HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պետք է լինի այնպիսի համակարգ, որին կողմ կլինեն բոլորը». կուտակայինի խնդրով հանդիպումները մեկնարկել են

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիական ակտիվիստներին և լսել վերջիններիս առաջարկությունները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Դ!ԵՄ ԵՄ խմբի անդամ Լևոն Հարությունյանը: Հանդիպմանը ներկա են եղել ոչ միայն Դ!ԵՄ ԵՄ-ից, այլ տարբեր նախաձեռնություններից անդամներ:

«Հանդիպման սկզբում մեր դիրքորոշումն ենք հայտնել, որ պարտադիր բաղադրիչը չպետք է լինի, մենք դեռ չգիտենք նոր օրենք է լինելու թե գործող օրենքում են փոփոխություններ արվելու, բայց առաջնահերթ ասել ենք, որ օրենքում պարտադիր բաղադրիչը չի կարող լինել»,-ասաց Հարությունյանը:

Լևոն Հարությունյանն ասաց նաև մի քանի այլ առաջարկներ, որոնք ներկայացրել են, ինչպես՝ անհրաժեշտ է կրճատել 45 տարի ժամկետը,  ֆոնդերի հետ պայմանագրերի պայմանների հստակեցում է պետք, ֆոնդեր փոփոխելու հնարավորություն,
միջոցների եկամտաբերության նվազագույն շեմի սահմանում՝ հիմք ընդունելով ավանդների եկամտաբերության տոկոսադրույքները և այլն:

Լևոն Հարությունյանի խոսքով՝ արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել վարչապետին և նրա հետ ևս քննարկել իրենց առաջարկները:

Հարությունյանն ասաց, որ նպատակ ունեն վարչապետի հետ հանդիպել, որպեսզի լայնածավալ քննարկումների փուլ սկսվի, ու հանրությունը մասնակցություն ունենա օրենքում փոփոխություններ կատարելուն: Դեռևս հստակ չէ, սակայն, լինելու է նոր օրենք, թե գործող օրենքում են փոփոխություններ լինելու:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ուներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Լևոն Հարությունյանը պատասխանեց, որ իր կարծիքով` նախարարը հակված է նրան, որ լինի նոր օրենք, որը «կլինի այնքան լավը, որ հիմարություն կլինի այդ համակարգին չմիանալը»:

Հարությունյանը վստահեցրեց, որ օրենքի պարտադիր բաղադրիչի հարցում զիջումների գնալ պատրաստ չեն. համակարգին միանալը պետք է լինի կամավոր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, վերջինս էլ վստահեցրեց, որ կառուցողական քննարկում է եղել:

«Որովհետև բոլոր ներկաները մտահոգ էին ոչ թե իրենց  սեփական գումարների, այլ երկրի համար, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների խնդրով: Կարող եմ ասել, որ բազմակողմանի քննարկում էր, տարբեր ոլորտների մասնագետներ էին ներկա, բոլորն իրենց կարծիքը հայտնեցին, և այդ ամենը նախարարը գրանցեց»,-ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ մոտեցումն այն է, որ պետք է լինի այնպիսի համակարգ, որին կողմ կլինեն բոլորը:

«Իսկ այժմ համակարգն այնքան էլ գրավիչ չէ, որ մարդիկ կամավոր միանան, շարունակում ենք պնդել, որ ճիշտը կամավոր մասնակցությունն է»,-ասաց նա:

Գորգիսյանի խոսքով՝ հանդիպումները շարունակական են լինելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից օրենքի պարտադիր բաղադրիչը գործելու է 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատակուշայում գործունեություն ծավալող անձանց վրա: Ըստ վերջերս օրենքում արված փոփոխության՝ մասնակցի եկամուտներից 2.5%-ը պահվելու է, մնացած 7.5%-ը վճարելու  է պետությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մամուլի քարտուղարի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ վերջինս նախարարի հետ Արցախի Հանրապետությունում է, սակայն ըստ նախարարության կայքի հաղորդագրության՝ Մանե Թանդիլյանը հանդիպման ավարտին վստահեցրել է, որ հնչած առաջարկները ուսումնասիրվելու են նախարարության կողմից:

Լուսանկարները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշոնական կայքի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter