HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն առաջարկում է, որ խորհրդարանը ևս հայկական արտադրության համակարգիչներ ձեռք բերի

Կառավարությունը հրաժարվել է Apple ընկերության համակարգիչներից և այսուհետ կկիրառի հայկական արտադրության համակարգիչներ։ Կառավարության այսօրվա նիստին դահլիճում տեղադրված էին հենց այդ համակարգիչները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ որոշմանը։

«Կառավարության նիստի համակարգչային ապահովումը փոխվել է, այն դահլիճի փոփոխության հետ չէ կապված, մոտեցման փոփոխություն է, ինչպես տեսնում եք հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված և վերևի դահլիճում նույնպես այդ փոփոխությունը լինելու է։ Սա է մեր քաղաքական մոտեցումը, մենք հայտարարել ենք՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում՝ ոչ միայն ծրագրային ապահովման իմաստով, այլ՝ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իր ուղերձը հստակ կընկալվի և՛ Հայաստանում և՛ Հայաստանի սահմաններից դուրս։

Փաշինյանի կարծիքով՝ ոչ միայն կառավարությունը, այլև խորհրդարանը պետք է օգտագործի հայկական արտադրության համակարգիչներ։

«Ես կարծում եմ, որ պետք է առաջարկենք, որ ԱԺ-ում նույնպես այսպիսի փոխոխություն լինի, և կարծում եմ նաև արժի անհրաժեշտության դեպքում խորհրդարանին ֆինանսական աջակցություն ցուցաբերենք, որպեսզի ԱԺ նիստերի դահլիճում նույնպես տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝  Հայաստանի կառավարության համար շատ կարևոր է, որ հայկական արտադրությունը զարգանա։

«Եւ մենք բոլորս մեր առօրյա գնումներով մեր նախապատվությունը տանք հայկական արտադրությանը և հայկական արտադրողներին, եթե համակարգիչների պարագայում նման հնարավորություն կա, պատկերացրեք, որ մյուս պարագաներում ևս նման բազմաթիվ հնարավորություններ կան»,- ասաց նա։

Վարչապետը կոչ արեց բոլոր քաղաքացիներին գնումներ կատարել՝ նախապատվությունը տալով հայկական արտադրությանը, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի, դա հաճելի է և շահավետ, ինչպես նաև մեծացնում է տեղական արտադրողների հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter