Երկուշաբթի, 23 հուլիսի

Հայկական ժողովրդավարություն. ցնո՞րք, թե՞ իրականություն



Ավետիք Իշխանյան

Քաղաքական, հասարակական տարբեր հարթակներում մշտական քննարկման առարկա է  Հայաստանում, այպես կոչված, ազատ, արդար, թափանցիկ, դեռ մի բան էլ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը։

Հայաստանում ժողովրդավարության հաստատման առաջին փորձը կարելի է համարել 1919թ․ հունիսի 4-ին առաջին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ընտրական օրենքը  եղել է բավականին ազատական։ Ընտրելու իրավունք են ունեցել կանայք, փախստականները, երբ դեռևս եվրոպական շատ երկրներում նույն կանայք զրկված էին ընտրական իրավունքից։ Ընտրություններն անցել են 100% -անոց համամասնական ընտրակարգով։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանի 80 պատգամավորներից 72-ը ներկայացնում էին  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Այն տարիների մամուլն ընթերցելիս ուղղակի  շշմում ես, թե ինչպես են անցել ընտրությունները՝ սպառնալիքներով, ընտրակաշառքով (բնամթերք) և այլն։ Ընտրություններում մեծ դեր են ունեցել տարատեսակ զինված խմբավորումները՝ խմբապետեր, մաուզերիստներ (այն տարիների երկրապահները): Տարիներ առաջ վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ներկայացրեց, թե նույն թվականին ինչպես են անցել Ալեքսանդրապոլի (Գյումրի) քաղաքապետի ընտրությունները։ Նույն պատկերը։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ առաջին հանրապետության հետագա քաղաքական զարգացումներին, թե ինչպես, փաստորեն,  ընդդիմություն չունեցող խորհրդարանում ՀՅԴ-ից ստեղծվեց ընդդիմադիր խմբակցություն Քաջազնունու գլխավորությամբ, իսկ 1920թ․ հաստատվեց  ՀՅԴ-ի կուսակցական դիկտատուրա։ Փաստն այն է, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման առաջին փորձը ձախողվեց։

Քննարկել ժողովրդավարության հարցը Խորհրդային Հայաստանում, կարծում եմ, ավելորդ մտավարժանք է։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին «մասնակցում»  էին ԿԿ Կենտկոմի հաստատած թեկնածուները և, բնականաբար, հաղթում էր կոմունիստների և անկուսակցականների անխախտ դաշինքը։ 

Սակայն, զարմանալիորեն, ԽՍՀՄ-ում այդ ավանդույթը խախտվեց հենց Հայաստանում` 1988-89թթ․, երբ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավորական թափուր տեղերի համար արցախյան շարժումն առաջադրեց իր թեկնածուներին և, դիմակայելով Կոմկուսի հզոր վարչա-հրամայական ճնշումներին, ՀՀ Գերագույն Խորհրդում ունեցավ իր ներկայացուցիչները` հանձինս Աշոտ Մանուչարյանի, Խաչիկ Ստամբոլցյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռաֆայել Ղազարյանի։ Հիշում եմ այն «վերակառուցման» տարիներին ԽՍՀՄ ողջ տարածքի ժողովրդավարական համարվող ուժերը որքան էին զարմացած և հիացած հայաստանյան փորձով։ Իմ լենինգրադյան և մերձբալթյան ընկերները շշմած հարցնում էին․ «Ո՞նց, ընտրություններին թեկնածու առաջարկեցիք և հաղթեցի՞ք»։ Եվ հայաստանյան փորձը օրինակ ծառայեց ԽՍՀՄ ողջ տարածքում, այն է՝  ընտրություններն օգտագործել Կոմկուսին մենաշնորհից զրկելու համար։ Այդ օրինակով անցան 1989թ․ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ընտրությունները, որից հետո  էլ ԽՍՀՄ փլուզումն արդեն  կարճ ժամանակի հարց էր։

1990թ․ մայիսին դեռևս ԽՍՀՄ ընտրական օրենքով Հայաստանում տեղի ունեցան  ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի հերթական ընտրությունները։ Մինչ այդ, Հայաստանում արդեն տիրում էր երկիշխանություն։ Օրինական իշխանությունը դեռևս Կոմկուսինն էր, բայց փաստացի այն պատկանում  էր Հայոց Համազգային շարժմանը ( ՀՀՇ):

Տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ 1990թ․ ընտրությունները ներկայացնում են որպես լավագույն, օրինական ընտրություններ` թեև  անցկացված ԽՍՀՄ օրենքներով:

Արդյո՞ք․․․ Հիշենք, որ շրջաններից հիմնականում ընտրվեցին կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները` օգտագործելով իրենց իշխանությունն ու վարչական ռեսուրսները։ Երևանում և մեծ քաղաքներում հաղթեցին ՀՀՇ-ի ցուցակով ներկայացված թեկնածուները` երբեմն ՀՀՇ-ի ակտիվիստների սպառնալիքների, երբեմն էլ` կեղծիքների օգնությամբ։ Այպես` գործող օրենքով ընտրությունները համարվում էին կայացած, եթե մասնակցում էին ընտրողների 50%–ից ավելին: Շատ տեղամասերում, չնայած առաջին տեղը գրավել էին ՀՀՇ-ի ներկայացուցիչները, սակայն քվորում ապահովված չէր։ Եվ չնայած ընտրական օրենքով նախատեսված չէր, ՀՀՇ ակտիվիստները ձեռնամուխ եղան, այսպես կոչված, ընտրացուցակների մաքրմանը, այն է՝ ընտրացուցակներից հանել ընտրություններին չմասնակցածներին` ապահովելով քվորումը և պատգամավոր դարձնելով յուրայինին։ Կարո՞ղ էր, արդյոք, արդեն  շարժումից սարսափած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմադրել ՀՀՇ-ին։ Իհարկե՝ ոչ։ Ամեն դեպքում, արդեն 260-ից 203 պատգամավորներով ձևավորված ԳԽ-ում մեծամասնություն կազմում էին կոմունիստները։ Բայց, ինչպես 2018թ․ մայիսի 8-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ այն ժամանակ ՀՀՇ-ի կողմն էր։ Մի քանի փուլով անցան ՀՀ ԳԽ նախագահի ընտրությունները։ ԵՎ ՀՀՇ-ի ճնշումներին և սպառնալիքներին (ընդհուպ ռումինական տարբերակով, Ալբերտ Բաղդասարյան) կոմունիստներն, ի վերջո,  տեղի տվեցին, և ԳԽ  նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հաջորդը 1991թ․ սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեն էր։ Հիշում եմ, թե ինչպես էի ես` միամիտս,  անհանգստանում հանրաքվեի արդյունքներին սպասելիս։ Նույն օրը Տիգրան Սարգսյանի և Վահրամ Ներսիսյանցի հետ  այցելեցինք Գառնու տաճար։ Տաճարի բակում Գործկոմի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը  կազմակերպել էր տոնական երգ ու  պար։ Մոտեցա նրան և մտահոգված հարցրեցի, թե ինչպե՞ս է բնակչության տրամադրությունը։ Նախագահը ինքնագոհ ժպիտով ինձ հանգստացրեց․ հանգիստ եղիր, բոլոր հանձնաժողովներին ցուցումը տրված է, մինչև 80%-90% չսարքեն, ոչ մի արձանագրություն չհանձնել։Նույն ցուցումները եղել են բոլոր շրջաններում։

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին անցկացված նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը կասկած չի հարուցում։ Բայց այդ ընտրություններն ավելի շատ ուղղակի արձանագրում էին ՀՀՇ-ի հաղթանակը, քանի որ ՀՀՇ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային աջակցությունը շատ բարձր էր, բայց նաև նույն ցուցումներով էին գործել տեղական իշխանիկները` ապահովելով բարձր ցուցանիշներ` վերևներին հաճոյանալու համար։ Եվ, վերջապես, ԱԻՄ-ի նկատմամբ կիրառված Պառավաքարի բռնությունները, ինչպես իշխանության, այնպես էլ հանրության կողմից որևէ լուրջ  դատապարտման չարժանացան։ Գուցե բռնություն կիրառողներն էլ հետագայում որպես նվիրյալներ պաշտոններ ստացան։ Ենթադրում եմ, չեմ պնդում։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ այն ժամանակվա` իրենց ժողովրդավարական հռչակած  ՀՀՇ-ական իշխանության նույն ժողովրդավարության առաջին քննությունը 1995թ․ հուլիսի 5-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն էին և զուգահեռ անցկացվող սահմանադրական հանրաքվեն։ Արդեն նախընտրական  շրջանում արգելվեց այն ժամանակվա դեռևս ընդդիմադիր ՀՅԴ-ն, ստեղծվեց ԵԿՄ հրոսակախումբը, որոնք սկսեցին ընդդիմության հանրահավաքներին զենքով միջամտել և այլն։ Հիշենք նաև Հ1-ի միակողմանի քարոզչությունը և ընդդիմությանը վարկաբեկող, հատուկ ստեղծված  «Քաղաքական փասեանս» ամենօրյա թողարկումը։ Ընտրություններն ուղեկցվեցին աննկարագրելի բռնություններով և խախտումներով՝ ծեծ ու ջարդ, լցոնումներ, քվեատուփերի առևանգումներ, արձանագրությունների կեղծումներ և այլն։

Բանակային նույն ստորաբաժանումները, ամենակարող Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ցուցումով հերթականությամբ քվեարկում էին տարբեր ընտրատեղամասերում, որի մասին հայտարարեց նաև այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորը։ Առաջին անգամ մյուս ամենակարող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ցուցումով ընտրություններում ներգրավվեցին քրեական հեղինակություններն ու տարրերը` իրենց մեթոդներով ապահովելով տվյալ ընտրատարածքում «Հանրապետություն» (ՀՀՇ, ՀՀԿ, ՀՔԴԿ, ՄՀԿ, ՀԼԴԿ, ՀՍԴՀԿ) դաշինքի թեկնածուի հաղթանակը։ Նույն քրեականը, ոստիկանության հետ ձեռք-ձեռքի տված, ապահովեց Վանոյի քմահաճույքով ընտրություններից մի երկու ամիս առաջ ստեղծված Շամիրամ կուսակցության շռնդալից հաղթանակը (երկրորդ տեղը «Հանրապետություն» դաշինքից հետո) ընտրություններում։

Սահմանադրության կեղծված հանրաքվեով մեզ պարտադրվեց նաև միապետական կառավարման համակարգը` բացառելով իշխանությունների տարանջատումը։

Առաջին անգամ Հայաստանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ զեկույցը վախվորած արձանագրեց․ «Ընրություններն ազատ էին, բայց անարդար»։

Պարտադրված սահմանադրությունը և 1995-ը ստեղծեցին ավանդույթ հետագա բոլոր մակարդակների ընտրություններում։ Եվ չնայած  ընդդիմության և միջազգային կազմակերպությունների (ԵԽ վենետիկյան հանձնաժողով, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ) հորդորներով  ընտրությունից ընտրություն «բարեփոխվում» էր Ընտրական օրենսգիրքը, զուգահեռաբար կատարելագործվում էին ընտրակեղծիքների մեթոդները։ 1998թ․ բռնություններին զուգահեռ սկսեց կիրառվել ընտրակաշառքը, որը հետագա ընտրություններում աստիճանաբար սկսեց դուրս մղել բացահայտ բռնությունները։ Ի վերջո, 2017թ․ խորհրդարանական ընտրություններում արդեն հաղթեց նորին մեծություն փողը, և բռնությունների կարիք այլևս չեղավ։ Այս անգամ կիրառվեցին նաև ընտրական  նորույթներ՝ ընտրողներին ուղղորդող կեղծ դիտորդներ և լրագրողներ (ՀՀԿ, ԲՀԿ)։

Քաղաքական գործիչները, քաղաքագետները հաճախ որպես օրինական ընտրությունների օրինակ են բերում 1999թ․ խորհրդարանական ընտրությունները։ Օրինակն ուղղակի ծիծաղելի է։ Նախ` այդ ընտրություններում կիրառվել են թե´ վարչական և թե´ ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև` բանակը։ Բայց հիմնական հարցն է՝ ինչպե՞ս կարող են ընտրություններ համարվել, երբ իշխանությունը` հանձինս Վազգեն Սարգսյանի և հանրության կողմից որպես փրկիչ համարվող ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի նույն դաշինքով են մասնակցում։ Պատկերացրեք, որ ԱՄՆ –ում  դեմոկրատներն ու հանրապետականները նախագահական ընտրություններում նույն թեկնածուին առաջադրեն, իսկ Սենատի ընտրություններին նույն ցուցակով մասնակցեն։

Այս ամենը Հայաստանում ստեղծել է ընտրակեղծարարության մեջ մասնագիտացված հազարավոր խմբեր` իրենց համակարգողներով։ Այսօր գործող գրեթե բոլոր կուսակցությունները կամ նրանց առանձին անդամներ տարբեր տարիների մասնակցել ,աջակցել կամ ըմբռնումով են մոտեցել ընտրակեղծիքներին՝ կախված տվյալ պահի անձնական կամ կուսակցական շահերից։

1998թ. նախագահական ընտրությունները նոր էին ավարտվել, ներկա գտնվեցի նախագահականի վարչակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի և Հայաստանի ժողովրդավարության հայր Արշակ Սադոյանի զրույցին։ Արտաշես Թումանյանը, ընդունելով, որ ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով, հարց ուղղեց Արշակ Սադոյանին.

-Լավ, Արշակ, եթե ձեր թեկնածուի հաղթելու համար պետք լիներ կեղծիքներ անել, չէիք անի՞:

Հետևեց Արշակ Սադոյանի պատասխանը.

-Նայած' ինչ չափով։

Որքան դեպքեր կան, երբ ընտրական հանձնաժողովներում միմյանց հետ պայմանավորվել են իշխանության և արմատական ընդդիմության ներկայացուցիչները և լցոնումներ են կատարել երկու կողմի համար։ Նույն ողբերգական 2008թ. ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանի պահանջով վերահաշվարկ կատարվեց մի քանի ընտրատեղամասերում։ Արդյունքում պարզվեց, որ այլ թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները հայտնվել են  Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի տրցակներում։ Էլ չեմ խոսում հանձնաժողովների տեղերի առուծախի մասին։ Հետո, քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, հանկարծ սկսում են ճամարտակել ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Արդյոք անկե՞ղծ են: Համոզված եմ՝ ոչ։

Արդյոք այս` մեզ բնորոշ  քաղաքական մշակույթը չէ թե´ 1998թ․ պալատական հեղաշրջման, թե´ 1999թ․ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության, թե´ 2008թ․ արյունոտ մարտի 1-ի, թե´ 2016թ. «Սասնա Ծռեր»-ի ապստամբության փորձի և թե´, վերջապես.  2018թ․ հեղափոխության պատճառը։

Հնարավո՞ր է, արդյոք, հաղթահարել այս արատավոր շրջապտույտը և հաջորդ տարի արտահերթ ընտրություններով Հայաստանի ժողովրդավարության առաջին անհաջող փորձը 100 տարի անց հաղթահարել։

Հաջորդ տարի նախատեսված արտահերթ ընրությունները կարո՞ղ են վերջապես սկիզբ դառնալ նաև մեր ժողովրդի համար` ներսից փոխվելու: Հիշենք Հովհաննես Թումանյանին․

«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն այն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ 

Չգիտեմ․․․


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Անի13:05 - 5 հուլիսի, 2018
Անչափ շնորհակալ եմ հրաշալի էքսկուրսի ու չեզոք մեկնաբանությունների, ինչպես նաև գրականագիտական ու ոգեշնչող ավարտի համար։ Միայն թե երևի նկատի ունեիք՝ "...վերջապես. 2018թ․ հեղափոխության պատճառը"... Շնորհակալություն պարոն Իշխանյան:
2. ashot06:05 - 6 հուլիսի, 2018
շաատ լավ վերլուծություն
3. Գիշյան14:43 - 6 հուլիսի, 2018
Շաատ լավ վերլուծություն, շատ վատ վերջաբանով` Չգիտեմ․․․ Ես կուզենայի այս հարցը քննարկել Ձեզ հետ: Հարգանքներով` Ս. Գիշյան 077-57-03-77
4. Nelly00:16 - 7 հուլիսի, 2018
Ասում են, պաշտոնը, հարստությունը մարդուն փոխում է... Միշտ նույն եք եղել և մնացել եք նույնը. պարոն Իշխանյան, մշտապես հիացել եմ Ձեր ելույթներով, Ձեր ազնվությամբ, մարդկային հաշկանիշներով, հայրենասիրւթյան բուռն դրսևորումներով օժտված կեցվածքով, Ձեր ինտելեկտով և խորը մեկնաբանված զեկույցներով: Հպարտանում ենք, որ մեր շարքերում դեռևս կա և մնացել է Ձեզ նման հայի տեսակր: Թերևս րեմ հասկանում մի բան, որքան ուժեղ է վաշխառուի և դավաճանի մենտալիտետը մխրճված եղել մեր ազգի մեջ, որ մի դաս կամ շերտ այս ծավալներով լափել, թալանել գռփել ու դարձել են ամենացինիկ ու ստորաքարշ մարդկային մնացորդներ
5. Սամվել Հովասափյան01:48 - 7 հուլիսի, 2018
Ինձ միշտ խանգարել է ու խանգարում է մեր ժողովրդի ու ազգի գովերգումը: Ահա այսպիսի լուզունգները՝ «Հայ ազգը, հերոս ազգ է», կամ «հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է»: Ե՞րբ պետք է ձերբազատվենք նման ինքնագովերգումներից:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ