HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալեքսանդր Սարգսյանի որդին կասկածվում է հրազենի գործադրման մեջ․ 2007թ․ կարճված գործը վերաբացվում է

Գլխավոր դատախազությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գլխավոր դատախազը, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, որոշել է վերացնել դեռևս 2007թ.-ին անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Գլխավոր դատախազությունը որոշել է իրականացնել նոր նախաքննություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքով:

Վերաբացված գործում արդեն ներգրավվել են Սերժ Սարգսյանի եղբորորդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․ Սիմոնյանին։ 

Դեպքի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքով:

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատել է, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Արթուր Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործը կարճել:

Սակայն դեպքից 11 տարի անց՝ 2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և տեղեկացրել, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Հ. Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբորորդին է՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ով բնակվում է Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտվող շենքում՝  այն տարածքում, որտեղ կրակել են Դ. Սիմոնյանի վրա և նրան մարմնական վնասվածք պատճառել: Հայկ Սարգսյանի գրանցման հասցեում նաև հաշվառված է հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը և մյուս եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, ով ևս, քաղաքացու փոխանցմամբ, տեղյակ է եղել այս գործից:

Դ. Սիմոնյանը դատախազությանը հայտնել է, որ 2007 թվականի այդ օրը Թումանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Արթուր Ղևոնդյանի հետ, երբ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ, որ կսպանի Դ. Սիմոնյանին, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է նրա որովայնին: Մինչ Հայկ Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Արթուր Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը և կատարվածի մասին տեղեկացնել Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Դ. Սիմոնյանին ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո Դ. Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Արթուր Ղևոդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Սերժ Սարգսյանի եղբորորդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, սպառնացել են, որ հակառակ դեպքում Դ. Սիմոնյանը երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել կարճված քրեական գործով, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցել՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքով:

Գլխավոր դատախազը 2018 թվականի հուլիսի 3-ին որոշել է քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հավելենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այս պահին խուզարկություն են կատարում Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, որտեղ և գրանցված են Հայկ և Նարեկ Սարգսյանները:

լուսանկարը՝ Հայկ Սարգսյանի ֆբ էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter