Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դալարիկում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին որոշում է կայացվել



Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի կողմից Դալարիկ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին այսօր որոշում է ընդունվել: Ինչպես տեղեկացրին մարզպետարանից, մինչ այդ Դալարիկ համայնքի բնակչի կողմից համայնքապետի գործունեության վերաբերյալ բողոք-նամակ է հասցեագրվել վարչապետին: Նամակի առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից եղել է հանձնարարական՝ հարցը քննարկելու, դիմումատուին պատասխանելու և անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմիններին դիմելու վերաբերյալ: Մարզպետը ստացել է նախարարի համաձայնությունը, և պատրաստվում են համայնքապետարանում ստուգումներ իրականացնել: Դրանից առաջ մարզպետի մոտ նաև քննարկվել է հարցը:

Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ շատ անառողջ մթնոլորտ է Դալարիկում: Ասում է, որ բողոքներ է ստացել գյուղացիներից, այդ թվում՝ հողհատկացումների վերաբերյալ: Մարզպետի խոսքերով՝ բոլոր ուղղություններով ստուգումներ կլինեն, սկսած ավագանու որոշումներից:

Նշենք, որ 19 տարի համայնքը ղեկավարում է ՀՀԿ-ական Պարգև Սաղաթելյանը: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից:

Դալարիկի համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է մարզպետի որոշումից, սակայն չգիտի, թե քաղաքացիներն ինչ բողոքներ են ներկայացրել:

«Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, քննություն կգնա, ամեն ինչ կպարզվի»,- ասաց Պարգև Սաղաթելյանը:

«Հետք»-ն անդրադարձել էր Արմավիրի մարզում շարունակվող «հին ու բարի» ավանդույթներին, երբ ավագանու անդամները հօգուտ իրենց, ընտանիքի անդամների կամ մերձավորների որոշումներ էին կայացնում: 

Մասնավորապես, մարզի Դալարիկ համայնքում 2016թ. իրականացվել էր վարչական հսկողություն, այլ կերպ ասած՝ ստուգում, որի վերաբերյալ օգոստոսի 22-ին կազմվել է արձանագրություն: «Համայնքի ավագանու անդամի իր, ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» տողով ստուգող հանձնաժողովն այդպես էլ խախտում չի գտել, կատարելով՝ «Պահպանված է» նշագրումը:

Մինչդեռ հենց արձանագրության կազմման օրը՝ 2016թ. օգոստոսի 22-ին Դալարիկի ավագանին նիստ էր անցկացրել և որոշել է նյութական աջակցություն ցուցաբերել համայնքի անապահով բնակիչներին: Այդ ցանկում տեղ գտած 13 անուններից 5-ը ավագանու անդամների անուններն են: Նրանք ոչ միայն իրենք իրենց օգնություն են տվել, այլև մասնակցելով ավագանու նիստին` քվեարկել են հենց իրենց օգտին:

Օրինակ՝ Թենիկո Ալբուրովան, մասնակցելով նիստին, կողմ էր քվեարկել, որ իրեն համայնքային բյուջեից հատկացվի 55 000 դրամ, նույն կերպ վարվել են նաև ավագանու անդամներ Սուրեն Գրիգորյանը, Մարետա Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը և Ժորա Գևորգյան: Բոլորն էլ, որպես անապահով, ստացել են 55 000-ական դրամ օգնություն:

Գրել էինք, որ Արմավիրի մարզպետարանից գուցե արդարանան, որ իրենք ստուգումն ավարտել են ավելի վաղ և տեղյակ չեն եղել ավագանու այդ որոշման մասին: Բայց դա միակ որոշումը չի եղել, որ ավագանու անդամներն, իրենց շահով պայմանավորված, որոշումներ են կայացրել: Նույն թվականի հուլիսի 12-ի ավագանու նիստով 50 000 դրամի չափով սոցիալական օգնություն էր հատկացվել համայնքապետ Պարգև Սաղաթելյանի եղբոր աղջկան՝ Մերի Սաղաթելյանին: Փետրվարի 29-ին 60,000-ական դրամ օգնություն է հատկացվել ավագանու անդամներ Մարետա Պետրոսյանին, ավագանու անդամ Թենիկո Ալբուրովայի հորը՝ Նիկոլայ Ալբուրովային, ավագանու մեկ այլ անդամ Վարուժան Հակոբյանի կնոջը՝ Սաթենիկ Մկրտչյանին: Այս հարցի քննարկման ժամանակ նույնպես ավագանու անդամները մասնակցել են իրենց կամ մերձավորների օգտին կայացվող որոշման քվեարկությանը:

Գագիկ Միրիջանյանն այս օրերին շրջում է համայնքներում, տեղում ծանոթանում է բարձրացված հարցերին: Համայնքապետերի գործունեության մասին նորանշանակ մարզպետը կարծիք է ձևավորվում նաև այդ հանդիպումների ժամանակ:

«Եթե ես մտնում եմ մի գյուղ, տեսնում եմ, որ գյուղի փողոցները քանդված են, բայց համայնքապետը լավ մեքենայով է շրջում, արդեն սկսում եմ ֆիքսվել, ով ուզում է, թող նեղանա ինձնից: Դրա փոխարեն կարող էր մանկապարտեզ վերանորոգել և այլն»,- ասում է Արմավիրի մարզպետը:

Մարզպետից հետաքրքրվեցինք համայնքապետերի կրթական մակարդակի մասին, քանի որ մարզխորհրդի նիստերի ժամանակ շատ համայնքապետեր աչքի են ընկել իրենց անտեղյակությամբ, ոչ գրագետ խոսքով: Մարզպետն ասաց, որ հենց պաշտոնավարման առաջին օրը բախվել է այդ հարցին և պատրաստվում է այդ մասին բարձրաձայնել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:

«Համայնքի ղեկավարն ինձ նամակ էր գրել, էթիկայի նորմերից ելնելով` չեմ ասի անունը, կետադրական սխալներ հնարավոր է լինեն, բայց մեկ նամակի մեջ 15-16 ուղղագրական սխալ ուներ: Օրինակ՝ «օդ» բառը գրել էր թ-ով»,- ասաց մարզպետը:

Գ. Միրիջանյանն ասաց, որ սկզբունքորեն կողմ է օրենսդրությամբ համայնքապետի առաջ բարձրագույն կրթության պահանջ դնելուն, սակայն մարդու իրավունքների սահմանափակում կարող է դիտվել, քանի որ յուրաքանչյուր ոք ընտրության մասնակցելու իրավունք ունի:

«Միջնակարգ կրթությամբ համայնքապետ ունենք: Դրա համար էլ ունենք այս պատկերը: Կատաստրոֆիկ վիճակ է»,- ավելացրեց Գագիկ Միրիջանյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ