HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանությունը մեզ ոչինչ չի կարող անել»․ Varkov.am-ի տնօրենն ու աշխատակիցը քաշքշել են հաճախորդներին (ձայնագրություն)

Անի Հովհաննիսյան

Ձայնագրությունը, թե ինչպես են Varkov.am-ի գրասենյակում քաշքշում հաճախորդներին

«Հետքը» 7 օր առաջ հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է  Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերությունը խաբում քաղաքացիներին։ Հրապարակումից հետո խմբագրությունն այդ ընկերությունից տուժածներից բազմաթիվ զանգեր եւ նամակներ ստացավ։ Ավելին՝ նրանցից մի քանիսը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում տվեցին։

Հունիսի 22-ին ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ստացել գործը։ Վերջինս պատասխանեց, որ հաղորդում կա, նյութեր են նախապատրաստվում։ Ջանոյանը խնդրեց հորդորել Varkov.am-ից տուժածներին՝ դիմել ոստիկանություն։

Էդգար Ջանոյանի հետ զրույցի ընթացքում հայտնեցինք, որ Varkov.am-ի տուժածները վախենում են գնալ նրանց գրասենյակ, քանի որ ընկերության աշխատակիցներն ագրեսիվ և անկանխատեսելի վարք են դրսևորում։ Էդգար Ջանոյանը պատասխանեց. «Այս պահին ես միայն կարող եմ ասել, որ նյութեր են նախապատրաստվում»։

Varkov.am-ի տնօրենն ու աշխատակիցները քաշքշել են իրենց գումարը պահանջող հաճախորդներին

Գոհար Գրիգորյանը Varkov.am-ի գործարքից տուժածներից է։ Նրան ընկերությունը մինչև հունիսի 13-ը պետք է տրամադրեր 1 մլն 62 հազար դրամ, ինչը, սակայն, չի արել։ Հունիսի 22-ին, երբ Գրիգորյանը հերթական անգամ գնացել է Varkov.am-ի գրասենյակ՝ գումարի պահանջով, ընկերության աշխատակից Նաիրա Կարապետյանը նրան գրավոր պարտավորագիր է տվել, որ մինչև հունիսի 26-ը՝ ժամը 19։00-ն, կվճարի պայմանագրով նախատեսված գումարը։

Այսօր Գոհար Գրիգորյանն իր ամուսնու և բարեկամի ուղեկցությամբ կրկին ներկայացել է Varkov.am-ի գրասենյակ՝ գումարը ստանալու։ Ըստ Գրիգորյանի՝ գրասենյակում հավաքված են եղել գումար պահանջող տասնյակ անձիք, ովքեր որոշել են միասնաբար մտնել տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի աշխատասենյակ և ներկայացնել իրենց պահանջները։

Մտնելուն պես՝ Ռուբեն Հովհաննիսյանն ու նրա երկու աշխատակիցները բոլոր կանանց դուրս են հրավիրել սենյակից, ներսում պահել են միայն Գոհար Գրիգորյանի ամուսնուն և նրա ընկերոջը, հրել և քաշքշել են նրանց։ Հետո նրանք գրասենյակից դուրս են հրավիրել տղամարդ հաճախորդներին՝ «ռազբորկի»։

Varkov.am-ի աշխատակից Նաիրա Կարապետյանը հերթական հանդիպման ժամանակ Գոհար Գրիգորյանին ասել է. «Ոչ ոստիկանությունը կարա իրա [Ռուբեն Հովհաննիսյանի] վրա, ոչ էլ դատարանը»։

Հուսանք՝ ոստիկանությունը կպարզի, թե ինչու է Varkov.am-ը վստահ, որ «իրենց ոչինչ չեն կարող անել»։ Իսկապես տարօրինակ է, որ իմանալով ոստիկանությունում իր ընկերության գործունեության վերաբերյալ նախապատրաստվող նյութերի մասին,  Ռուբեն Հովհաննիսյանը շարունակում է ոչ միայն խաբել, այլև գոռալ և քաշքշել տուժած քաղաքացիներին։

Ինչո՞ւ են բանկերը համաձայնում պայմանագիր ստորագրել մեկի հետ, բայց ապրանքը տրամադրել մեկ ուրիշին

Ինչպես Գոհար Գրիգորյանը, այնպես էլ «Հետքին» դիմած մի շարք քաղաքացիներ պնդում են, որ կենցաղային տեխնիկայի և շինանյութի խանութներում գտնվող բանկերի ներկայացուցիչները ճանաչում են Varkov.am-ի աշխատակիցներին։ Ավելին, հաճախորդները պատմում էին, որ բանկի և Varkov.am-ի ներկայացուցիչները, հաճախ հաճախորդից որոշ հեռավորություն պահպանելով, «քչփչում են իրար ականջի»։

Նշենք, որ Varkov.am-ը միջնորդում է քաղաքացիներին բանկի հետ ապառիկի պայմանագիր ձևակերպել, սակայն այդ պայմանագրում որևէ տեղ չի նշվում միջնորդի կամ երաշխավորի մասին։

Կարդացեք նաև՝

Վարկային «միջնորդ» հանդիսացող ընկերությունը խաբում է քաղաքացիներին (գաղտնի նկարահանում)

Ոստիկանությունը հորդորում է Varkov.am-ից տուժածներին դիմել իրենց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter