Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը Դսեղի բյուջեից 40-100 հազար դրամ սոցօգնություններ է բաժանում. ավագանին միաձայն հաստատում է որոշումները
Տղայի վիրահատությանը աջակցելու համար Վարուժան Չատինյանին Դսեղի ավագանու 2018թ.-ի մարտի 26-ի N 07-Ա որոշմամբ հատկացվել է 50 հազար դրամ: «Մեծ տղաս 12-րդ դասարանում է սովորում, դպրոցում վեր ընկավ, ծնոտը 3 տեղից կոտրեց: Դա մի 2 ամիս առաջ էր: Գյուղապետի տված 50 հազար դրամ օգնության 10 հազար դրամը հետ տվեցինք` որպես մեր հողի հարկ, 40 հազար դրամը օգտագործեցինք տղայիս բուժման համար»,- հայտնեց Վարուժան Չատինյանի կինը՝ Թերմինե Վարդանյանը:
Թերմինեին հարցրի նաև ավագանու 2017թ.-ի մարտի 13-ի 07 որոշմամբ ամուսնուն 90 հազար դրամ հատկացված օգնության մասին:
Թերմինե Վարդանյան
«Մեզ 2017թ.-ին գյուղապետարանից օգնության փող չեն տվել: Եթե 2017թ.-ին մեզ փող տված լինեին, տան կինն եմ, ոնց չեմ հիշի»,- ասաց Թերմինեն: Կարո՞ղ է դուք տեղյակ չեք, 90 հազար դրամը ձեր ամուսինն է ստացել»,- հարցրի: «Ամուսինս, եթե ստանար, ես տեղյակ կլինեի: Չէ, 2017թ.-ին մենք էտենց գումար չենք ստացել: Տես, ասացի տղայիս կոտրվածքի համար մեր գյուղապետը 50 հազար դրամ է տվել»: Գառնիկ Հովսեփյանի ասելով՝ 2017թ.-ին սոցիալական օգնության նպատակով փաստացի ծախսվել է 1,7 մլն դրամ: «Վայ, երեխանցս արև: Երեք տղա ունեմ: Մենք 90 հազար դրամ օգնություն չենք տեսել: Որ ստանայինք, էդ փողը մի ցավի ոտք կկոտրեր: Ամուսինս` Վարուժանը, ոչ մի տեղ չի աշխատում»,-հայտնեց Թերմինեն:
Փորձեցի հանդիպել նաև Վարուժանին: Թերմինեն հայտնեց, որ Վարուժանը հիմա ձորում ընկույզ է քաղում, որ ծախի: Թերմինեն պատմում է, որ 30 հազար դրամ նպաստով են ապրում, 1000 քմ տնամերձ ունեն` չեն կարողանում կարտոֆիլի ցանքս անել, սերմի թանկ լինելու պատճառով: Նշեց, որ իրենց ունեցած վարելահողը խոտհարք են օգտագործում: Սամվել Չատինյանի կինը, լսելով 90 հազար դրամ օգնության մասին, ասաց. «Էտենց գումար չենք ստացել, բայց կարող է գյուղապետ է, ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի բանով ձեռք է մեկնել, դա գումարի է վերածվել»,- ասաց նա:
Չանցած 30 րոպե, երբ դուրս էի գալիս մեկ այլ դսեղցու տնից, իմ Դսեղ գնացած տաքսու մոտ նկատեցի մի երիտասարդի։ «Անունս Տիգրան է: Հայրս Երևանում է, ուզում է հեռախոսով Ձեզ հետ`խոսել»,- ասաց նա և իր բջջային հեռախոսի վրա հավաքեց հեռախոսահամար: Խնդրեցի միացնել հեռախոսի բարձրախոսը: «Բարև Ձեզ, էս Չատինյան Սամվելն է: Հլա մի բան հարցնեմ էլի, Ձեր անունը ոնց ա: Ուրեմն դուք մեր տուն եք գնացած եղել, ինչ-որ էդ փողի հարցով: Ես ստացել եմ 90 հազար դրամը»,- ասաց նա: Բայց ինչու էր ձեր կինը թաքցնում դա»,- հարցրի: «Ինքը ըմանչելա, որ խոսա: Ես գյուղսովետից իմ պասպորտով, բանով, գնացել եմ ստացել: 90 հազար դրամ եմ ստացել»,- ասաց Սամվել Չատինյանը:
Դսեղում գրանցված են 2300 բնակիչներ: Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի խոսքով` բնակչության մոտ 30 տոկոսը սոցիալապես անապահով է: Գ. Հովսեփյանը 2017թ.-ի տարեսկզբին սոցիալական օգնություն տողով պլանավորել էր բյուջեի եկամուտներից բխող 3,6 մլն դրամ ծախս: Նույնքան ծախս է նախատեսել նաև 2018թ.-ին: Դսեղի ճշտված բյուջեի ծախսերը տարեսկզբին հաստատվել են ավագանու կողմից:
Գառնիկ Հովսեփյանի ասելով՝ 2017թ.-ին սոցիալական օգնության նպատակով փաստացի ծախսվել է 1,7 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ.-ի անցած ամիսներին՝ 900 հազար ՀՀ դրամ: Գյուղապետը բացատրում է, որ սոցօգնությունների նախատեսվածից նվազ ծախսերը պայմանավորված են բյուջեի եկամուտների ոչ նորմալ հավաքագրմամբ:
«Մեր պրակտիկայում էսպես է, որ բյուջեի եկամուտների հավաքագրումը նորմալ ապահովում ենք, կարողանում ենք մեկ անգամ ևս ճշտված բյուջե կազմել, սոցիալական օգնությունների գումարը տարեվերջին ավելացնել և անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Դսեղ համայնքի բյուջեի ապառքները կազմել են 17,1 մլն դրամ: Բյուջեի եկամուտների հավաքագրման ծանր պայմաններում Գառնիկ Հովսեփյանը շռայլություն է ցուցաբերում բյուջեի սոցիալական օգնությունների բախշման գործում: «Հետք»-ի հարցումներից նաև պարզվել է, որ Դսեղում գյուղացիների մի մասը իրենց տրված սոցօգնություններից տեղյակ չէ:
Դսեղ համայնքի ավագանին 2017թ.-ի մարտի 13-ի 07 որոշմամբ Հասմիկ Իսմայիլի Քոչարյանին, Սվետիկ Սարգսի Սահակյանին, Սամվել Վալերիկի Չատինյանին, Լաուրա Ֆեոդորի Քոչարյանին և Վարուժան Զավենի Ծատինյանին հատկացրել է 90 հազարական դրամ օգնություն:
Որոշումը միաձայն հաստատել են նիստին ներկա ավագանու 5 անդամներ՝ Ն. Դալլաքյանը, Փ. Խառատյանը, Կ. Ղազարյանը, Դ. Վանյանը, Ա. Քոչարյանը:
Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մարգարիտա Չատինյանը բացատրեց, որ ավագանին Սվետիկ Սահակյանին 90 հազար դրամ սոցիալական օգնություն է տվել՝ որպես միայնակ մայր, Լաուրա Քոչարյանին՝ որպես 3 անչափահաս երեխաների մայր և հիվանդ, Հասմիկ Քոչարյանին՝ առողջական խնդիրների, Վարուժան Չատինյանին՝ որդու վիրահատությանն աջակցելու, իսկ Սամվել Չատինյանին՝ առողջական վատ վիճակի համար: Աշխատակազմի ղեկավարը, սակայն, իր նշած ֆինանսական հատկացումները հիմնավորող փաստաթղթեր մեզ չներկայացրեց։
«Մեզանից հիմնավորող փաստաթղթեր նախկինում չեն պահանջել, այս տարվանից են այդ փաստաթղթերը պահանջում»,- ասաց նա:
Օգնություն ստացած հաջորդ դսեղցին Սվետիկ Սահակյանն էր: Նրան հանդիպեցի իր աշխատավայրում՝ «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում: «Չեմ հիշում, անցյալ, թե նախանցյալ տարի էր: Չեմ հիշում: Հա, տվել են 90 հազար: Կարծեմ Քոչարյան Նորիկի ժամանակ եմ ստացել, հմի չեմ հիշում: Ես էտենց եմ հիշում, որ 90 հազարը ավագանու որոշմամբ Քոչարյանից եմ ստացել»,- ասաց Սվետիկ Սահակյանը:
Օգնություն ստացած Հասմիկ Քոչարյանին Դսեղում շատերը չճանաչեցին: Մեզ չհաջողվեց նրան գտնել: Լաուրա Քոչարյանին հանդիպեցի իր հայրական տանը: 3 երեխա ունի, ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է, բայց, ասում է՝ փող չի ուղարկում: Լաուրան ասաց` երբեմն հոգեմետ դեղեր է խմում. «Հա, սոցիալական օգնություն Հովսեփյան Գառնիկն է տվել, բայց շուտ եմ ստացել, չեմ հիշում ինչքան եմ ստացել»,- ասաց նա: Հազիվ 30 րոպե էր անցել Դսեղից իմ վերադառնալուց, երբ «Անկյուն + 3» տաքսի ծառայության աշխատակցուհին զանգահարեց ինձ .«Դսեղից Լաուրա Քոչարյան ազգանունով մի կին զանգահարեց, խնդրեց ձեզ հաղորդել, որ ինքը 90 հազար դրամ սոցօգնությունը գյուղապետարանից չի ստացել»,- ասաց նա և ինձ հայտնեց Լաուրա Քոչարյանի հեռախոսահամարը:
«Չեմ ստացել իմ անունով գրված 90 հազար դրամը, ազնվությամբ, երեխեքիս արև, ես այդ 90 հազար դրամից 10 դրամ անգամ չեմ ստացել»,- հեռախոսով ասաց Լաուրան: Նա նաև բացատրեց, թե ինչու է ինձ խաբել: «Ես Ձեր գնալուց հետո էնա փոշմանեցի: Ինձ որ զանգեցին, էդ տվյալ մարդը, հրողբորս տղեն էր զանգել, ասավ, կասես օգնությունը ստացել ես»,- ասաց Լաուրան:
«Մենք ընդամենը 3 մարդու ենք 90 հազար դրամ սոցօգնություն տվել: Երևի նրանց կարիքի չափը մեծ է եղել»,- արդարացավ Գառնիկ Հովսեփյանը: Գյուղապետի արդարացումը այնքան էլ տեղին չէր, քանզի ավագանու 2017թ.-ի հոկտեմբերի 13-ի N 31-Ա որոշումով 100 հազար դրամ օգնություն է տրվել 1994թ.-ին Ղարաբաղում զոհված Արթուր Մուրադյանի քրոջը՝ Ռուզաննա Մուրադյանին, Քոբուլեթի հանգստանալու մեկնելու համար, 2017թ.-ի հուլիսի 6-ի N 25-Ա որոշումով 100,000 դրամ օգնություն է հատկացվել Ռոզիկ Քոչարյանին:
Ավագանին 2017թ.-ի հունիսի 7-ի N 21 Ա որոշումով Չեխիայում մրցումների մասնակցելու համար 100,000 դրամ օգնություն է տվել ավագանու անդամ Նիկալ Դալլաքյանի որդուն՝ Նարեկ Դալլաքյանին:
Ավագանու 2018թ.-ի մարտի 26-ի N 07-Ա որոշմամբ 50 հազար դրամ սոցիալական օգնություն է հատկացվել նաև գյուղապետ Գ. Հովսեփյանի փեսային՝ Գագիկ Ղազարյանին: Դսեղում մեզ հայտնեցին, որ Գագիկ Ղազարյանը նորմալ ապրող մարդ է՝ սոցիալապես անապահով չէ։
«Լավ, եթե դուք այդքան լավ գիտեք, որ Ղազարյան Գագիկը իմ փեսան է, էդ ով է ձեզ ասել, որ նա իմ փեսան է: Ո՞վ, էլի, օրինակ, ո՞վ է ասել»,- հարցրեց գյուղապետը: Աշխատակազմի ղեկավար Մարգարիտա Չատինյանը հունիսի 27-ին մեզ ցույց տվեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանական հիվանդանոցից գյուղապետի թոռնիկի՝ Սևակ Գագիկի Ղազարյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ: Գ. Հովսեփյանը պատմեց, որ բացի իր թոռնիկը, Դսեղում հաշմանդամ այլ երեխաներ էլ կան:
Դսեղում հաշմանդամություն ունեցող երեխաներին երբեւէ օգնություն տալու մասին մեր հարցին, Գ. Հովսեփյանը պատասխանեց. «Դե գիտեք ինչ կա, ով իր հոգսը բարձրաձայնել է, նրան անպայման փորձել ենք ընդառաջել: Հիմա մեր եկամուտների հավաքագրումը մի քիչ լավացել է, այն գյուղացիներին, որ չենք կարողացել օգնել, առաջիկայում կարող ենք էլի գումար հատկացնել սոցօգնության տողով: Նրանց էլ տարեվերջին, նոր տարվա սկզբին կօգնենք»,- խոստացավ գյուղապետը:
Գյուղապետարանում սոցօգնության համար դսեղցիների դիմումները ուսումնասիրելիս նկատեցի 4 անչափահաս երեխաների մայր Գրետա Վանյանի սոցօգնության խնդրանքով Գառնիկ Հովսեփյանին ուղղված դիմումը: Գրետան հայտնել էր, որ ամուսինը մահացել է, ինքը մենակ 4 անչափահաս երեխա է պահում:
Գառնիկ Հովսեփյանը մերժել էր Գ. Վանյանի դիմումը: Ավագանին 2018թ.-ի մարտի 26-ի N 27-Ա որոշմամբ Հրայր Զարմայրի Խառատյանին տվել է 50 հազար դրամ, Շալիկո Արարատի Անտոնյանին` 50 հազար դրամ, ավագանու 2017թ.-ի հունիսի 7 – ի N -20-Ա որոշմամբ Մհեր Աթյանին տրվել է 40 հազար, Մաթևոս Էվոյանին՝ 50 հազար դրամ օգնություն, իսկ ասենք` Անահիտ Հախվերդյանին, Սուսաննա Շեկոյանին, Ֆլորա Անտոնյանին տրվել է 20-հազարական դրամ օգնություն:
Դսեղի ավագանին իր որոշումներում գումարների բաշխման տարբերության մասին որևէ պարզաբանում չի տալիս: Մինչ գյուղապետը շռայլորեն սոցօգնություններ է բաշխում, Դսեղի մանկապարտեզից մեզ հայտնեցին, որ անցած ձմռանը վառելիքի խնայողության պատճառով մանկապարտեզի 36 երեխաները 5 ամիս մանկապարտեզ չեն հաճախել:
Գլխավոր լուսանկարում՝ Գառնիկ Հովսեփյանը
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել