HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հետքի» հոդվածից հետո պաշտոնյաները պատասխանել են էթիկայի հանձնաժողովին. ինչպե՞ս է վերջինս ստուգում տվյալները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետքի» հրապարակման վերաբերյալ ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները: Խոսքը Չեխիայում ընկերություններ հիմնած ներկա ու արդեն նախկին հայ պաշտոնյաների եւ նրանց հարազատների մասին է՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի («Unitezza Group»), Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի («ZIKATAR»), էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին փոխնախարար Կարեն Ղահրամանյանի («EDIKAR COMPANY») եւ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի («OMIRA»):

Դեսպանին առաջարկել են լրացնել պակասող տվյալները

Դեսպան Թումանյանը «Հետքին» ուղարկած պարզաբանման մեջ չէր էլ հերքել, որ ընկերություն ունի Չեխիայում (հիմնադրվել է 2008-ին), սակայն նշել էր, որ այն գործունեություն չի ծավալում, եւ դեռ 2009-ին դիմում է ուղարկվել չեխական մարմիններին այն լուծարելու վերաբերյալ: Այդուհանդերձ, ինչպես գրել էինք, «Unitezza Group» ՍՊԸ-ն դեռ չի լուծարվել: Ա. Թումանյանն այս ընկերությունում ունի 52 տոկոս փայ (104.000 կրոն կամ 2,4 մլն դրամ), 16 տոկոսի սեփականատեր են կինը՝ Անահիտ Շահվերդյանը, դուստրը՝ Լիլիթ Թումանյանը, փեսան՝ Կարեն Գրիգորյանը: 2015-ին դեսպան նշանակվելիս Ա. Թումանյանն իր փայը չէր հայտարարագրել:   

Էթիկայի հանձնաժողովը նրան առաջարկել է ուղղում կատարել պաշտոնը ստանձնելու առիթով ներկայացրած հայտարարագրում՝ լրացնելով ՍՊԸ-ում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ տվյալները: Դեսպանն առայժմ փոփոխություն չի կատարել:  

Չի գործում նաեւ դեսպանի որդու՝ Սամվել Թումանյանի եւ վերջինիս կնոջ՝ Լաուրա Բադալյանի չեխական ընկերությունը՝ «Tumanyan Group» ՍՊԸ-ն, որը եւս հիմնադրվել է 2008-ին: Բայց մյուս կողմից՝ սա նույնպես առ այսօր լուծարված չէ: Այդուհանդերձ, քանի որ Ս. Թումանյանն ու կինը դեսպանի ընտանիքի անդամ չեն հայտարարագրվել (բնակվում են առանձին), չեն համարվում հայտարարատու անձ: Այս պատճառով էթիկայի հանձնաժողովը նրանցից պարզաբանում չի պահանջել: Մենք էլ հոդվածում պարզապես արձանագրել էինք դեսպանի հարազատների՝ ընկերություն ունենալու փաստը:

Տավուշի նախկին մարզպետը 4 տարի անց է հայտարարագիր ներկայացրել

Հետաքրքիր է Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի հետ կապված իրավիճակը: Գրել էինք, որ դեռ 2014-ին պաշտոնը ստանձնելիս նա չի ներկայացրել հայտարարագիր: Աբովյանը 2009-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել է չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր եւ այն վերանվանել «ZIKATAR»: Ամուսինները գրանցվել են նաեւ ընկերության տնօրեններ, ինչի իրավունքը Աբովյանը չուներ, քանի որ այդ ժամանակ մաքսային ծառայող էր, իսկ նման ծառայողներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մինչ օրս Հ. Աբովյանը գրանցված է որպես տնօրեն, բայց 2014-ից հետո էլ դրա իրավունքը չուներ, քանի որ մարզպետը հանրային ծառայող է, ում արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Հովիկ Աբովյանն աշխատանքից ազատվել է մեկ ամիս առաջ՝ հունիսի 1-ին, եւ միայն հունիսի 26-ին է ներկայացրել հայտարարագրեր: Այո, միանգամից երկու հայտարարագիր, մեկը՝ 2014-ին պաշտոնը ստանձնելու, մյուսը՝ տակավին վերջերս այն դադարեցնելու առիթով: Էթիկայի հանձնաժողովը լավ կաներ սույն անձից պահանջեր ու ստանար 2014-ի հայտարարագիրը դեռ 4 տարի առաջ: Ու ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես կարող է որեւէ անձ ճշգրիտ տվյալներ ներկայացնել իր ունեցվածքի մասին 4 տարի անց: Արդյո՞ք այդ տվյալներն արժանահավատ են:

«ZIKATAR»-ում նախկին մարզպետն ունեցել է 51 տոկոս փայ (102.000 կրոն կամ մոտ 2,3 մլն դրամ): «Հ. Աբովյանը ներկայացրել է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, որոնցում լրացված են տվյալներ «Զիկատար» ընկերության մասին»,- հայտնել է հանձնաժողովը:

Այսպես՝ 4 տարվա ուշացումով նա հայտարարագրել է բաժնեմաս, որի արժույթը չեխական կրոնը կամ հայկական դրամը չէ, այլ ամերիկյան դոլարը՝ 5000 դոլար: Սա, թերեւս, համարժեք է նրա փայի իրական չափին, սակայն պաշտոնի դադարեցման առիթով ներկայացրած հայտարարագրում Աբովյանը նշել է բաժնեմասի այլ չափ՝ 1.250.000 դրամ, ինչն ավելի փոքր է, քան չեխական բաժնեմասը: Այսպես պնդում ենք, քանի որ սա հայտարարագրված միակ բաժնեմասն է, բայց չեխական ռեգիստրի համաձայն՝ որեւէ փոփոխություն Աբովյանի ունեցվածքում տեղի չի ունեցել՝ նա շարունակում է մնալ 51 տոկոսի (102.000 կրոն կամ այս պահի փոխարժեքով՝ 2,2 մլն դրամ) սեփականատեր, հետեւաբար էթիկայի հանձնաժողովը մատների արանքով է նայել Աբովյանի ներկայացրած թվին:      

Անդրադառնալով Ա. Թումանյանի եւ Հ. Աբովյանի հայտարարագրերին՝ հանձնաժողովը գրել է. «Հայտարարագրմանն առնչվող խախտումների եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Հետեւաբար՝ վերոնշյալ երկու դեպքերում մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը ներկայացված հայտարարագրերում արտացոլված տվյալների մասով վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ չէին կարող հարուցվել»: Մեր կողմից էլ ճշգրտենք, որ 2018-ի հայտարարագրում Հ. Աբովյանը, ինչպես ասվեց, այլ թիվ է ներկայացրել, այնպես որ հանձնաժողովը մեծ ցանկության դեպքում կարող է վարույթ հարուցել:  

Աղվան Հովսեփյանի միջնեկ որդու՝ Միսակ Հովսեփյանի մասին էլ հանձնաժողովը հայտնել է հետեւյալը. «Միսակ Հովսեփյանը ներկայացրել է 2011, 2012 եւ 2017 թթ. տարեկան հայտարարագրեր՝ որպես հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Օմիրա» («OMIRA») ընկերությունը գրանցվել է 2010 թվականին՝ ներկայացված հայտարարագրերում դրա վերաբերյալ տվյալներ լրացնելու պարտականություն Մ. Հովսեփյանը չի ունեցել»: Հոդվածում մենք պարզապես արձանագրել էինք, որ պաշտոնյայի որդին 200.000 կրոն կապիտալով «OMIRA» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է. ընկերությունը ներկայում, թերեւս, չի գործում, բայց լուծարված էլ չէ:

Նախկին փոխնախարարի ասելով՝ իր ընկերությունն օտարել է դեռ 2 տարի առաջ. իրո՞ք

Անդրադարձել էինք նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին փոխնախարար Կարեն Ղահրամանյանին, ով Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է: Կ. Ղահրամանյանն ու կինը՝ Էդիտա Շեկոյանը, 2010-ին Չեխիայում հիմնել են «EDIKAR COMPANY» ՍՊԸ-ն 50-50 համամասնությամբ (յուրաքանչյուրի փայը՝ 100.000 կրոն) ու դարձել դրա տնօրեններ: Ղահրամանյանը տնօրեն գրանցվելու իրավունք չուներ, քանի որ նույն նախարարության աշխատակազմի ղեկավար էր 2004-2018 թթ., այսինքն՝ հանրային ծառայող, ում արգելված է զբաղվել ձեռնարկատիրությամբ:   

Ահա, թե ինչ է գրել հանձնաժողովը Ղահրամանյանի մասին, ում առաջարկել է ներկայացնել պարզաբանում մասնաբաժինը հայտարարագրում չարտացոլելու վերաբերյալ. «Չեխիայի Հանրապետության իրավաբանական անձանց էլեկտրոնային շտեմարանում առկա թարմացված տվյալների համաձայն՝ Կարեն Ղահրամանյանը եւ Էդիտա Շեկոյանը 2016 թ. ընկերության ժողովի արձանագրությամբ օտարել են տվյալ ընկերությունում իրենց բաժնեմասերը, ինչպես նաեւ դադարեցվել են որպես տնօրեն վերջիններիս լիազորությունները: Այս կապակցությամբ առկա է նաեւ Պրահայի քաղաքային դատարանի որոշումը համապատասխան գրանցում կատարելու վերաբերյալ»:

Փաստորեն, եթե հավատալու լինենք գրվածին, Կ. Ղահրամանյանը օրենսդրության խախտում չի կատարել եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվի: Թե ինչպես է հանձնաժողովը ստուգել նախկին պաշտոնյայի պարզաբանումները, հենց հանձնաժողովի խնդիրն է: Հարցն այն է, որ պաշտոնական ռեգիստրում Ղահրամանյանն ու Շեկոյանը ՍՊԸ-ից դուրս են գրվել 2018-ի հունիսի 22-ին՝ օրեր առաջ: Նրանք իրենց բաժնեմասերը փոխանցել են Ուկրաինայի Լվով քաղաքի բնակիչ Վասիլ Պացկանին, իսկ տնօրեն է դարձել Պրահայի բնակիչ Իվան Լեգենին: Սա՝ «թարմացված տվյալների» մասին:

Ռեգիստրում առկա են նաեւ ՍՊԸ-ի փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այո, դրանցից վերջինը կազմվել է 2016-ի մայիսի 5-ին Ղահրամանյանի ու Շեկոյանի կողմից, բայց, ի տարբերություն մյուս փաստաթղթերի, նոտարի կողմից վավերացված չէ: Հոդվածում նշել էինք, որ ռեգիստրում առկա են միայն ընկերության հիմնադրման փաստաթղթերը, այսինքն՝ հանձնաժողովի նշած թուղթը նոր է հայտնվել այնտեղ: Ավելին՝ մասնաբաժինների ու տնօրենի պաշտոնի փոխանցման այս փաստաղթուղթը, համաձայն չեխական ռեգիստրի, դատարան է մտել 2018-ի հունիսի 6-ին, ինչի հիման վրա էլ ռեգիստրը սեփականատերերի փոփոխություն է կատարել:

Հարց է ծագում, թե ինչու են ամուսինները, ինչպես հանձնաժողովն է ասում, հրաժարվել իրենց ընկերությունից դեռ 2016-ին ու միայն մեր հրապարակումից եւ հանձնաժողովի հետաքրքրվելուց հետո դիմել դատարան: Եթե հանձնաժողովը հնարավորություն ունի ուսումնասիրել չեխական ռեգիստրը, այս ամենը նրան նույնպես պիտի տարօրինակ թվար: Եվ ամենակարեւորը՝ անկախ նրանից, թե իրականում երբ են Ղահրամանյանն ու Շեկոյանը փաստաթուղթ կազմել, իրողությունն այն է, որ թե՛ դատարանը, թե՛ ռեգիստրը դրա մասին տեղեկացել ու պաշտոնական փոփոխություններ են կատարել ընդամենը վերջերս:

Այնպես որ այս պարագայում, մեր համոզմամբ, հանձնաժողովը բոլոր հիմքերն ունի գործի դնելու 2017-ի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտած իրավադրույթները եւ վարույթ հարուցելու Կարեն Ղահրամանյանի հանդեպ:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter