-ը նստելը։ Չէ՞ որ բոլորս ենք լսել նմանատիպ արտահայտություններ. «զատո ընտանիքը լավ ա պահում», «բա , պարզ չի՞, իշխանությունը պետք է լավ ապրի․․․ բայց չափի մեջ», «կոմունիստներն էլ էին ուտում, բայց չափ կար, մի բան էլ մեզ էր հասնում, սրանք չափ չունեն», և այլն: Եվ, արդյո՞ք, անկեղծ է հանրության զայրույթը իշխանությունների կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ընդամենը չարություն, որ իրենք, իրենց հարազատներով ներգրավված չեն և չեն եղել դրանում։ Չգիտեմ, չեմ պնդում։ Համենայն դեպս, այսօր որոշակի հույսեր են արթնանում, որ իրավիճակը կփոխվի։

Բայց․․․բայց, արդյո՞ք, կոռուպցիան միայն հանրային միջոցների ստվերային (պետական գնումներ, «ատկատներ», նվիրատվություններ, տոնական օրերին, և ոչ միայն՝ պաշտոնյաների ծառայողական մեքենաները դելիկատեսներով և տարբեր ապրանքներով բեռնելը, շահերի բախում՝ ծանոթ, ազգական և այլն, կաշառք) վատնումն ու յուրացումն է:

Արդյո՞ք կոռուպցիան Հայաստանում նաև օրինական հիմքեր չունի, նկատի ունեմ՝ օրինականացված կոռուպցիան։

ԽՍՀՄ-ում կոմունիստա-կոմերիտա-մտավորական, ուռճացված նոմենկլատուրան, թերևս ոչ այնքան բարձր աշխատավարձ էր ստանում, որքան՝ օրենքով բազմաթիվ և բազմապիսի արտոնություններից էր օգտվում ՝ կառավարական առանձնատներ, հանգստյան տներ, արտասահմանյան ուղեգրեր, ծառայողական ավտոմեքենաներ (պոդավատ) և այլն։ 1990-91թթ․ իշխանափոխության հետևանքով, այդ նույն արտոնությունները ժառանգեցին նոր, իրենց ժողովրդավարական հռչակած քաղաքական ուժերը, ովքեր ոչ միայն չհրաժարվեցին դրանցից, այլև նախկիններից ավելի շատ սկսեցին հոգալ իրենց անձնական, ընտանեկան բարեկեցության և անվտանգության մասին, մեկուսանալով այն նույն ժողովրդից, որի օժանդակությամբ և անվերապահ աջակցությամբ հասան իշխանության։

Դիպուկ է նկատել Ռ․ Հախվերդյանը․

Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է,

Նոր տերերը դեռ չեն կշտացել,

Հին տերերի մոտ անհուն զարմանք է,

Թե նորերն ինչքան են հղփացել:

Նոր էր Լևոն Տեր- Պետրոսյանը ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, նրա առաջին քայլը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովից զրահապատ Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենա խնդրել և ստանալն էր։ Ներդրվեց նաև, այսպես կոչված թիկնապահների ինստիտուտը։ Եվ ամեն իրեն հարգող պաշտոնյա, խոշոր գործարար (որպես կանոն սրանք համընկնում են), նրանց կանայք, սիրուհիները և երեխաները պետք է շրջեին շքեղ ծառայողական մեքենաներով, անտարբեր, երբեմն սարսափազդու թիկնապահների ուղեկցությամբ: Ի դեպ, ծառայողական ավտոմեքենաներից չեն խորշում նաև մեր քաջարի ընդդիմադիրները։

1998թ․ պալատական հեղաշրջումից հետո, ԱԺ նորընտիր նախագահ Խոսրով Հարությունյանը ծառայողական ավտոմեքենաներ տրամադրեց նաև ԱԺ խմբակցություններին, և ընդդիմադիր խմբակցությունները մեծ հաճույքով ընդունեցին իշխանության կողմից տրամադրված օրինական կաշառքը։ Նույնիսկ Երևանի քաղաքապետարանի հասարակական հիմունքներով աշխատող ընդդիմադիրները չեն խորշում, իրենց կողմից խարազանվող Տարոն Մարգարյանի կողմից տրամադրված ծառայողական ավտոմեքենաներից օգտվելուց։

Վերջերս հրապարակվեց, որ Հայաստանում, կարծեմ 1200 ծառայողական ավտոմեքենաներ կան։ Բացարձակապես անհասկանալի է, կարո՞ղ եք բացատրել, թե օրինակ, ինչի՞ համար են պետք ԱԺ-ի պաշտոնյաներին, բազմաթիվ նախարարություններին, գերատեսչություններին տրամադրված շքեղ ծառայողական ավտոմեքենաները։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք, Հայաստանին պետք են 17 նախարարություններ, իրենց նախարարներով, տեղակալներով, աշխատակազմի ղեկավարներով, խորհրդականներով, օգնականներով և նույն ծառայողական ավտոմեքենաներով։ Կառավարության կառուցվածքն ընդունվել էր անձամբ Սերժ Սարգսյանի ցանկությամբ և հրահանգով։ Սովոր լինելով 10 տարի ամենակարող նախագահական լիազորություններին, նա ցանկանում էր նույն լիազորություններով «աշխատել» վարչապետ, շարունակելով գահակալել Բաղրամյան 26-ում, կից ունենալով Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունները, իսկ ընթացիկ աշխատանքները պետք է իրականացնեին ու պատասխանատվություն կրեին արհեստականորեն ներդրված փոխվարչապետները։

Ուռճացված պետական համակարգը ստեղծված էր բավարարելու բազմաթիվ ՀՀԿ-ական , ինչպես նաև արբանյակ կուսակցությունների անդամների, այլ յուրայինների, նրանց հարազատների ախորժակը։ Ի՞նչ փույթ, որ այդ ֆունկցիոներներից քչերն էին պիտանի մասնագետներ, մնացածը թեև ոչ այնքան բարձր աշխատավարձի համար էին «գնում աշխատանքի», այլ՝ ոչինչ չանելով գլուխ էին պահում։ Եվ ու՞մ հաշվին․․․ Արդյունքում ՀՀ պետական պարտքը հասել է ահռելի չափերի, ոչ միայն ստվերային կոռուպցիայի, այլև հանրային միջոցները ոչ արդյունավետ մսխելու հետևանքով։

Եվ ինչպես, խորհրդային նոմենկլատուրայի համար նախատեսված արտոնությունները ժառանգեց ՀՀՇ-ն, այնպես էլ Սերժ Սարգսյանի անձնական իշխանության համար ստեղծված համակարգը փոխանցվեց հեղափոխականներին ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Կունենա՞ն, արդյոք, քաղաքական կամք նոր իշխանությունները հրաժարվելու նախորդների կառավարման համակարգից։ Հասարակական կարծիքի փոփոխության, հասարակությանը կրթելու համար, կարծում եմ ամենակարևորը իշխանության ներկայացուցիչների անձնական օրինակն է։ Այսօր, հեղափոխությամբ իշխանության եկած պաշտոնյաների վրա հսկայական պատասխանատվություն է դրված։ Եվ հեղափոխության իրական հաղթանակը կարելի է արձանագրել, եթե նոր իշխանությունն իր օրինակով, նաև մեր հասարակության մտածողության հեղափոխություն իրականացնի։ Իսկ գայթակղությունը կարող է ․․․ Օրինականացված կոռուպցիայից դեպի ստվերային, կես քայլ է։ Հուսանք, որ նախորդ դառը փորձը չի կրկնվի։

Կարելի է, ոչ այնքան ստույգ մասնագիտական հաշվարկ անել, թե քանի՞ նախարարություն լիովին կբավարարի Հայաստանի կառավարման համակարգին․ 1. Ներքին գործերի (ոստիկանություն, տարածքային կառավարում, արտակարգ իրավիճակներ, գուցե ազգային անվտանգություն), 2. Պաշտպանության, 3. Արտաքին գործերի, 4. Կրթության, գիտության, 5. Մշակույթի, սպորտի, երիտասարդության, 6. Տնտեսական զարգացման,7 Արդարադատության, 8. Սոցապ, 9.Առողջապահության։ Եվ ինչպես չպետք է լինեն փոխվարչապետներ, այնպես էլ փոխնախարարներ։ Ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնության կամ կոալիցիայի կողմից նշանակվում է նախարար, որպես քաղաքական պաշտոն։ Նախարարությունում երկրորդ դեմքը, քաղաքացիական ծառայող նախարարության քարտուղարն է, որն իրականում և փոխնախարար է, և աշխատակազմի ղեկավար, այսինքն՝ հմուտ կազմակերպիչ ( մենեջեր): Նախարարության տարբեր ոլորտների՝ բաժինների ղեկավարները նույնպես քաղծառայող, ոլորտի բարձրակարգ մասնագետներ են, ընտրված բաց հրապարակային մրցույթով ԵՎ վերջ։ Էլ ինչ խորհրդականներ, օգնականներ ևայլն։ Նախարարի խորհրդականները հենց ոլորտների ղեկավարներն են, և նախարարը լավագույն դեպքում կարող է ընդամենը մեկ գործավար ունենալ։ Ծառայողական ավտոմեքենաներ օրենքով տրամադրվում են ՝ ՀՀ վարչապետին, Պաշտպանության նախարարին, Ներքին գործերի նախարարին և վերջ (խոսքս չի վերաբերում ի պաշտոնե ավտոմեքենայով ծառայություն իրականացնող պետական ծառայողներին՝ ճանապարհային ոստիկանություն, ՊՆ սպաներ և այլն)։ Մնացած բոլոր պետական պաշտոնյաները գործուղումների, կամ այլ անհրաժեշտ դեպքերում դիմում են պետական ավտոմեքենաների պարկ, հիմնավորելով պատվերը և օգտվում ծառայությունից։ Սա կբացառի ծառայողական ավտոմեքենաների շահագործումը հանգստյան օրերին, ընտանիքի անդամներին շուկա, խանութներ, դպրոց ուղեկցելուց և այլն։ Վերջերս քննարկվում էր նախարարների ոչ համարժեք աշխատավարձերի մասին։ Ահա և ազատված հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ոչ միայն նախարարների, այլև բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսի բարեփոխումների դեպքում, ընտրություններին մասնակցող կուսակցություններին անհրաժեշտ կլինեն միայն փոքրաթիվ, գաղափարական անդամներ և արդյո՞ք, տարբեր կոռուպցիոն լծակներ փնտրողներ կդեգերեն մեկ կուսակցությունից մյուսը։ Եվ գուցե՞ վերանան նաև ընտրակեղծիքները, երբ պարզվի, որ իշխանությունը արտոնություն և վայելք չի, իսկ պաշտոններն էլ սահմանափակ են։

Եվ վերջապես, Պռոշյան փողոցի կառավարական առանձնատների և Բաղրամյան 26-ի մասին։

Կարծում կառավարական առանձնատներն, իրենց ողջ տարածքով կարելի է տրամադրել մանկա-պատանեկանա-երիտասարդական կենտրոնի, օրինակ՝ Թումոյին։

Բաղրամյան 26-ի պալատը դարձնել Հայաստանի 1918-ից մինչև մեր օրերի, և անընդհատ լրացվող Պատմության թանգարան։

Կարծում եմ, վատ չէր լինի, եթե այս ամենը տեղ գտած լիներ կառավարության ծրագրում, բայց դեռ ուշ չի, կարող են այն ներառել իրենց նախընտրական ծրագրում։

Վերջապես, համոզված եմ, որ աղքատությունը, ոչ թե նավթ չունենալու, կամ շրջափակման, այլ վատ, անարդյունավետ կառավարման հետևանք է։

Հ․Գ․ Որպես հետգրություն մեջբերեմ ս․թ․ հունիսի 9-ի իմ ֆեյսբուքյան գրառումը․

ՓՈԽԵԼ ՕՐԵՆՔԸ

Կարծում եմ, այն օրենքը, որով նախատեսված է պաշտոնավարությունից հետո, ՀՀ ղեկավարին (նախագահ, կամ այժմ վարչապետ ) պետության կողմից առանձնատուն հատկացնել, պետք է փոխվի և ունենա հետադարձ ուժ։
-ՀՀ այն ղեկավարին, որի պաշտոնավարման ընթացքում չի լուծվել 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային խնդիրները, Գյումրիում տրամադրվում է վագոն-տնակ։

Մեկնաբանություններ (2)

Վախթանգ Սիրադեղյան
Համաձայն եմ բարձրացված հարցերի և առաջարկների առումով, հատկապես որ ես էլ եմ անընդհատ խոսում նման թեմաներով, ակայն ասվածի մեծ մասը կարող է կյանքի կոչվել ԱԺ-ում մեծամասնություն ունենալուց հետո, բացի անձնական վարքագծի հարցից: Այստեղ է, որ պետք է դրսևորվի նախաձեռնողականությունը:
ՓՈԽԵԼ
Որոշ նկատառումների հետ կարելի է համաձայնվել, մասնավորապես մեքենաների մասով, սակայն պետք է ավելացնել նաև որոշ կառույցներում պարգևատրման ֆոնդերի առկայությունը, որոնք չեն ծառայում այն նպատակին ինչ տեսականորեն հայտնի է, այլ ծառայում են բարեկեցության բարձրացման, յուրայինների համար` բայց կարևորը հասարակության հաշվին, դա չի վերացել, հանրային ծառայությունների հանձնաժողով, ֆիննախ, կադաստր և այլն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter