HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորանշանակ մարզպետի վարկերի չափը «համատեղելի» չէ եկամուտներին

Մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել է հունիսի 8-ին: Մինչ այդ, նա զբաղեցրել է առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նաև բժշկական այլ հաստատություններում:

Գագիկ Միրիջանյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում մասնավոր հատվածում չի աշխատել: Այդ առումով ուշագրավ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի բովանդակությունը: Նշենք, որ հայտարարագիրը վերաբերում է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքին ու եկամուտներին:

Մասնավորապես՝ նորանշանակ մարզպետը հայտարարագրել է մոտ 63 մլն 390 հազար դրամ և 156 հազար 741 դոլար, որից աշխատավարձ է միայն մոտ 2 մլն 258 հազար դրամը, իսկ մնացածը վարկեր են: Ստացվում է, որ միայն դրամային արժույթով վարկերը մոտ 27 անգամ գերազանցում են պաշտոնյայի եկամուտը:

Գագիկ Միրիջանյանը հայտարարագրել է նաև թվով 2 բնակարան և 1 արտադրական նշանակության շինություն: Մարզպետն ունի նաև «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա:


Արմավիրի մարզպետը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ունեցած վարկերը կարելի է ասել՝ «ընտանեկան» են:

Գագիկ Միրիջանյանն ասաց, որ վարկերից մոտ 51 մլն դրամը ուղղվելու է բիզնես ոլորտ: Բիզնեսով զբաղվելու է հայրը: «Քանի որ հայրս 62 տարեկան է, վարկն իմ անունով է ձևակերպվել»,- ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է 156 հազար 741 դոլար վարկին, ապա ըստ Գագիկ Միրիջանյանի, նշվածը հիպոթեքային վարկ է, որով ձեռք են բերվել իր երկու բնակարանները:

Գագիկ Միրիջանյանը 2015-2016 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնըՆա այդ ժամանակ դարձյալ հայտարարագրել է ունեցվածքը՝ նշելով պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքն ու եկամուտները (2015թփետրվարի 12)Մասնավորապես, 2015թ.-ին, երբ ստանձնում էր պաշտոնը, դարձյալ հայտարարագրել էր 2 բնակարան, մեկ արտադրական նշանակության շինություն և մեկ հողամաս: Այդ ժամանակ փոխնախարար Միրիջանյանի եկամուտը կազմել է մոտ 5 մլն դրամ, իսկ ունեցած դրամական միջոցները՝ 2 մլն 492 հազար դրամ և 8 հազար դոլար:

Ինչ վերաբերում է 2015թտարեկան հայտարարագրին, ապա Գագիկ Միրիջանյանը 34 մլն 595 հազար դրամով վաճառել է բնակարան և 58 մլն 800 հազար դրամով ձեռք բերել նորը: 2015թ. նա ունեցել է 43 մլն 281 հազար դրամ եկամուտ, որի մեջ մտնում է նաև բնակարանի վաճառքի գումարը: Գագիկ Միրիջանյանին եկամուտ ապահովել է նաև ստացած վարկը, որը կազմել է 84 հազար դոլար:

2015թ. փոխնախարար Միրիջանյանի կինը՝ Ասյա Եսայանը, ունեցել է ընդամենը 347 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ ունեցած դրամական միջոցները կազմել են 1 մլն 800 հազար դրամ և 4000 դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter