Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կարեն Կարապետյանի կառավարությունն Արզնու անտառի 25հա տարածքը վարձակալության է տվել իր փեսայի հարազատներին


Արզնի անտառպետության տարածքում թփեր ու ծառեր են արմատախիլ արվել և այրվել։ Տեղում աշխատող մոտ 15 հոգանոց խումբն օրեր առաջ «Հետքին» հայտնել էր, թե իրենց գործողությունները ոչ թե ծառահատումներ են, այլ «մաքրման աշխատանքներ»։

Այդ «մաքրվող» տարածքը՝ մոտ 25հա, 60 տարի ժամկետով տրվել է վարձակալության՝ «Էկոագրո» ՍՊԸ-ին՝ պտղատու այգի ստեղծելու նպատակով։ Ընկերությունը տարեկան 536,000 դրամ (մոտ $1100) է վճարելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ վարձակալության դիմաց։ Այս պահին տարածքը ցանկապատված է, իսկ բուսականությունը` վերացված։

«Հետքը» հարցում էր ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել անտառային հողի շահագործման վերաբերյալ «Էկոագրո» ընկերության հետ կնքած պայմանագիրը։ «Հայանտառը» մերժել էր տրամադրել այն՝ նշելով, որ պայմանագիրը պարունակում է պետական, առևտրային կամ անձնական բնույթի գաղտնիք։ Ավելի ուշ, երբ «Հետքն» առաջարկեց տրամադրել պայմանագիրը՝ փակելով գաղտնիք պարունակող հատվածները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տրամադրեց այն։

Ովքեր են կանգնած «Էկոագրո»-ի հետևում

 

67 տոկոս

«Էկոագրո» ՍՊԸ-ի 67% բաժնետերը Գոռ Խաչատրյանն է, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խնամու՝ Արզուման Հարությունյանի կնոջ եղբայրն է։

33 տոկոս

Գյուղատնտեսության նախարարի՝ «Էկոագրո»-ին անտառային տարածքը տրամադրելու համաձայնությունից ընդամենը 3 օր առաջ ընկերության 33 տոկոս բաժնետեր է դարձել Տիգրան Հարությունյանը, ով Կարեն Կարապետյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի քրոջ ամուսինն է։ Հիշեցնենք Հայկ Հարությունյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ է եղել 2014-2018 թթ․։

Հայկ Հարությունյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է։ Վերջինս բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։

Տիգրան Հարությունյանը բաժնեմասեր ունի նաև «Գլոբալ Ռիըլ Իսթեյթ», «Գլոբալ Կոնսալտ» և «Ջեներալ ստանդարդ քընսալթինգ» ՍՊԸ-ներում։

«Էկոագրո» ՍՊԸ-ն աշխատակիցների համար հարկ չի վճարում

«Էկոագրո» ՍՊԸ-ն միայն երկու աշխատակցի համար է հարկ վճարում, այնինչ, երբ «Հետքն» այցելել էր ընկերության կողմից վարձակալած անտառային տարածք, այնտեղ աշխատում էին 10-15 հոգի։ Մեր տեսախցիկը ֆիքսել է առնվազն 7-ին։

Նույնիսկ եթե նշյալ աշխատակիցները «Էկոագրո»-ի համար աշխատել են ծառայությունների մատուցման պայմանագրով, ընկերությունը պետք է վճարեր նրանց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» հատկացվող պարտադիր 1000 դրամները։ 2017 և 2018թթ-ին «Էկոագրո»-ն միայն 2 հոգու համար է այն վճարել։

Անտառային տարածքը «Էկոագրո»-ին տրամադրվել է առանց մրցույթի

«Էկոագրո»-ին անտառային տարածքը տրամադրվել է՝ առանց մրցույթի։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավաբանության և մեթոդաբանության բաժնի պետ Կարինե Գրիգորյանը «Հետքին» հայտնեց, որ մրցույթ չեն հայտարարել՝ հիմնվելով կառավարության  2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման, որի երկրորդ դրույթը թույլատրում է  անտառներն օգտագործման տրամադրել անտառաշինական նախագծերի հիման վրա՝ մրցույթով կամ առանց մրցույթի։

«Քանի որ անտառայգի պետք է տնկեին իրենք, մենք, և ոչ միայն մենք, գյուղատնտեսության նախարարությունը նույնպես, ինձ թվում է՝ երկրում ցանկացած անձ, շահագրգռված է ծառ տնկելու հարցում։ Ավելին կարող եմ ասել, եթե ինքը ուզենար անտառ տնկել, անտառային օրենսգիրքը հնարավորություն է տալիս անհատույց տալ։ Քանի որ զուտ անտառ չէ, այլ անտառայգի, որը ներառում է նաև պտղատու ծառեր, և բավականին մեծ չափով ներդրում է արվելու, լիազոր մարմնի կողմից նպատակահարմար է համարվել առանց մրցույթի տրամադրել»,- պարզաբանում է Կարինե Գրիգորյանը։

60 տարով անտառային տարածքը շահագործելու ընթացքում «Էկոագրո» ՍՊԸ-ն, ըստ պայմանագրի, պետք է կատարի 100 մլն դրամի ներդրում։ 

«Հետքի» դիտարկմանը, որ հողային նշանակության բաժանումներում անտառայգի կատեգորիա չկա, հետևաբար արդյո՞ք անտառային նշանակության այդ հողը վերածվել է գյուղատնտեսական նշանակության, Գրիգորյանը պատասխանեց. «Դա բավականին հին կատեգորիա է, որը գրականության մեջ կա, ուղղակի մեր օրենսդրության մեջ ներառված չէ՝ որպես այդպիսին։ Այդ հողի կատեգորիան չի փոխվել, կատեգորիան մնացել է անտառային, միանշանակ։ Այդտեղ ընդամենը հողատեսքի հետ կապված փոփոխություն կառաջանա, բայց քանի որ Հրազդանի անտառտնտեսությունն անտառային կառավարման պլան չունի մշակած, ժամկետն անց պլան է, այդ պատճառով հողատեսքի առումով չկա հաստատված պարտադիր կատարման տեխնիկական փաստաթուղթ»,- պարզաբանեց «Հայանտառի» իրավաբանը։

Ըստ «Էկոագրո»-ի և «Հայանտառի» միջև կնքված պայմանագրի՝ վարձակալող ընկերությունը պարտավոր է նշյալ անտառային հողն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան, հակառակ դեպքում՝ վարձատուն կարող է պահանջել լուծել պայմանագիրը և հատուցել վնասները։

 Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

 

Ինչպես են հաշվել «Էկոագրո»-ին տրամադրված հողի վարձակալության կադաստրային արժեքը

Ինչպես նշել էինք, 25հա անտառային հողը վարձակալող ընկերությանը տրամադրվել էր տարեկան 536 000 դրամով։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տվյալ անտառային հողատարածքի մեկ քառակուսի մետրի դիմաց վարձը հաշվարկել է 21 դրամով։ Այդ գինն, ըստ «Հայանտառի», սահմանվել է՝ հիմք ընդունելով գյուղատնտեսության նախարարության գրությունը։

«Հետքի» հարցմանը, թե ո՞ր իրավական ակտի հիման վրա է հիմնված վարձակալության գնի հաշվարկը, Գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ հիմնվել են կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման՝ ըստ որի անտառային տարածքը համարվել է գյուղատնտեսական նշանակության անջրդի հող, որի 1 հեկտարը գնահատված է 22,500 դրամ։  

Պայմանագրով նախատեսված կարգով՝ «Հայանտառն» իրավունք ունի ոչ ավել, քան տարին մեկ անգամ վերանայել վարձավճարի չափը, սակայն այն պետք է տեղի ունենա միայն հողի հարկի փոփոխության համամասնությանը համապատասխան։

«Վարձավճարի չափը ներառում է հողի հարկը և ավելացված արժեքի հարկը։ Կա վարելահողերի համար սահմանված գին։ Պատրաստի այգի տալու դեպքում, գինն ավելի բարձր է, բայց այս դեպքում այգի չենք տվել, և որևէ փաստաթղթով անտառային հողի վարձակալության կադաստրային արժեքը հաշվելու սահմանված ձև չունեինք, դրա համար վերցրինք այդ մարզի վարելահողերի համար սահմանված գնի միջինը»,- տեղեկացրեց Կարինե Գրիգորյանը։

 «Էկոագրո»-ն փոփոխության է ենթարկում տարածքը՝ առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության

«Հայանտառի» իրավաբան Կարինե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Էկոագրո»-ի նախագիծը դեռևս չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության․ «Դրական եզրակացության դեպքում՝ արդեն կսկսի կատարել աշխատանքները»,- ասաց Գրիգորյանը։ «Հետքի» դիտարկմանը, թե առանց եզրակացությունը ստանալու ինչպես է ընկերությունը անտառային տարածքի ծառերն ու թփերն ամբողջովին արմատախիլ արել ու այրել, Գրիգորյանը պատասխանեց․

«Ինքը դեռ մաքրման աշխատանքներն է անում։ Ճիշտն ասած՝ ես դեռ չգիտեմ նախագիծը որ փուլում է գտնվում… տեղազննում արել են, հանձման-ընդունման գործընթաց է գնացել։ Հստակ երևում է՝ ինչ տարածք են հանձնել իրեն։ Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել, մի քիչ երկար տևող պրոցես է, ընթացքում կճշտենք, տեղյակ կպահենք»,- ասաց Գրիգորյանը։

Անտառն այս տեսքն ուներ 2016թ-ի մայիսին

 

Ինչի է վերածվելու տարածքը՝ ըստ «Հայանտառի»

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի պատասխանատու Լուսինե Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Էկոագրո»-ն նախատեսում է վարձակալած տարածքում տնկել ընկուզենիներ, սալորենիներ, խնձորենիներ և այլ պտղատու ծառեր։

Պտղատու ծառերից ստացված ամբողջ հասույթը տիրապետելու է «Էկոագրոն»։

Ըստ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ 2017թ-ին Կոտայքի մարզում պետական նշանակության հողերից 104.9հա անտառային և 49.5հա թփուտային տարածք տրվել է անհատույց օգտագործման։ Բացի այդ, մարզի 30.4հա անտառային տարածք էլ տրվել է վարձակալության։  

Կոտայքի մարզի անտառային հողերն ակտիվորեն հանձնվում են շահագործման, բայց անտառային կառավարման պլան մարզը չունի։ «Հայանտառն» այդ փաստը բացատրում է մարզի՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։    

Առաջին լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Կարդացեք նաև՝ 

Արզնու անտառը շահագործողի պարզաբանումը՝ «Հետքի» հրապարակման վերաբերյալ


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. AB20:28 - 27 հունիսի, 2018
There is something wrong with your calculations. 1 hectare = 2.5 acres. 25 hectare = 63 acres. 1 hectare = 10,000 sq. m. 25 hectare = 250,000 sq. m Therefore, 536,000 dram/250,000 sq. m = 2.1 dram/sq. m of annual rent.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։