HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Բերդավանի գինու գործարանը» վերսկսել է աշխատանքը

«Բերդավանի գինու գործարանը» գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի ծայրամասում։ Անտառամիջյան փոքր ճանապարհը տանում է դեպի գործարան։ Գործարան մտնելիս երեւում են Սովետական Միությունից ժառանգություն մնացած շենքերը, հենց գինու մառանի կամարի վրա էլ երեւում են սովետական մուրճն ու մանգաղը։ Տարածքում հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Մեր գտնվելու պահին վարպետները ներկում էին գործարանի մուտքի դարպասները։ Գործարանն այս տարվա մայիս ամսից է վերսկսել աշխատանքը։

«Բերդավանի գինու գործարանը» հիմնադրվել է 1946 թ.-ին, աշխատել մինչեւ ԽՍՀՄ փլուզում, մթերել մոտ 10 հազար տոննա խաղող: 1996-ին սեփականաշնորհվել է, դարձել հիմնականում խաղողի մթերման կետ, որտեղ ընդունվել է Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների խաղողը, իսկ այնտեղից՝ տեղափոխվել գինի եւ կոնյակ արտադրող այլ գործարաններ։ Գործարանի աշխատանքը համակարգում է մասնագիտությամբ գինեգործ Գագիկ Աղաբաբյանը։

Գագիկ Աղաբաբյանը եղել է «Իջեւանի գինու եւ կոնյակի» գործարանի գլխավոր գինեգործ-կոնյակագործը, երկար տարիներ աշխատելուց հետո միտք է ունեցել վերականգնել նաեւ հայրենի համայնքի գործարանի աշխատանքը։

Արտադրամասի տարածքում մեծ տարաներ են, որտեղ պահվում է միրգը։ Գործադիր տնօրենը բացում է տարաներից մեկի երկաթե դռնակը եւ ցույց տալիս խմորում անցնող բալը: Ասում է, որ այդպես պատրաստվում է բնական կոկտեյլ։

Սրահներից մեկում ցույց է տալիս կոնյակ թորող սարքավորումը, ասում, որ անցած տարվա խաղողի հումքից հիմա կոնյակ են թորում։ «Կոնյակի սպիրտը հետագայում կտեղափոխվի տակառների մեջ եւ կհնեցվի մառանում»,- պատմում է կոնյակագործը։

Գագիկ Աղաբաբյանը թեեւ նշում է, որ Տավուշի մարզը նպատակահարմար է կոնյակի արտադրության համար, սակայն սպառման համար մտահոգված է։ Ասում է՝ կոնյակի արտադրման համապատասխան թույլտվությունը ձեռք բերելու համար պետք է պարտադիր վճարել 15 մլն դրամ։ «Անկախ նրանից, թե մեկ շիշ ես արտադրում, թե մեկ մլն շիշ, պետք է վճարես պետվճար: Մենք այս տարի կարող ենք արտադրել 40-50 հազար շիշ, սակայն եթե 15 մլն վճարենք, շահույթ չի ստացվի»,- ասում է գործադիր տնօրենը։

Գործարանում հիմա պատրաստվում է սպիտակ չոր եւ կիսաքացր, կարմիր չոր եւ կիսաքաղցր գինի, սապերավի տեսակի գինի, ինչպես նաեւ վարդի, բալի, սալորի գինիներ, կոնյակի սպիրտ՝ 3, 5 եւ 7 տարեկան, գործարանում նաեւ օղի են թորում։

Հիմնադիր Արշակ եւ Կարեն Ավագյանները եւ տնօրեն Գագիկ Աղաբաբյանը որոշել են ոչ միայն գինի ու կոնյակ արտադրել, այլեւ պահածոների արտադրություն հիմնել։ Գործադիր տնօրենն ասում է, որ որոշել են արտադրանքի տեսականին մեծացնել, որ հետագայում կարողանան հեշտ շուկա մտնել։ «Այս տարին նոր ենք սկսել, բայց արդեն հասցրել եմ աշխատել 230 անհատի հետ։ Մեզ մթերք են հանձնել, որի դիմաց վճարվել են, Չարենցավանից վարդ եմ գնել, Իջեւանից՝ սինդրիկ ու շուշան, Կոթիից մոռ են բերում, Բերդավանից թութ եմ ընդունում: Այս գործարանը ինչ-որ տեսակետից դադարում է միայն բիզնես լինել, դառնում է գյուղացու թիկունքին կանգնած ամրոց, եւ թշնամու կրակի տակ այգի մշակող գյուղացուն ոգեշնչելու միջոց»։

Ցույց է տալիս նաեւ եգիպտացորենի փոքր դաշտը, ասում, որ երբ բերքը հավաքեն, հետո այդ նույն տարածքում ծաղկակաղամբ են ցանելու, որպեսզի տարածքը հնարավորինս արդյունավետ օգտագործվի։

Գործարանի մի սրահում դեղձի ու ընկույզի մուրաբաներ են պատրաստում։ Աշխատողներից տիկին Շուշանը, ով փայտե մեծ շերեփով խառնում էր մուրաբան, ասում, որ կարեւոր է լինել ուշադիր՝ պահպանել մաքրությունը, տեսքը, համը։ Իսկ մյուս սեղանին վարդի բնական հյութն է շշալցվում։ Նույն տարածքում հյութը, մուրաբան համապատասխան տարաներ են տեղավորում։

Պատրաստի արտադրանքը պահեստ են տեղափոխվում։ Պահեստային շենքը վթարային է, գործարանը հիմնադրողների համար կառույցն ամրացնելը եւ նորոգելը առաջնային է։ Հիմնադիր տնօրենը ցույց է տալիս նաեւ գինու ցուցադրության համար նախատեսված դահլիճը եւ մառանը։ Մառանը երեք մետր խորություն ունի, բետոնեպատ է, ծառայել է նաեւ որպես ապաստարան, քանի որ գինու գործարանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ։ Մառանում մի քանի տակառներ են։ Գինեգործն ասում է, որ գործարանի տարածքում որոշել են նաեւ փայտից տակառներ եւս պատրաստել եւ սրահով մեկ տակառներ տեղադրել։

Պահածոները եւ գինին դեռ երկու ամիս կմնան «Բերդավանի գինու եւ կոնյակի» գործարանի տարածքում, հետո դուրս կբերվեն շուկա։ Այս պահին գինիները, պահածոները պիտակավորում չունեն։ Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ դիզայներների հետ բրենդը ներկայացնելու ձեւը քննարկման փուլում է, իսկ գինիների համար արդեն մշակել են տուփերի դիզայնը։ Արտադրանքը կներկայացնեն ոչ միայն Հայաստանում, այլեւ կարտահանեն Ռուսաստան, Բելառուս եւ ԱՄՆ։

Մեկնաբանություններ (1)

ani
CONGRATULATIONS, dear Armenians !! Go on taking your destiny in own hands , and with work, disciplin and GOD's help, you will have a better life and prouve the world, that you are able professionnels, not beggers ! God bless you !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter