HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուտով կտպագրվի Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն տարբերակն՝ իմ թարգմանությամբ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Լավ նորությամբ եմ ուզում կիսվել Ձեզ հետ, բայց, առաջին հերթին, Լեռ Կամսարի թոռնուհու`Վանուհի Թովմասյանի, ով մի քանի տարի առաջ համաձայնություն տվեց, որ բանտում նստած՝ ռուսերեն թարգմանեմ մեր սիրելի երգիծաբանի «Բանտիս օրագիրը» գիրքը:

Քանի որ ավարտեցի բուհը, և արդեն ուսման վարձ վճարելու կարիք չկա, որոշել եմ «Հետք»-ում աշխատանքիս վարձը, որն արդեն բավական կուտակվել է, կարևոր նպատակի ծառայեցնել`տպագրել առաջին անգամ ռուսերեն թարգմանված Լեռ Կամսարի գիրքը` «Բանտիս օրագիրը»: Տեղյակ եմ, որ «Հայաստան»  հրատարակչության տնօրենն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը: Ինձ համար մեծ պատիվ է`Լեռ Կամսարի հիշատակին` իր ծննդյան 130-ամյակին անել այս համեստ նվերը:

Ասեմ, որ գրքի ռուսերեն թարգմանությունն արդեն երկու անգամ խմբագրվել է: Շնորհակալություն նաև խմբագիրներին:

Հիմա նորից ու նորից եմ թերթում Կամսարի բանտի օրագրի էջերը, Վանուհի Թովմասյանի կողմից ինձ տրամադրված փաստաթղթերի պատճեները:

Շատ կցանկանայի, որ Կամսարը տեսներ, թե ինչպես է վերջապես վերափոխվում խորհրդային ՊԱԿ-ը, այսպես կոչված, ռուսական КГБ-ն և դառնում ազգի իսկական անվտանգությունը ապահովող կառույց`ԱԱԾ:

Ահա, տեսե՛ք, թե քաղաքական բանտարկյալ Լեռ Կամսարի մեղադրականի վրա ՊԱԿ-ն ինչպես է գրել`«Պահել ընդմիշտ: Հույժ գաղտնի»: Հավանաբար մտածել են, որ ՊԱԿ-ն ընդմիշտ է…և երբեք գաղտնիքները ջրի երես դուրս չեն գա, մարդիկ ոչինչ չեն իմանա այս կառույցի անօրինությունների մասին:

Կամսարի բանտի օրագրից իմանում ենք, որ 70 օր պառկել է ՊԱԿ-ի նկուղում՝ սառը սալիկների վրա, օրը մեկ անգամ բարձրացրել են քննիչի մոտ, հետո`իջեցրել, լսել է կոկորդային, ահասարսուռ գոռոցներն այն մարդկանց, ում տանում էին գնդակահարելու, և ինքն իրեն նախապատրաստել է այդ օրվան… Այնուամենայնիվ հումորը չի կորցրել նույնիսկ մահվան դռան մոտ և գրառել է այն մասին, որ խնդրելով հսկիչին իրեն զուգարան տանել, քանի որ լուծ է եղել` նախապես պատրաստվել է մերժում լսելուն, բոլոր հետևանքների հետ միասին…

-       Է՜, ինչո՞ւ իմ փորը այդքան ուժեղ չէ, ինչպես կամքս…

Իսկ երբ նրան ձերբակալելուց ներխուժել են բնակարան, զինված չեկիստներից մեկը, նայելով պատերին և ձեռքը դնելով ատրճանակի կոթին, հարցրել է.

-       Ինչու՞ քո տան պատերին չկան Լենինի և Ստալինի նկարները:

Խուզարկության արդյունքում իմանում է, թե որքան հարուստ մարդ է`սնդուկում հայտնաբերում են հնամաշ կոշիկներ, ծակված կալոշներ, կաշվի չորացած կտորներ, որոնց չեկիստն ուշադիր նայում է, ինչից Կամսարը ենթադրում է, որ նա նախկին կոշկակար է: Վերջում Կամսարին ձերբակալում են ոչ նրա համար, որ ինչ-որ բան են հայտնաբերում, այլ նրա համար, որ առաջնորդների նկարներից տանը չունի:

Ճանապարհին հարցնում են.

-       Փաստորեն քո համոզմունքներով ինդիվիդուալի՞ստ էիր:

Կամսարն այսպես է պատասխանում.

-       Այն ժամանակ, երբ ես ինդիվիդուալիստ էի, դա հանցագործություն չէր համարվում,- իսկ հետո ավելացնում է,- փաստորեն դուք դրա մասի՞ն էլ գիտեք:

-       Մենք քո մասին դեռ այնքան բաներ գիտենք, ինչն որ նույնիսկ դու դեռ չգիտես, այ հենց հասնենք ՊԱԿ`դու ինքդ կճանաչես քեզ …

Սիրելի ընթերցողներ գրեթե նույն այս ոճը շարունակվում էր արդեն անկախացած Հայաստանում`մինչև որ իրականացրեցինք ոչ բռնի, զտարյուն հայկական ՍԻՐՈ հեղափոխությունը: Թող Կամսարի լուսավոր հոգին ցնծա:  

Սա էլ մեր սիրելի երգիծաբանի տան լուսանկարն է Երևանում:

Ահա նաև Լեռ Կամսարի ընտանիքը:

Ռուսերեն գրառումներն իմն են`թարգմանված գրքի համար: Դե ինչ, թող վերջապես նաև ռուսալեզու ընթերցողը նույնպես ծանոթանա մեր` հայ երգիծաբանին և նրա դաժան ճակատագրին: Մենք էլ հուսանք ու ամեն ջանք գործադրենք, որ Նոր Հայաստանում այլևս քաղաքական բանտարկյալներ չեն լինի:

Մեկնաբանություններ (5)

РОЗИТА
Наш Мудрец,,, и Человек с большым Сердцем
Գարեգին
Հարգելի նոր իշխանություններ։ Ժամանակը չէ՞ Մհերի և մյուս կասկածելի գործերով ցմահ նստած բանտարկյալների գործերը վերանայել։ Կյնաքը անցնում է իսկ անմեղ մարդիկ բանետրում կորցնում են առողջություն ու կյանքի թանկարժեք տարիները։
Գագիկ
Հզզզորա հզոր Լեռ Կամսարը, բայց դուել պակասը չես Մհեր ջան։ Միշտ ուրախ եմ քեզանից լավ լավ լուրեր լսելով, մնաց մի լուր, քո ազատության լուրը Եղբայր։ Սպասում եմ...
Արմեն
Էս տղուն ազատեք բանտից
Հասմիկ
Սիրելի Մհեր, Ձեր պատմությանը հետևում եմ արդեն 20 տարի: Առաջին անգամ մի հեռուստահաղորդման ժամանակ լսեցի: Այն ժամանակ դուք երիտասարդ էիք, ուսանող, նոր էիք դատապարտվել,հետո առիթ ունեցա անձամբ լսելու Ելենա Աղաջանովային, նրանց պատմութունը: Հետո մի օր պատահական իմացա, որ փախուստի եք դիմել,կարդացի ազատության մեջ գտնվելիս ձեր հոդվածը, շատ հուզիչ էր: Հատուկ ձեզանով չեմ հետաքրքրվել, բայց պարբերաբար Ձեր մասին լսելով, հիանում եմ Ձեր կամքի վրա,շատ ապրեք, չեք հուսահատվում: Երբ ազատության մեջ լինեք, անպայման կհանդիպենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter