HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վտանգված եզակի մշակութային կառույց՝ Երերույքի տաճար

Հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռու, Ախուրյանի կիրճի ձախ ափին, Շիրակի մարզի Անիպեմզա ավանի տարածքում է գտնվում 4-7-րդ դարերի կառույց համարվող Երերույքի տաճարը՝ կառուցված բաց նարնջագույն տուֆով: Տաճարը կիսավեր է: Անվան առաջացման հետ կապված մի քանի բացատրություն է շրջանառվում: Ըստ ժողովրդական ստուգաբանության, անվանումն առաջացել է տաճարի հսկայական սյուների (ունեցել է 6 սյուն) միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետեւանքով, որի շնորհիվ հեռվից նայողին թվացել է, թե շինությունը երերում է: Մյուս բացատրության համաձայն անունն առաջացել է հեթանոսության շրջանում մատաղ անելու սովորությունից, երբ զոհաբերել են երե՝ որսի խոտակեր կենդանի: Նաեւ կա կարծիք, որ հնարավոր է տաճարն անունը ստացել է պատմական Շիրակ գավառի գյուղերից մեկի՝ Երերուաց գյուղի անունից:

Երերույքն իր տեսակի մեջ Հայաստանի տարածքում պահպանված եզակի կառույց է: Ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր ուսումնասիրություններում Երերույքը համեմատել է Տեկորի տաճարի հետ՝ կառուցված 5-6-րդ դարում, արեւմտյան Հայաստանի Շիրակ գավառի համանուն գյուղում՝ ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգի Դիգոր քաղաքում`Անիից 20 կմ հեռու: Տեկորի սուրբ Երրորդության վանքի եկեղեցին կառուցել է Սահակ Կամսարականը: Տեկորը, ինչպես եւ Երերույքը, բարձրանում է աստիճաններից կազմված հիմնահարթակի վրա:

Տեկորի սուրբ Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի 6-17-րդ դարերի բազմաթիվ եկեղեցիների համար, իսկ 9-11-րդ դարերում անցել է Բյուզանդիա ու լայն տարածում ստացել ուղղափառ(օրթոդոքս) երկրներում: 1911թ-ին փլվել է եկեղեցու գմբեթը: 1920-ականներին Տեկորի տաճարը ավիրել են բնակիչները՝ քարերն  օգտագործելով շինարարության մեջ: Ներկայում վանքն ամբողջությամբ ավիրված է: Տեկորի տաճարից կան պահպանված լուսանկարներ, որոնցից մեկը՝ թվագրված 1840թ., կառույցի ամբողջական տեսքի պատկերացումն է տալիս: Արդեն 1900-ականներին արված լուսանկարներում պարզ երեւում են վանդալիզմի ու ավիրման հետքերը:

Եթե Տեկորի տաճարի ավիրումը հարեւան Թուրքիայում գտնվելու հանգամանքով են պայմանավորում, ապա հայկական տարածքում գտնվող Երերույքի տաճարի ներկայիս վիճակի համար էլ կարելի է ասել, որ մարդկային գործոնը վերջին տեղը չի զբաղեցրել: Ճարտարապետ Թորոս Թորամանյանի գրառումներում՝ արված 1900-ականների սկզբներին, Երերույքի տաճարին վերաբերող բավական մանրամասն նկարագիր կա, որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

«Տարակույս չկա, որ եթե բարբարոս ձեռքեր քմահաճ կերպով այս շենքից քարեր չպոկեին, օգտվելով քարերի անհամեմատ խոշորությունից և սրբատաշ վիճակից իրենց բնակարաններ, գոմեր և մարագներ շինելու համար, այս շենքը մինչև այժմ էլ կանգուն պիտի մնար դեռ երեկ շինվածի նման, ինչպես երևում են այդ նորակառույց վիճակը շենքի պատերի ձեռք չտված մասերի վրա։ Ինչպես երևում է, շենքը կանգնված էր ընդարձակ բնական ժայռուտ տեղի վրա և տեղի անկանոնությունները ուղղված և հարթ մակարդակի վերածված է աստիճանավոր պատվանդանով։ Այդ պատվանդանի գեղակերտ աստիճանները, որոնք մեծամեծ քարերով շինված էին, այժմ մի ողբալի տեսարան են ներկայացնում, մեծ մասամբ քարերը տեղից հանված և տարված, իսկ մնացածները ևս գրեթե ամբողջովին կոտրված ու փշրված վիճակի մեջ են։ Սյունազարդ սրահներն իրենց ծածկույթով միասին քանդված են. մնացել են տեղին վրա իբր նրանց գոյության ապացույց հաստահեղույս կլոր սյուների բեկորները և այլանդակված խարիսխներ ու խոյակներ՝ 5-րդ դարու և նրանից առաջ սովորական եղող ինքնուրույն քանդակներով։ Նույնիսկ պատերի վրա եղող սրահների քառակուսի որմասյուները ազատ չեն մնացել ավերող ձեռքերի չարագործությունից. խարիսխները այլանդակված, քանդակազարդ խոյակները թափված ու անհայտացած են»։

21-րդ դարում տաճար այցելողները հնագույն շինության պատերին կհայտնաբերեն նաեւ նորօրյա վանդալների թողած հետքերը: Սեփական անձը կարեւորող որոշները փորձել են անգամ «մանրանկարչությամբ» զբաղվել՝ փորագրելով իրենց անունները գրեթե 17 դար կանգուն մնացած եզակի կառույցի պատերին: Մեկ այլ երեույթ, որ նույնպես բնորոշ է քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգին, դա սրբատեղի համարվող ամեն մի վայրում կատարվող մոմավառությունն է՝ մոմերը շինության պատերին կպցնելու միջոցով: Նման հինավուրց կառույցների դեպքում սա անթույլատրելի է ու մշտապես կրկնվելու դեպքում բերելու է անդառնալի կորուստների:

Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որ իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության հիմքերը: Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձեւ հիմքի վրա: Տաճարը գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան: Դրանք, ինչպես նաեւ դրանց կապը տաճարի հետ, մասնագետները համարում են առեղծվածային: Երերույքի տաճարի մասին շատ աղքատիկ տեղեկություններ կան: Այս շինության մասին ժամանակաշրջանի պատմիչների աշխատություններում հիշատակում չկա: Ամեն դեպքում մեզ հասած ձեռագիր մատյաններում Երերույքի մասին տեղեկություններ ներառված չեն:

Երերույքի տաճարի տարածքում, 1900-ականներին  ուսումնասիրություններ են կատարել Թորոս Թորամանյանն ու Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախումբը: Նորօրյա պեղումներ այստեղ կատարվել են 2010-2011թթ-ին Շիրակի երկրագիտական թանգարանի եւ Ֆրանսիայից Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի> մասնագետների կողմից: Եվս մեկ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Ֆրանիսայի Էքս-Մարսել ինստիտուտի հայագիտության համատեղ արշավախումբը 2015թ-ին պեղումներ է կատարել տաճարի տարածքում: Սակայն այս բոլոր պեղումներն ու կատարված ուսումնասիրությունները դեռեւս լիարժեք չեն պատասխանել տաճարին վերաբերող բոլոր հարցադրումներին:

Եկեղեցի, թե՞ տաճար, որ տարբերակն է նախընտրելի Երերույքի մասին խոսելիս: Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի հրահանգով վանքերն ու եկեղեցիները կառուցվել են կործանված մեհյանների հիմքերի վրա: Երերույքի պարագայում, ամենայն հավանականության, ձեւափոխման ճանապարհով են գնացել: Հնագիտական արշավախմբերի ուսումնասիրությունները փաստում են, որ Երերույքը ժամանակին եղել է հեթանոսական տաճար եւ հետագայում է վերածվել քրիստոնեական եկեղեցու՝ կառույցի ճարտարապետության մեջ հեթանոսական տարրերը պահպանված են: Տաճարի մուտքերից մեկի վերեւի հատվածում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բագրատունյաց Հովհաննես-Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել վերանորոգման նպատակով: Որպես ճարտարապետական արժեք, հետազոտողները նշում են տաճարի պատերին առկա 3 կլորավուն պատկերները՝ կենտրոնական հատվածում խաչի տեսքով: Այդպիսի պատկերների կարելի է հանդիպել նաեւ դռների վրա: Տաճարի ամենապահպանված հատվածը հյուսիսային պատն է: Հարավային ճակատը, որ թերեւս ամենատպավորիչն է իր ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներով՝ անմխիթար վիճակում է:

Տաճարի վերաբերյալ Թորոս Թորամանյանի նկարագրության մեջ հանդիպում ենք հետեւյալ դիտարկմանը.«Հարավային ճակատը, որ բոլոր կողմերի համեմատությամբ, ամենից գերազանց գեղարվեստականն էր իր վսեմ պարզությամբ, ամբողջ երկարության վրա, քանդված են քարերը, թե՛ ներսից և թե՛ դրսից, մինչև այնքան բարձրության վրա, ուր մարդկային ձեռքերը կարող էին հասնել, ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներ հազիվ կանգնած են մաշված ու թուլացած ոտների վրա։ Արևմտյան կողմը, որ նույնպես ունեցեր է դուրս ցցված թևեր, որոնց մեջ չափավոր մեծությամբ սենյակներ էին, այս հարավային կողմինը միանգամայն կործանվել է, թողելով կանգուն արևմտյան կողմի վրա մի պատի կտոր միայն, իսկ մեջը փոխվեր է սրբատաշ քարերի մի ողբալի կույտի։ Այս կողմի վրա ևս շատ մասերի մեջ պատերի արտաքին երեսների քարերի արանքում եղած լիցքերը քանդած են և միայն ճարպկորեն շարված և միմյանց ագուցված քարի շնորհիվ էին, որ կանգուն կմնան պատերը մինչև այսօր։

Արևելյան կողմի խորանը քանդված է թե՛ ներսից և թեդրսից և քարերը տարված, իսկ հարավ արևելյան դուրս ցցված թևի անկյունը նմանապես դիտավորյալ կերպով քարերը հանված են ներսից և դրսից։ Ներքևի երեք կարգ քարերի հանված լինելու պատճառով վերևի շարքերի մեծամեծ քարերի ճնշումից շենքը ճաքել է երկու տեղից: Նույն վիճակին է մատնված հարավային այս դուրս ցցված մասի արևմտահարավային անկյունը ոչ միայն հանել են սրբատաշ մեծամեծ քարերը, այլև քանդել են պատին միջի լիցքը, խոր խոռոչներ ձևացնելով, որով միանգամայն թուլացել է պատերի տարողության ուժը»:

Երերույքի տաճարի տարածքում կատարած պեղումների արդյունքում պարզվել է, որ հարեւանությամբ եղել է գյուղաքաղաք: Հայտնաբերվել են վաղ քրիստոնեական դամբարաններ ու քարանձավներ: 2011թ-ի պեղումների ժամանակ նկատվել են վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երեւույթ: Ըստ Վիքիպեդիայում Երերույքի մասին առկա տեղեկատվության, դա ընդարձակ մի դամբարանադաշտ է եղել, որտեղ 7-8 պատվանդան է հայտնաբերվել: Դրանք քառակուսի են, որոնց վրա եղել են հավանաբար բարձր հուարձաններ՝ սյան կամ կոթողի տեսքով: Դեռեւս հայտնի չէ, թե դրանք ինչի համար են կանգնեցվել, եղել են դրանք մահարձանային, թե՞ խորհրդանշական հուշարձաններ: Հայտնի չէ նաեւ դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական եւ գործառութային կապը:

Պեղումների ժամանակ տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ կատարված 11-րդ դարում: Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրիկ Տոնապետյանը 2011թ-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ ունի տաճարի բնույթի հետ: Քանի որ այն նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որ Հիսուսի մկրտիչն է եղել, ապա մարդկանց պատկերացումներում նա թույլատրել է թաղել այստեղ դեռեւս չմկրտված մանուկներին: Նորածինների այդպիսի մեծաքանակ գերեզմանների հայտնաբերումը ենթադրել է տալիս, որ հավանաբար եղել է համաճարակ, որոշ ուսումնասիրություններ թույլ են տալիս խոսելու բռնության կամ սովին զոհ դարձած մանուկների մասին:

Երերույքի տաճարի շրջակայքում սփռված բազմաթիվ քանդակազարդ քարերն ու սյուների մնացորդները խոսում են վաղ քրիստոնեական շրջանի մասին: Միջնադարին եւ ուշ միջնադարին վերաբերող հետքեր շատ քիչ կան: Ըստ ուսումնասիրությունների, Երերույքի տաճարը զարգացել է վաղ քրիստոնեական եւ նախաարաբական շրջանում, բավական ակտիվ շրջան է եղել 10-11-րդ դարերում՝ Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում, նաեւ ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն առավել նվազ աշխուժությամբ:

Երերույքի տաճարի վերականգնման, ամրացման աշխատանքներ կատարվել են 1928թ-ին, խորհրդային շրջանում՝ 1965թ-ին կատարված աշխատանքները մնացել են թերի: Երերույքի տաճարն ու Անիպեմզա գյուղը Եվրոպա Նոստրա միջազգային կազմակերպությունն ընդգրկել է «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում, սակայն տաճարի համար թերեւս փրկության օղակ կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը: Երերույքի տաճարը տեսնելու համար պետք է անցնել Գյումրի-Անիպեմզա 50 կմ ճանապարհը: Երեւանից եկող զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը: Չլինելով ակտիվ զբոսաշրջային գոտի եւ այցելությունների քանակով էլ զիջելով այլ վանքային համալիրների, Երերույքի տաճարը թերեւս շահել է մեկ բանում՝ տարածքը մաքուր է, չկան տեղադրված մնացած սրբատեղիներին բնորոշ քեֆ ուրախությունների տաղավարներ, զերծ է շրջակայքը աղբի կուտակումներից:

Այստեղ արեւը այրող է, տարածքը ջրազուրկ եւ չկան պատսպարվելու համար ծառապատ հատվածներ: Երերույքի տաճարի ողջ գեղեցկությունը հնարավոր է վայելել մայրամուտին մոտ, երբ մարող արեւի ճառագայթներով ողողված կառույցի նարնջագույն քարերը գրեթե բոսորագույն են դառնում՝ մրցելով հսկայական աստիճանները ճեղքած անհամար կակաչների անձեռակերտ գորգի հետ:

Մեկնաբանություններ (2)

Սիլվա Հակոբյան
Կարող եմ փաստել, նախկին ամուսինս մասնակցել է Երերույքի ամրացման աշխատանքներին , թիվը մոտավոր եմ հիշում 2000-2007 ընկած ժամանակահատվածում, հատկապես թաղերի ամրացման գործընթացին, որի մասին չեք նշած։։։։
համազասպ
Չիկարելի Երերույքի տաճարը դիտարկել առանձին, առանց բնակավայրի: Տաճարի հիմնադրման ժամանակաշրջանի բացահայտման բանալին գտնվում է բնակավայրում: Պետք է հիշեցնեմ, որ այս տիպի բազմաթիվ կառույցներ կան Սիրիայի տարածքում: Ինչ մնում է հեթանոսական տաճար լինելու հանգամանքին, ապա միայն ստիլոբատի գոյությունը ոչինչ չի ապացուցում, մենք ունենք նաեւ զարգացած միջնադարի բազմաթիվ ստիլոբատով եկեղեցիներ: Համենայն դեպս եկեղեցու շրջակայքի պեղված հատվածներից նախաքրիստոնեական ժամանակաշրջանների նյութեր հայտնի չեն: Ինչ վերաբերում է թաղումներին, դրանց թվագրումը կատարվել է ռադիոածխածնային մեթոդով եւ միջինը 200 տարի տատանումը անիմաստ է դարձնում գոծընթացը: Երերույքը իրոք եզակի հուշարձան է ողջ հարավային Կովկասում եվ մինչեւ վերականգնման գործընթաց սկսելը անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք: Տաճարին զուգահեռ պետք շարունակել բնակավայրի ուսումնասիրությունը եւ կոնսերվացումը: Այն եվս եզակի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter