HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը Դսեղի բյուջեից 40-100 հազար դրամ սոցօգնություններ է բաժանում. ավագանին միաձայն հաստատում է որոշումները

Տղայի վիրահատությանը աջակցելու համար Վարուժան Չատինյանին Դսեղի ավագանու 2018թ.-ի մարտի 26-ի N 07-Ա որոշմամբ հատկացվել է 50 հազար դրամ: «Մեծ տղաս 12-րդ դասարանում է սովորումդպրոցում վեր ընկավծնոտը 3 տեղից կոտրեցԴա մի  2 ամիս առաջ էրԳյուղապետի տված 50 հազար դրամ օգնության 10 հազար դրամը հետ տվեցինք` որպես մեր հողի հարկ, 40 հազար դրամը օգտագործեցինք տղայիս բուժման համար»,- հայտնեց Վարուժան Չատինյանի կինը՝ Թերմինե Վարդանյանը:

Թերմինեին հարցրի նաև ավագանու 2017թ.-ի մարտի 13-ի 07 որոշմամբ ամուսնուն 90 հազար դրամ հատկացված օգնության մասին:

Թերմինե Վարդանյան

«Մեզ 2017թ.-ին գյուղապետարանից օգնության փող չեն տվել: Եթե 2017թ.-ին մեզ փող տված լինեին, տան կինն եմ, ոնց չեմ հիշի»,- ասաց Թերմինեն: Կարո՞ղ է դուք տեղյակ չեք,  90 հազար դրամը ձեր ամուսինն է ստացել»,- հարցրի: «Ամուսինս, եթե ստանար, ես տեղյակ կլինեի:  Չէ, 2017թ.-ին մենք էտենց գումար չենք ստացել: Տես, ասացի տղայիս կոտրվածքի համար մեր գյուղապետը 50 հազար դրամ է տվել»: Գառնիկ Հովսեփյանի ասելով՝  2017թ.-ին սոցիալական օգնության նպատակով փաստացի ծախսվել է 1,7 մլն դրամ: «Վայ, երեխանցս արև: Երեք տղա ունեմ: Մենք 90 հազար դրամ օգնություն չենք տեսել: Որ ստանայինք, էդ փողը մի ցավի ոտք կկոտրեր: Ամուսինս` Վարուժանը, ոչ մի տեղ չի աշխատում»,-հայտնեց Թերմինեն: 

Փորձեցի հանդիպել նաև Վարուժանին: Թերմինեն հայտնեց, որ Վարուժանը հիմա ձորում ընկույզ է քաղում, որ ծախի: Թերմինեն պատմում է, որ 30 հազար դրամ նպաստով են ապրում, 1000 քմ տնամերձ ունեն` չեն կարողանում կարտոֆիլի ցանքս անել, սերմի թանկ լինելու պատճառով: Նշեց, որ իրենց ունեցած վարելահողը խոտհարք են օգտագործում: Սամվել Չատինյանի կինը, լսելով 90 հազար դրամ օգնության մասին, ասաց. «Էտենց գումար չենք ստացել, բայց կարող է գյուղապետ է, ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի բանով ձեռք է մեկնել, դա գումարի է վերածվել»,- ասաց նա:

Չանցած 30 րոպե, երբ դուրս էի գալիս մեկ այլ դսեղցու տնից, իմ Դսեղ գնացած տաքսու մոտ նկատեցի մի երիտասարդի։  «Անունս Տիգրան է: Հայրս Երևանում է, ուզում է հեռախոսով Ձեզ հետ`խոսել»,- ասաց նա և իր բջջային հեռախոսի վրա հավաքեց հեռախոսահամար: Խնդրեցի միացնել հեռախոսի բարձրախոսը: «Բարև Ձեզ, էս Չատինյան Սամվելն է: Հլա մի բան հարցնեմ էլի, Ձեր անունը ոնց ա: Ուրեմն դուք մեր տուն եք գնացած եղել, ինչ-որ էդ փողի հարցով: Ես ստացել եմ 90 հազար դրամը»,- ասաց նա: Բայց ինչու էր ձեր կինը թաքցնում դա»,- հարցրի: «Ինքը ըմանչելա, որ խոսա: Ես գյուղսովետից իմ պասպորտով, բանով, գնացել եմ ստացել: 90 հազար դրամ եմ ստացել»,- ասաց Սամվել Չատինյանը:

Դսեղում գրանցված են 2300 բնակիչներ: Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի խոսքով` բնակչության մոտ 30 տոկոսը սոցիալապես անապահով է: Գ. Հովսեփյանը 2017թ.-ի տարեսկզբին սոցիալական օգնություն տողով պլանավորել էր բյուջեի եկամուտներից բխող  3,6 մլն դրամ ծախս: Նույնքան ծախս է նախատեսել նաև 2018թ.-ին: Դսեղի  ճշտված բյուջեի ծախսերը տարեսկզբին հաստատվել են ավագանու կողմից:

Գառնիկ Հովսեփյանի ասելով՝ 2017թ.-ին սոցիալական օգնության նպատակով փաստացի ծախսվել է 1,7 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ.-ի անցած ամիսներին՝  900 հազար ՀՀ դրամ: Գյուղապետը բացատրում է, որ սոցօգնությունների նախատեսվածից նվազ ծախսերը պայմանավորված են բյուջեի եկամուտների ոչ նորմալ հավաքագրմամբ:

«Մեր պրակտիկայում էսպես է, որ բյուջեի եկամուտների հավաքագրումը նորմալ ապահովում ենք, կարողանում ենք մեկ անգամ ևս ճշտված բյուջե կազմել, սոցիալական օգնությունների գումարը տարեվերջին ավելացնել և անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Դսեղ համայնքի բյուջեի ապառքները կազմել են 17,1 մլն դրամ: Բյուջեի եկամուտների հավաքագրման ծանր պայմաններում Գառնիկ Հովսեփյանը շռայլություն է ցուցաբերում բյուջեի սոցիալական օգնությունների բախշման գործում: «Հետք»-ի հարցումներից նաև պարզվել է, որ Դսեղում գյուղացիների մի մասը իրենց տրված սոցօգնություններից տեղյակ չէ:

Դսեղ համայնքի ավագանին 2017թ.-ի  մարտի 13-ի 07 որոշմամբ Հասմիկ Իսմայիլի Քոչարյանին, Սվետիկ Սարգսի Սահակյանին, Սամվել Վալերիկի Չատինյանին, Լաուրա Ֆեոդորի Քոչարյանին և Վարուժան Զավենի Ծատինյանին հատկացրել է 90 հազարական դրամ օգնություն

Որոշումը միաձայն հաստատել են նիստին ներկա ավագանու 5 անդամներ՝ Ն. Դալլաքյանը, Փ. Խառատյանը, Կ. Ղազարյանը, Դ. Վանյանը, Ա. Քոչարյանը:  

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մարգարիտա Չատինյանը բացատրեց, որ ավագանին  Սվետիկ Սահակյանին  90 հազար դրամ սոցիալական օգնություն է տվել՝ որպես միայնակ մայր, Լաուրա Քոչարյանին՝ որպես 3 անչափահաս երեխաների մայր և հիվանդ, Հասմիկ  Քոչարյանին՝  առողջական խնդիրների, Վարուժան  Չատինյանին՝ որդու վիրահատությանն աջակցելու, իսկ Սամվել Չատինյանին՝ առողջական վատ վիճակի համար: Աշխատակազմի ղեկավարը, սակայն, իր նշած ֆինանսական հատկացումները հիմնավորող փաստաթղթեր մեզ չներկայացրեց։ 

«Մեզանից հիմնավորող փաստաթղթեր նախկինում չեն պահանջել, այս տարվանից են այդ փաստաթղթերը պահանջում»,- ասաց նա:

Օգնություն ստացած հաջորդ դսեղցին Սվետիկ Սահակյանն էր: Նրան հանդիպեցի իր աշխատավայրում՝ «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում: «Չեմ հիշում, անցյալ, թե նախանցյալ տարի էր: Չեմ հիշում: Հա, տվել են 90 հազար: Կարծեմ Քոչարյան Նորիկի ժամանակ եմ ստացել, հմի չեմ հիշում:  Ես էտենց եմ հիշում, որ 90 հազարը ավագանու որոշմամբ Քոչարյանից եմ  ստացել»,- ասաց Սվետիկ Սահակյանը:

Օգնություն ստացած Հասմիկ Քոչարյանին Դսեղում շատերը չճանաչեցին: Մեզ չհաջողվեց նրան գտնել: Լաուրա Քոչարյանին հանդիպեցի իր հայրական տանը: 3 երեխա ունի, ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է, բայց, ասում է՝ փող չի ուղարկում: Լաուրան ասաց` երբեմն հոգեմետ դեղեր է խմում. «Հա, սոցիալական օգնություն Հովսեփյան Գառնիկն է տվել, բայց շուտ եմ ստացել, չեմ հիշում ինչքան եմ ստացել»,- ասաց նա: Հազիվ  30 րոպե էր անցել Դսեղից իմ վերադառնալուց, երբ «Անկյուն + 3» տաքսի ծառայության աշխատակցուհին զանգահարեց ինձ .«Դսեղից Լաուրա Քոչարյան ազգանունով մի կին զանգահարեց, խնդրեց ձեզ հաղորդել, որ ինքը 90 հազար դրամ սոցօգնությունը գյուղապետարանից չի ստացել»,- ասաց նա և ինձ հայտնեց Լաուրա Քոչարյանի հեռախոսահամարը:

«Չեմ ստացել իմ անունով գրված 90 հազար դրամը, ազնվությամբ, երեխեքիս արև, ես այդ 90 հազար դրամից 10 դրամ անգամ չեմ ստացել»,- հեռախոսով ասաց Լաուրան: Նա նաև բացատրեց, թե ինչու է ինձ խաբել: «Ես Ձեր գնալուց հետո էնա փոշմանեցի: Ինձ որ զանգեցին, էդ տվյալ մարդը, հրողբորս տղեն էր զանգել, ասավ, կասես օգնությունը ստացել ես»,- ասաց Լաուրան:

«Մենք ընդամենը 3 մարդու ենք 90 հազար դրամ սոցօգնություն տվել: Երևի նրանց կարիքի չափը մեծ է եղել»,- արդարացավ Գառնիկ Հովսեփյանը: Գյուղապետի արդարացումը այնքան էլ տեղին չէր, քանզի ավագանու 2017թ.-ի հոկտեմբերի 13-ի N 31-Ա որոշումով 100 հազար դրամ օգնություն է տրվել 1994թ.-ին Ղարաբաղում զոհված Արթուր Մուրադյանի քրոջը՝ Ռուզաննա Մուրադյանին, Քոբուլեթի հանգստանալու մեկնելու համար, 2017թ.-ի  հուլիսի 6-ի N 25-Ա որոշումով 100,000 դրամ օգնություն է հատկացվել Ռոզիկ Քոչարյանին:

Ավագանին 2017թ.-ի հունիսի 7-ի N 21 Ա որոշումով Չեխիայում մրցումների մասնակցելու համար 100,000 դրամ օգնություն է տվել ավագանու անդամ Նիկալ Դալլաքյանի որդուն՝ Նարեկ Դալլաքյանին:

Ավագանու 2018թ.-ի մարտի 26-ի N 07-Ա որոշմամբ 50 հազար դրամ սոցիալական օգնություն է հատկացվել նաև գյուղապետ Գ. Հովսեփյանի փեսային՝ Գագիկ Ղազարյանին: Դսեղում մեզ հայտնեցին, որ Գագիկ Ղազարյանը նորմալ ապրող մարդ է՝ սոցիալապես անապահով չէ։

«Լավ, եթե դուք այդքան լավ գիտեք, որ Ղազարյան Գագիկը իմ փեսան է, էդ ով է ձեզ ասել, որ նա իմ փեսան է: Ո՞վ, էլի, օրինակ, ո՞վ է ասել»,- հարցրեց գյուղապետը: Աշխատակազմի ղեկավար Մարգարիտա Չատինյանը հունիսի 27-ին մեզ ցույց տվեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանական հիվանդանոցից գյուղապետի թոռնիկի՝ Սևակ Գագիկի Ղազարյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ: Գ. Հովսեփյանը պատմեց, որ բացի իր թոռնիկը, Դսեղում հաշմանդամ այլ երեխաներ էլ կան:

Դսեղում հաշմանդամություն ունեցող երեխաներին երբեւէ օգնություն տալու մասին մեր հարցին, Գ. Հովսեփյանը պատասխանեց. «Դե գիտեք ինչ կա, ով իր հոգսը բարձրաձայնել է, նրան անպայման փորձել ենք ընդառաջել: Հիմա մեր եկամուտների հավաքագրումը մի քիչ լավացել է, այն գյուղացիներին, որ չենք կարողացել օգնել, առաջիկայում կարող ենք էլի գումար հատկացնել սոցօգնության տողով: Նրանց էլ տարեվերջին, նոր տարվա սկզբին կօգնենք»,- խոստացավ գյուղապետը:

Գյուղապետարանում սոցօգնության համար դսեղցիների դիմումները ուսումնասիրելիս նկատեցի 4 անչափահաս երեխաների մայր Գրետա Վանյանի սոցօգնության խնդրանքով Գառնիկ Հովսեփյանին ուղղված դիմումը: Գրետան հայտնել էր, որ ամուսինը մահացել է, ինքը մենակ 4 անչափահաս երեխա է պահում:

Գառնիկ Հովսեփյանը մերժել էր Գ. Վանյանի դիմումը: Ավագանին 2018թ.-ի մարտի 26-ի N 27-Ա որոշմամբ Հրայր Զարմայրի Խառատյանին տվել է 50 հազար դրամ, Շալիկո Արարատի Անտոնյանին` 50 հազար դրամ, ավագանու 2017թ.-ի հունիսի 7 – ի N -20-Ա որոշմամբ Մհեր Աթյանին տրվել է 40 հազար, Մաթևոս Էվոյանին՝ 50 հազար դրամ օգնություն, իսկ ասենք` Անահիտ Հախվերդյանին, Սուսաննա Շեկոյանին, Ֆլորա Անտոնյանին տրվել է 20-հազարական դրամ օգնություն:

Դսեղի ավագանին իր որոշումներում գումարների բաշխման տարբերության մասին որևէ պարզաբանում չի տալիս: Մինչ գյուղապետը շռայլորեն սոցօգնություններ է բաշխում, Դսեղի մանկապարտեզից մեզ հայտնեցին, որ անցած ձմռանը վառելիքի խնայողության պատճառով մանկապարտեզի 36 երեխաները 5 ամիս մանկապարտեզ չեն հաճախել:

Գլխավոր լուսանկարում՝ Գառնիկ Հովսեփյանը 

Մեկնաբանություններ (10)

Սաքո
Իմ հասկանալով, որոշ մարդիկ օգտվելով ներկա իրավիճակից փորձում են մրոտել, վարկաբեկել նաև այն համայնքապետերին, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների օրոք: Դսեղում լրագրողի միջոցով կատարվում է պատվեր մի փոքրիկ խմբի, փոքրոգի մարդկանց կողմից, ովքեր նեղացած (աբիժնիկ) են կամ աշխատանքից ազատվելու, կամ ընտրություններում պարտվելու պատճառով: Անշուշտ համայնքում կլինեն թերություններ, որոնք հայրենասեր, շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ կարելի է քննարկել և գտնել լուծումներ: Թե չէ գրում ե՛նք, գրում ե՛նք, գրում ե՛նք…
Նելլի Ս.
Լսեք Սաքո և ուրիշներ:Հեչ կապ չունի, թե ում օրոք են աշխատել և աշխատում համայնքապետները, եթե մարդը թալանում ա բյուջեն և լավություններ ա անում, ուրեմն պետք ա տույժ կրի: Մարդիկ նեղացած չեն, մարդիկ ուզում են արդարույան մեջ ապրեն, և ուզում են, որ իրանց չխաբեն:Հերիք ա, հերիք ա գյուղում ապրող մարդուն հարիֆի տեղ դնեն: Առաջ չեն խոսացել ոչ մի բանի մասին, որովհետև գիտենեց ել, որ բան չի փոխվի:Ես դեռ չեմ ուզում մեր գյուղի պռոբլեմներիս խոսամ, որ մի տռտռացնող համայնքապետ ունենք, որ մեր գլխին կրակ դառավ, մեր գյուղապետին թաղային լիազոր սարքեցին, ասին դու ոչ մի բանի իրավունք չունես, սաղ իրավունքը տվին Խեչումյանին, ասին դու ես որ կաս; Մենք էլ դսեղի պես լրագրող չենք կանչում, նամակ ենք կազմում, որ ուղարկենք Պապիկյանին, որ գա ասի,թե ոնց պետք ա աշխատի մեր գլխին կարգված թագավորը: Ու հերիք ա գրեք ասեք , համայնքները քանդվում են ՎԱՅ համայնքապետների ձեռից, դու ասու ես թերություններ:
Լաուրա Քոչարյան
Ես՝Լաուրա Քոչարյանս հարցազրույց եմ տվել այն մասին,որ ես գյուղապետարանից օգնություն չեմ ստացել, սակայն հայտնում եմ,որ ես օգտագործում եմ հոգեմետ դեղեր և գտնվում եմ դիսպանսեր հսկողության տակ, ինչի պատճառով հիշողությունս վատ է: Եղբորս պատմելուց հետես հիշեցի,որ դիմել եմ գյուղապետարան՝ դրամական օգնություն ստանալու համար և եղբորս հետ գնացել եմ գյուղապետարան, ես ստորագրել և ստացել եմ 90000 դրամ օգնություն, ինչը ամբողջությամբ ծախսել եմ երեք երեխաներիս կարիքները հոգալու համար
Վարուժան Չատինյան
Ես՝Վարուժան Չատինյանս հայտնեւմ եմ,որ դիմել եմ գյուղապետարան՝ դրամական օգնություն ստանալու համար և անձամբ ստորագրել և ստացել եմ 90000 դրամ օգնություն, ինչը ամբողջությամբ ծախսել եմ իմ կարիքները պարտքերը մարելու համար: Հայտնում եմ, որ կնոջս տված ինֆորմացիան,որ մենք գումար չենք ստացել, բացարձակ ապատեղեկատվություն է և միակ իրականությունն այն է, որ ես ինքս գյուղապետարանում ստորագրել և ստսցել եմ 90000 դրամը
Սուրեն
Գառնիկ Հովսեփյան, ժողովրդական լավ խոսք կա.: Հիմա դու ոնց կարող ես ազնիվ լինել: Արդեն 8 տարուց ավելի է գեղապետ ես ոռոգման ջուր չունենք, էդքան փողը ծախսեցին, մի հետ մեկին դիմել ես, թե էս ոնց եղավ, գեղը ոռոգման ջուր չստացավ: Ասում ես դսեղցիները գյուղի տնտեսության ուղղվածությունը փոխել են, չեն ուզում հողագործությամբ զբաղվել: Այտա, դաշտերումդ ջուրը վռխում է ա, դսեղցին էլ հողագործությամբ չի զբաղվում:Ուրա մեր գեղի ներքին ցանցի տրուբեք Գառնիկ: Էս բուջեի փողերը էսենց բաժանողը կարա ազնիվ ըլի:
Գոհար
Այս մարդիկ՝ նկատի ունեմ«օգնեւթյուն ստացածներին» իրականում արժանի են ավելի վատ վերաբերմունքի։ Ստրուկի նման ապրել են այսքան տարի, իսկ երբ ինչ- որ մեկը որոշել է օգնել ու ամեն ինչ իր տեղը դնել ոչխարների նման կրկնում են սյն, ինչ թելադրում են վերևներից։ Սա՞ է ձեր երազած կյանքը, էդպես՞ եք դադտիարակում ձեր երեխաների ն....... ուրեմն գնացեք սոված էլ մնացեք, իսկ ձեր սոված երեխաներին « հատկացրած » փողերով թող ձեր « արդար» գյուղապետը մի կուշտ ուտի։Իրականում արժանի եք դրան.....
Կաճաճկուտի բնակիչ
Քանի որ Դսեղին վերաբերվող հոդվածի տակ խոսվել է նաեվ Կաճաճկուտ գյուղի մասին, այդ դեպքում ես էլ եմ ուզում միանամ Անահիտ Մկրտչյանի խնդրանքին և խնդրեմ որ մեր ցավից էլ խոսեք; Ոչ մի գյուղացի չի ուզեցել որ խոշորացում կոչվածը էղնի, բայց ով էր մեզ լսողը: Միացանք Ալավերդուն, մի մարդու պես ընտրեցինք Ս.Խեչումյանին, վստահ էինք որ ինքը ժողովրդի մեջից է, գյուղի ցավը լավ կհասկանա, որովհետեվ գյուղ է եկել, խոսել է մարդկանց հետ;Բա յց էս աստիճան անտեսում չենք պատկերացրել որ էս չափի ոչ մի բան չի արվի: Իրեն մոտիկից ճանաչողները ճիշտ էին ասում որ շատ մեք ոգեվորվի նա գործ անող չի, մենակ խոսալն է;
Գառնիկ Հովսեփյան
Տիկին Փարեմուզյան,խուճապի մատնվելու պատճառ բացարձակ չունեմ և 90-հազարական դրամ ստացողներին չեմ հանդիպել ու խոսել:Կարող եք ստուգել:Ինձ ճանաչողները լավ գիտեն իմ ազնվության մասին:
Անահիտ Մկրտչյան
Այս ինչ է կատարվում, այս ինչ խուլիգանություն է ամենուր: Տիկին Լարիսա Փարեմուզյան, Դուք պետք է շատ անօրինությունների անդրադառնաք և բացահայտեք: Բավական է շահագործեն ժողովրդին, խաբեն և թալանեն: Խնդրում եմ մի հոդվածով էլ անդրադառնաք իմ հայրենի Կաճաճկուտ գյուղին, որը իբրև թե քաղաքին միանալուց հետո պետք է ավելի լավ կյանքով ապրեր: Եղավ հակառակը: Քաղաքային իշխանությունները անտեսում են այդ չքնաղ գյուղը, ոչ ճանապարհ են կառուցում, ոչ մանկապարտեզ, ոչինչ, ոչինչ չկա լուսավոր, որպեսզի մարդիկ հույսով ապրեն: Իսկ այդ նույն իշխանավորները մեծ-մեծ խոստումներ էին տալիս դեռ ամիսներ առաջ:
Լարիսա Փարեմուզյան
Հունիսի 27-ին Դսեղում 90 հազար դրամ օգնությունների ցուցակով աշխատելիս 2-րդ տունը մտնելուց հետո նկատեցի, որ Գառնիկ Հովսեփյանը սկսեց աշխատել ցուցակի մարդկանց հետ: Լաուրա Քոչարյանի վրա Դսեղում ապրող նրա հորեղբոր տղայի ճնշումների պատճառը շատ մտահոգիչ թեմա է: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել է Երևանում աշխատող բժիշկ Արմեն Քոչարյանը, ով նույնպես ներկայացավ Լաուրայի հորեղբոր տղա: Վերջինս խնդրում էր հոդվածից հանել Լաուրայի հատվածը: Պարոն Հովսեփյան, եթե դուք իսկապես ազնիվ եք , որն է Ձեր խուճապի պատճառը:Ինչու էիք Լաուրային ուղղորդելու համար ոտքի հանել նրա հորեղբոր տղային, ինչու էր Ձեր տեղակալ Արա Արզումանյանը զգուշացնում Ձեզնից 100 000 դրամ օգնություն ստացած Ռուզաննա Մուրադյանին: Պարոն Հովսեփյան, ուշադիր կարդացեք հոդվածում 90 հազար դրամների հետ կապված իմ հարցերին տրվող պատասխանները: Կարծում եմ ամեն ինչ ասված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter