Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Վեոլիա Ջուր»-ը մանրամասնում է ջրանջատումների պատճառները և խոստանում մի քանի օրից ապահովել բնականոն ջրամատակարարում




Արդեն մեկ շաբաթ է՝ «Հետք»-ը Երևանի տարբեր վարչական շրջաններից բողոքներ է ստանում, որ առանց նախազգուշացման «Վեոլիա Ջուր» ընկերությունը դադարեցրել է ջրամակարարումը: Բնակիչները բողոքում են, որ որևէ հեռախոսազանգի կամ լրատվամիջոցի միջոցով ընկերությունը չի զգուշացրել ջրամատակարարման դադարեցման մասին և իրենց հեռախոսազանգերին ի պատասխան՝ ընկերությունից հստակ չեն տեղեկացնում, թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ երեկոյան տեղեկացրեց, որ պլանային ջրանջատումներ են սպասվում ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ մարզերում:

Ընկերության փոխանցմամբ՝ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է երկու վթարներով. վթարվել է ջրատարը, որի միջոցով «Արարատյան» պոմպակայանից ջուրը մղվում է Երևան և պոմպակայանը, որտեղ տեղադրված են ջուրը մղող պոմպերը:

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի փոխանցմամբ՝ ուրբաթ օրվանից ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, որոնք առաջացել են տապ եղանակի պատճառով: Տնօրենի փոխանցմամբ՝ այս օրերին ամբողջ հանրապետությունում յուրաքանչյուր օր 2000 խմ-ով ավելի ջուր է սպառվում: Սակայն ջրանջատումների հիմնական պատճառն «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարն է, որից բացի՝ զանազան մանր և խոշոր վթարներ են գրանցվել մայր ջրատարի վրա, որը միացվում է Երևանում գտնվող ջրամբարին:

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն

«500 լիտր ջուր կարողացել ենք վայրկյանում հավելել որպես ջրամատակարարում՝ դեպի Երևանում գտնվող ջրամբարներ, և եթե մեզ հաջողվի այդ 500 լիտր/վայրկյան ջրի քանակը պահել, այդ պարագայում արդեն իսկ կկարողանանք վերականգնել բնականոն իրավիճակը: Միակ ուղերձը, որը կցանականայի անպայման կիսել ձեզ հետ, այն է, որ ի հեճուկս բավարար ջրաքանակի, բաժանորդները ավելի խնայողաբար վերաբերեին ջրին և այն չմսխեին ամենուրեք՝ զանազան պատճառներից ելնելով, քանի որ արդեն իսկ կա ջրի գերսպառում, և ջրի մսխումը այս պարագայում պարզապես անթույլատրելի է»,- նշեց Լըֆեն:

Ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ վերջին 5 տարիների ընթացքում հանրապետությունում ջրմատակարարման նման վթար չէր գրանցվել: Նրա փոխանցմամբ՝ Երևանի վարչական շրջաններում անկանոն ջրանջատումները պայամանավորված են «Արարատյան» պոմպակայանի և ջրատար համակարգի վթարներով: Այսինքն՝ վթարվել է 1000 մմ տրամագծով պոմպակայանից դեպի քաղաք սպասարկող խողովակաշարը:

«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը

Գրիգորյանը հավաստում է, որ հնարավոր այդ վթարը կանխատեսել, քանի որ այդ պոպմակայանը ընկերությունը ռեզերվային տարբերակում օգտագործելու համար էր նախատեսել: «Այսինքն, մինչ ամառային շոգին հասնելը մենք նախապատրաստական աշխատանքներ էինք արել այնպես, որպեսզի պատրաստ լինեինք ցանկացած ժամին գործարկելուն: Այսինքն՝ գործարկել էինք պոմպերը, ստուգել էինք դրանց տեխնիկական վիճակը, ստուգել էինք նաև ջրատար համակարգը, վերացրել էինք բոլոր խնդիրները, բայց փաստացի ստացվեց այնպես, որ համակարգը հին է ու շատ վատ վիճակում է գտնվում, վթարները անկախանտեսելի են»,- ասաց Գրիգորյանը:

Ընկերության գործառնական տնօրենի խոսքով՝ այս պահին պոմպակայանից դեպի Երևան մատակարարվող ջուրը վայրկյանում 500 լիտր է, որը ապահովում է մայրաքաղաքի ջրապահանջի պակասորդը: Ընկերությունը նախատեսել է մինչ շաբաթվա վերջ կարգավորել վերանորոգման աշխատանքները և բնականոն հունով վերականգնել ջրամատակարարումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ