HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ովքե՞ր եւ ինչպե՞ս յուրացրին թաքցված ոսկին

«Սոթքի հանքավայրում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերվել են 865,2 կգ ոսկու, 3,3 տ արծաթի, 0,86 տ սելենի, 7,18 թելուրի թաքցված ծավալներ: Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերվել են 143, 4 կգ ոսկու, 2,78 տ արծաթի եւ 3,38 տ թելուրի թաքնված ծավալներ»: Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը այս փաստերը ներկայացրել է 2004թ. հունիսի երեքին կազմած ակտում: Մետաղների այս ծավալները թաքցնելու արդյունքում 900 մլն դրամ հաշվարկային ծավալով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը:

Նշված ակտը ներկայացվել է նաեւ հարկային մարմիններին եւ ՀՀ դատախազության հակակոռուպցիոն բաժին: Ըստ ամենայնի, դատախազությունը նախարարության ակտին ընթացք չի տվել: Եթե քրեական գործ հարուցվեր, ապա տնտեսական դատարանում քաղաքացիական գործընթաց չէր սկսվի:

Սոթքի հանքերը շահագործում է «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն։ 2004թ.նոյեմբերի 4-ին ՀՀ տնտեսական դատարանին ներկայացրած դիմումի մեջ ««Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Վարդանյանը նշել է, որ այդ ակտը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին եւ կազմված է օրենքի մի շարք խախտումներով: Դիմումի մեջ ոչ մի տող չկա այն մասին, թե ակտում նշված փաստերը որքանով են ոչ հավաստի: Փոխարենը նշված է, թե ինչպես է բնապահպանության նախարարությունը խախտել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ:

Ձեռնարկության տնօրենը դիմումում խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության կազմած վերոգրյալ ակտը:

2005թ. փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական դատարանը ( նախագահող դատավոր' Նախշուն Տավարացյան ) վճռեց հաստատել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության միջեւ կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնագիրը ստորագրել են «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սանջայ Դալմիան եւ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը' ի դեմս Արթուր Համբարձումյանի:

Համաձայնության մեջ կան բազում անհեթեթ կետեր: Նախ' բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարում իր անցկացրած ստուգման արդյունքներով կազմված ակտի հիմնական' երկրորդ կետը' մետաղների մարված ծավալների վերաբերյալ: Համաձայնագրով որոշվել է մետաղների ծավալների չափի վերանայումն իրականացնել կողմերի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային կարգով: Համաձայնագրի 4-րդ կետը մեջբերենք ամբողջությամբ. «Կողմերից յուրաքանչյուրը, մետաղների մարված պաշարների ծավալների չափի վերանայումը իրականացնելու համար, սույն հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի վճիռը ուժի մեջ մտնելու պահից, կնշանակի 5-ական ներկայացուցիչ' օժտելով նրանց համապատասխան լիազորություններով: Հայցվոր կողմից իր խմբում կնշանակվի հեղինակություն վայելող գիտնական պարոն Ալոյանը, պատասխանողի կողմից կնշանակվի հեղինակություն վայելող գիտնական Շեխյանը»:

Առնվազն տարօրինակ է հաշտության համաձայնագրի մեջ ամրագրված կատեգորիան' «հեղինակություն վայելող գիտնականներ Շեխյան եւ Ալոյան»: Ովքե՞ր են այդ գիտնականները, ո՞ր գիտահետազոտական ինստիտուտում են աշխատում' որեւէ տեղ նշված չէ:

Իրականում կազմակերպություններում ստուգումներն իրականացվում են հենց համատեղ աշխատանքային կարգով, այսինքն' ակտում թաքցված մետաղի չափն արդեն պետք է որոշված լիներ կազմակերպության կողմից նախարարությանը ներկայացրած տվյալների հիման վրա։ Եթե ակտը սխալ է, ապա այն նախ բողոքարկվում է վերադասության կարգով՝ նախարարությանը, եւ հետո միայն դատարան։ Եթե նախարարությունը չի վերացրել իր կողմից սխալ կազմված ակտը՝ ստիպելով կազմակերպությանը դիմել դատարան, ապա ինչու՞ «սխալ» ակտը չի բողոքարկվում դատարանում դռնբաց դատական նիստի ընթացքում, որտեղ, արդեն որպես փորձագետներ, կարող են մասնակցել հեղինակավոր գիտնականներ։ Եթե ակտում թաքցված մետաղի քանակները սխալ են նշված, ապա ինչու՞ այդ մասին չի հիշատակվում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի' դատարան ներկայացրած հայցում։ Եթե վնաս է հասցվել պետությանը, ինչու՞ այդ դատական նիստին չի մասնակցում դատախազությունը՝ որպես պետության շահերը ներկայացնող կողմ։

Հաշտության համաձայնագրում հիշատակված հեղինակություն վայելող գիտնականներից մեկը' պարոն Ալոյանը, հեռախոսով մեզ հայտնեց, որ իրենց հանձնաժողովն աշխատել է, եւ թաքնված մետաղներ չեն հայտնաբերվել: Իսկ թե ինչու՞ չեն հայտնաբերել, սա այլ հարց է:

Մեր տվյալներով' վերջերս «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն որպես «փոխհատուցում» 500 000 հազար դոլար է փոխանցել պետբյուջե: Թե ինչքան է ստացել դատախազությունը, որտեղ քրեական գործ չի հարուցվել ներկայացված փաստերի առթիվ, միայն կարելի է ենթադրել, որովհետեւ չկա որեւէ մարմին, որը կարող է զբաղվել ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն բաժնի կոռուպցիայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter