Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսից զրկել-չզրկելու որոշում կլինի դատարանի վճռից հետո



Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմից դեռ չեն հստակեցնում` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ապացուցման դեպքում Գրիգորյանը Արցախի բարձրագույն կոչումից կզրկվի, թե ոչ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու հիմքերով: Դատարանը բավարարել է Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանին հղված «Հետք»-ի գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ վերաբերմունք ունի Բակո Սահակյանն այդ երևույթի նկատմամբ, և արդյոք Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ապացուցվելու դեպքում նախագահ Սահակյանը վերջինիս զրկելու է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Արցախը բազմիցս պաշտոնապես անդրադարձել է Մանվել Գրիգորյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու հարցին: Արցախում ցնցվեցին Մանվել Գրիգորյանի գործով հրապարակված բոլոր հայտնի տեսանյութերից: Դա բարոյական և զգացմունքային մեծ հարված էր յուրաքանչյուր նորմալ մարդու և հայրենասեր քաղաքացու համար:

Մի կողմ թողնելով բարոյական և զգացմունքային խնդիրները՝ ինչպես դուք քաջատեղյակ եք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` ցանկացած մեղավորություն համարվում է ապացուցված միայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հետևաբար, ցանկացած ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրում միմիայն դատարանն է հանդիսանում այն ատյանը, որ կայացնում է վերջնական վճիռ: Դա նշանակում է, որ մինչ դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը, պետական որևէ ատյանի կողմից իրավական գնահատական տալը վաղաժամ է: Ուրեմն, պետք է սպասենք այդ վճռին: Համոզված ենք, որ դատավարությունը լինելու է բաց, թափանցիկ և արդար:

Նույնիսկ ծանր հանցագործություն կատարած և տեղում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ, որոնք մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, ինքնադատաստան չի իրականացվել: Նրանց մեղքն ապացուցվել է բաց և թափանցիկ դատավարության ժամանակ, որին ներկա էին բազմաթիվ լրագրողներ, իրավապաշտպաններ Արցախից, ՀՀ-ից և արտերկրից:

Ուզում եմ անդրադառնալ ևս մեկ հարցի: Պետք չէ անհիմն մեղադրանքներ և պահանջներ ներկայացնել պետությանը՝ այն թիրախ դարձնելով տարբեր շահարկումների համար: Եթե որևէ մեկը մտածում է, թե Արցախի Հանրապետությունը չի առաջնորդվելու օրենքի տառով և ոգով, ինչպես նաև ազգային պատվով և արժանապատվությամբ, նա չարաչար սխալվում է»,- ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ խորհրդարանը համաձայնություն էր տվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդություններին, սակայն մինչ առաջադրված մեղադրանքի ապացուցումը, Գրիգորյանը շարունակում է մնալ պատգամավոր:

«Արցախի հերոս» կոչումը բարձրագույն պետական կոչում է, հերոսի կոչման արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան:

«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ «Արցախի հերոս» կոչումը շնորհում և կոչումից զրկում է գերագույն գլխավոր հրամանատարը: Նման նախադեպ դեռևս չի եղել, երբ Արցախի հերոսի կոչմանն արժանացած անձը զրկվել է այդ կոչումից:

Արցախի Հանրապետությունն ունի 25 ազգային հերոս՝ Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան, Աշոտ Ղուլյան (Բեկոր), Մոնթե Մելքոնյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Քրիստափոր Իվանյան, Մանվել Գրիգորյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, Պետրոս Ղևոնդյան, Յուրի Պողոսյան, Մովսես Հակոբյան, Վիտալի Բալասանյան, Գեորգի Գասպարյան, Վահագն Վարդևանյան, Զորի Բալայան, Արշավիր Ղարամյան, Արկադի Ղուկասյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Շահեն Մեղրյան, Ռոբերտ Աբաջյան, Արթուր Աղաբեկյան, Ժաննա Գալստյան:

Գլխավոր լուսանկարը՝ ԵԿՄ տեսանյութից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Անդրեյ19:24 - 27 հունիսի, 2018
Արշավիր Ղարամյանի տվյալների մասով սխալ եք:Պետք է լինի նախկին Ասկերանի Պաշտպանական Շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար :
2. Սեդա13:04 - 29 հունիսի, 2018
շնորհակալություն, հարգելի Անդրեյ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ