ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Շարմազանովը կոչ է անում հարգել անմեղության կանխավարկածը



ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ուզում մեկնաբանել Վաչագան Ղազարյանի ձերբակալությունն ու Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկվելը:

«Իրավապահ խնդիրները և ԱԱԾ գործողությունները չեմ մեկնաբանում, Ալեքսանդր Սարգսյանն արդեն ազատ է արձակվել, Վաչագան Ղազարյանի հետ կապված նախաքննություն է ընթանում և նախաքննության շահերից ելնելով` որևէ մեկնաբանություն չեմ անում», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչու իր մոտ այդքան գումար չկա, ինչպես ըստ ԱԱԾ-ի տեսանյութի հայտնաբերվել է Վաչագան Ղազարյանի մոտ, Շարմազանովը կոչ արեց հարգել անմեղության կանխավարկածը:

«Ինչ ես ունեմ, հայտարարագրված է, օգտվելով առիթից` ևս մեկ անգամ ասում եմ այդ մասին, կարծում եմ՝ ավելի շատ հայտարարագրված է, քան կա, որովհետև այս վեց ամսվա ընթացքում որոշակի ծախսեր արվել են: Վաչագան Ղազարյանի և բոլոր իրավապահ խնդիրների հետ կապված գնահատական չեմ տալիս, որպեսզի չլինի միջամտություն, նախաքննություն է ընթանում: Վաչագան Ղազարյանն իրավունք ունի ունենալ փաստաբան, ցուցմունք տալ կամ հրաժարվել ցուցմունքից, պետք է հնարավորություն տանք իրավապահ մարմիններին ամբողջությամբ իրականացնել քննություն և հարգել անմեղության կանխավարկածը», - նշեց ՀՀԿ խոսնակը:

Ըստ Շարմազանովի՝ հարուստ լինելը վատ բան չէ, վատ է՝ ապօրինի կերպով հարստանալը: Շարմազանովը չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի Վաչագան Ղազարյանի հետ, նաև հիշեցրեց, որ վերջինս մեծ ներդրում ունի արցախյան պատերազմում, սակայն ասաց, որ չի ուզում խոսել անհատների մասին:

«Վարչապետն էլ էր ասում, որ չպետք է լինի վհուկների որս, չեմ ուզում, որ կենտրոնանանք անձերի վրա, երևույթների մասին պետք է խոսենք, չպետք է լինի անձերի դեմ պայքար, Հայաստանում պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը, և ընտրողաբար արդարադատությունը պետք է բացառված լինի»,- իր համոզմունքը հայտնեց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրեց, որ Սոցիալական ապահովության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել և՛ այն պահին, երբ վերջինիս այդ պաշտոնին է եղել, և՛ դատապարտվելուց հետո: Չի դադարեցրել վերջինիս հետ մտերմությունը, այցելել է ազատազրկվածների վայրեր, սակայն գործի ընթացքին որևէ կերպ չի միջամտել:

Հարցին՝ ամեն դեպքում իրեն վատ չի՞ զգում, որ իր ունեցվածքով զգալիորեն զիջում է Վաչագան Ղազարյանին, Շարմազանովն արձագանքեց.

«Ես վատ չեմ զգում, ինձ համար երջանկությունը ֆինանսների մեջ չէ, ես չեմ ասում քյասիբ մարդ եմ, ես հարուստ մարդ եմ, որովհետև ունեմ գաղափարախոսություն, ընտանիք, ընկերներ, ազնիվ կուսակցական ընկերներ, անցած ճանապարհ, որի համար չեմ ամաչում, ունեմ սխալներ, որոնք էլի իմն են: Վաչագան Ղազարյանին էլ հարգում եմ, ինքը լուրջ ծառայություններ է մատուցել, եկեք հարգենք անմեղության կանխավարկածը, ես չեմ կարող ինձ վրա դատավորի ֆունկցիա վերցնել»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ