HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի հայտարարագրած գույքի մի մասն իրենը չէ

Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է հունիսի 1-ին: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Նորանշանակ մարզպետը հայտարարագրել է թվով 10 անշարժ գույք՝ 2 բնակարան և 8 միավոր հողամաս, 3 ավտոմեքենա:

Նշենք, որ Ի. Սաղաթելյանը 2008-2009թթ. աշխատել է Հայաստանի ազգային արխիվում` որպես գիտաշխատող: Նույն տարիներին եղել է նաև ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական: 2009-2012թթ. աշխատել է Ազգային Ժողովում՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական: Իսկ 2016-2018թթ. եղել է բնապահպանության նախարարի խորհրդական:

Գեղարքունիքի մարզպետը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պետական հիմնարկներում հիմնականում հասարակական հիմունքներով է աշխատել: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պետական հիմնարկներում աշխատանքի դիմաց հիմնականում չի վարձատրվել: «Օրինակ, եթե աշխատել եմ 1 տարի 6 ամիս, 9 ամիսը հասարակական հիմունքներով է եղել»,- ասում է պարոն Սաղաթելյանը:

Մարզպետը, անդրադառնալով իր եկամուտներին և գույքին, նշեց, որ իր ընտանիքում 1990-ականներից հայրը տարբեր ոլորտներում բիզնեսով է զբաղվել, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ:

«Իսկ ես դեռևս ուսանողական տարիներից եմ ընկերություն ստեղծել՝ 2006թ.: Տուրիստական ընկերություն է, ներկայումս էլ գործում է: Ես ու իմ ընտանիքը պետական աշխատավարձով չենք ստեղծել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է 8 միավոր հողերին, մարզպետը նշեց, որ դրանք համատեղ սեփականություն են: Հողամասերը՝ գյուղատնտեսական, խոտհարք, տնամերձ փոքր մակերեսներով են:

«Կադաստրից հարցում անելուց հետո պարզեցի, որ իմ անունով կա: Ընտանիքի անդամների հետ է, 90-ականներին, որ հողերը բաժանել են, դրանք են»,- պարզաբանեց Գեղարքունիքի մարզպետը:

Նրա խոսքով՝ երկու բնակարաններից մեկը գնել է հիպոթեքով, իսկ մյուս բնակարանը ձեռք է բերել դեռևս 2008թ.: Մարզպետն ասում է, որ ընտանիքի անդամների թիվն ավելացել է, և բնակարանը այդ պատճառով է ձեռք բերել:

Անդրադառնալով հայտարարագրված «JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED», «JEEP GRAND CHEROKEE 4.0 I LAREDO» և «RANGE ROVER SPORT 5.0» մակնիշի ավտոմեքենաներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ «JEEP GRAND CHEROKEE» ավտոմեքենաները տարիներ առաջ վաճառել է իր բարեկամներին, բայց քանի որ անվանափոխություն չի կատարվել, այդ իսկ պատճառով հայտարարագրել է որպես սեփական գույք:

«Միշտ էլ լավ ավտոմեքենաներ ունեցել եմ՝ սկսած 2002 թվականից, նոր չէ»,- հավելեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը:

Իշխան Սաղաթելյանը 2006թ. հիմնել է «Ի-ՄԵԳԱ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն, որտեղ ունեցած բաժնեմասի արժեքը 50 000 դրամ է: Վերջինս ասաց, որ ճիշտ է՝ ինքն է «Ի-ՄԵԳԱ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ընկերությունում երբեք տնօրենի պաշտոն չի զբաղեցրել: Իսկ բաժնեմասը տրված է եղել հավատարմագրային կառավարման:

Դրամական միջոցների մասով մարզպետը նշեց, որ ապահովված ընտանիք ունի, քանի որ միշտ աշխատել են: Սակայն, եկամուտի մի մասը վարկային գծեր են, մինչդեռ հայտարարագիրը հնարավորություն չի տալիս դա արտացոլել:

«Բանկերում վարկային գծեր ունեմ և պարտավոր էի դրանք ներկայացնել որպես իմ գումար, քանի որ բանկային քարտերիս վրա են նստած: Ձեր հետաքրքրության համար մի բան էլ ասեմ, որ այս պահին հայտարարագրում չկա, բայց ասեմ: Մի ընկերություն էլ կա, որ կնոջս անունով է, զբաղվում է հյուրանոցների կառավարմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ մարզպետի կինը՝ Լիանա Խաչատրյանը, «ԻՆՎԵՍՏ ՀՈԹԵԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրել է 2016թ. նոյեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter