HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Արզնու անտառը շահագործողի պարզաբանումը՝ «Հետքի» հրապարակման վերաբերյալ

Այսօր «Հետքի» խմբագրություն էր եկել Արզնու անտառային տարածքը շահագործող «Էկոագրո» ՍՊԸ-ի բաժնետեր Տիգրան Հարությունյանը, ով ցանկացավ երեկ «Հետքի» հրապարակած հոդվածի վերաբերյալ 4 կետից բաղկացած պարզաբանում անել։

1․ Արմատախիլ արված ու այրված ծառերը չոր էին, իսկ կանաչները պահպանվել են

Տիգրան Հարությունյանը նշեց, որ այգու համար մաքրման աշխատանքներ տանելիս՝ որևէ կանաչ ծառ արմատախիլ չեն արել։ Հանված ծառերն արդեն եղել են չորացած, իսկ այն ծառերը, որոնք կանաչ են եղել, պահպանվել են։

Նշված ծառերն իրականում չորացել են անտառային այդ տարածքում նախկինում բռնկված մի քանի հրդեհների արդյունքում, որոնց պատասխանատուներն այդպես էլ չեն գտնվել։ Տիգրան Հարությունյանը նույնպես տեղյակ չէ, թե ինչպես են այրվել ծառերը։

Լուսանկարը տրամադրել է Տիգրան Հարությունյանը

Ըստ Հարությունյանի՝ վարձակալվել է 26 հա տարածք, որից շահագործվում է 18-ը, քանի որ 8 հա տարածքում կանաչ ծառեր են եղել, որոնց ձեռք չեն տվել։ Ըստ պտղատու այգու կառուցապատման նախագծի՝ ճամփեզրի և այգու ստորին հատվածի ծառերը պահպանվել են, իսկ գյուղատնտեսական աշխատանքները տարվել են մեջտեղի հատվածում։

Հարությունյանը նաև պարզաբանում է, որ «Հետքի» կողմից տեղադրված անտառի՝ 2016թ-ի մայիս ամսվա արբանյակային լուսանկարում տարածքն ավելի կանաչապատ է, քան այն եղել է, երբ իրենք վարձակալել են։ 

Ստորև ներկայացնում ենք արբանյակային լուսանկարներ, թե ինչ տեսք է ունեցել տարածքը վերջին մի քանի տարիներին։ Սլաքների օգնությամբ կարող եք թերթել և ծանոթանալ տարբեր տարիներին՝ արբանյակից արված լուսանկարներին։

 

2․ Աշխատակիցների համար «Էկոագրոն» պատրաստվում է հարկերը վճարել հուլիսին

«Էկոագրոյի» բաժնետերը հայտնեց, որ աշխատակիցների համար պատրաստվում են հարկերը վճարել հուլիսին։ «Մայիս ամսին 2 օր են աշխատել և այդ երկու օրերի համար վճարվող հարկը մտցվել է հունիսի ընդունման ակտերի մեջ և հուլիս ամսին կվճարվի 800,000 – 1,000,000 դրամի հարկ»,- ասաց Տիգրան Հարությունյանը։ «Էկոագրոն» ունի 18 աշխատակից, որից 3-ը՝ աշխատանքային, իսկ 15-ը՝ քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագրով։   

 

3․ Նախագիծը դեռ չի հաստատվել, քանի որ սպասում են կաթիլային ոռոգման համակարգի նախագծի պատրաստ լինելուն

«Հետքը» գրել էր, որ «Էկոագրո»-ն փոփոխության է ենթարկում տարածքը՝ առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության։ Տիգրան Հարությունյանը բացատրում է, որ նախագիծը դեռ փորձաքննության չեն ներկայացրել, քանի որ այս պահին պատրաստում են կաթիլային ոռոգման համակարգի նախագիծը։ Այն պատրաստ լինելուն պես՝ կդիմեն բնապահպանական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար։ 

4․ «Հոդվածում ներկայացված անձինք իմ բարեկամներն են, բայց կապ չունեն այս պրոյեկտի հետ»,- Տիգրան Հարությունյան

Ինչպես ներկայացրել էինք հոդվածում, «Էկոագրոյի» 33 տոկոսի բաժնետերը Տիգրան Հարությունյանն է, իսկ 67 տոկոսի բաժնետերը՝ Գոռ Խաչատրյանը։ Նրանք երկուսն էլ ազգակցական կապ ունեն Կարեն Կարապետյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի հետ։

Տիգրան Հարությունյանը նշում է, որ պտղատու այգի հիմնելու նախաձեռնությունն իրենն է, ներդրումն անում է վարկային միջոցներով։ Նա պնդում է, որ ոչ նախկին վարչապետը և ոչ էլ Հայկ Հարությունյանն այս ծրագրի հետ կապ չունեն։ «Դուք ճիշտ եք գրել, նրանք իմ բարեկամներն են, բայց այս ծրագիրն իրականացնում եմ ես՝ իմ վարկային միջոցներով»,- ասում է Հարությունյանը։

Ըստ Տիգրան Հարությունյանի՝ պտղատու այգում կտնկվեն թվով մոտ 3500 ծառ, որից 1700-ը՝ ընկուզենի, իսկ մնացածը՝ սալորենի, ծիրանենի և այլն։ Այգին բերք կտա 8 տարի անց, որը հիմնականում կիրացվի Ռուսաստանում։ Հարությունյանը պնդում է, որ անտառի տարածքը սեփականաշնորհելու կամ կառուցապատելու որևէ պլան չունի։ 

Կարդացեք նաև՝ 

Կարեն Կարապետյանի կառավարությունն Արզնու անտառի 25հա տարածքը վարձակալության է տվել իր փեսայի հարազատներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter