HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նազիկ Ամիրյանը ներկայացել է ՀՔԾ․ նա ձերբակալված է

Քիչ առաջ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Ամիրյանը իր կամքով ներկայացել է ՀՔԾ։

Ն. Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 25-ին հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Ամիրյանին հայտնաբերելու և իրավապահ մարմիններին հանձնելու համար ՀՔԾ-ն դիմել էր ոստիկանություն, վերջինս որոնողական աշխատանքներ էր սկսել։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք պահածոները բեռնել են Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ն հայտնաբերել է «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձան: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ. նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանը դրանք հափշտակել է, տեղափոխել իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter