HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կապիտալ շինարարություն իրականացնողը քաղաքապետի եղբոր կազմակերպությունն է

ՀՀ կառավարության մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման 2-րդ ծրագրով Լոռու մարզպետարանին 2011թ. նոյեմբերին հատկացված 1,3 մլրդ դրամից 405 մլն-ը մարզպետ Արթուր Նալբանդյանը տրամադրել է Վանաձորի քաղաքապետարանին' մարզկենտրոնի առաջնահերթ լուծում պահանջող կապիտալ գործառույթների իրականացման նպատակով:

Քաղաքապետարանը հատկացված գումարից 200 մլն դրամը առաջարկել է տրամադրել Վանաձորի Տարոն 4 թաղամասի գերեզմաններ տանող ճանապարհի եւ Տարոն 2 թաղամասի Ուկրաինական փողոցի կապիտալ վերանորոգման համար, իսկ 205 մլն դրամը ուղղել է Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի վթարային շենքի կապիտալ վերանորոգմանը: Վերջինիս համար քաղաքապետարանի բյուջեից կատարվել է եւս 200 մլն դրամի ներդրում:

Վանաձոր քաղաքում 2011թ. նախատեսված կապիտալ շինարարության համար ընդհանուր հաշվով հատկացված 600 մլն դրամի աշխատանքներն իրականացնում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը' Սեյրան Դարբինյանին պատկանող «Արգիշտի 1» շինարական ՍՊԸ-ն:

Սամվել Դարբինյանի պաշտոնավարման ողջ տարիներին «Արգիշտի 1» շինարական կազմակերպությունն է իրականացրել Վանաձորի փողոցների ասֆալտապատումն ու կապիտալ շինարարությունը: Սամվել Դարբինյանի դիրքը կաշկանդում է Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի շինարարության ոլորտի պատասխանատուներին' անկաշկանդ գնահատել «Արգիշտի 1» ՍՊԸ-ի իրականացրած շինարարական աշխատանքները:

Այդ աշխատանքների մասին մեզ հետ զրույցում բացառիկ զգուշություն ցուցաբերեց մարզպետարանի ճանապարհաշինական բաժնի պետ Վալերի Անտոնյանը, ով գրեթե տեղյակ չէր մարզի առաջնահերթ խնդիրների լուծման 2-րդ ծրագրով Վանաձորում կատարվող աշխատանքներից:

«Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի կապիտալ վերանորոգման շինարարի ընտրության համար Վանաձորի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել»,- ասաց նա: Վ. Անտոնյանը անզգուշաբար հայտնեց, թե մրցույթում հաղթել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն, սակայն հետո իրեն ուղղեց: «Անունը չգիտեմ, թե ով է շահել»,- ավելացրեց նա: «Պետական բյուջեից 205 մլն դրամ սուբվենցիա է տրամադրվել, որը կփոխանցվի Վանաձորի քաղաքապետարան, որպես պատվիրատու»,- կրկին անտեղյակություն ցուցաբերեց պրն Անտոնյանը:

Փաստորեն, մարզպետարանի շինարարության ոլորտը հսկող պատասխանատուն տեղյակ չէր, որ ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուն մարզպետարանն է, իսկ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի շինարարի ընտրության համար էլ մրցույթ չի հրավիրվել:
Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը հայտնեց, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասի գերեզմաններ տանող ճանապարհի եւ Տարոն 2 թաղամասի Ուկրաինական փողոցի կապիտալ վերանորոգման նպատակով համապատասխանաբար 115 մլն եւ 85 մլն դրամ է հատկացվել:

«Ուկրաինական փողոցում ասֆալտասպատման աշխատանքները 90%-ով կատարվել են: Տարոն 4-րդ թաղամաս բարձրացող գերեզմանների ճանապարհը շատ լավ վիճակում է, սակայն այնտեղ էլ դեռ աշխատանքներ կան մոտ 30%-ի չափով, որը եղանակային պայմանների հետ կկատարվի եւ կբերվի նախագծային վիճակին»,- ասաց պրն Գեւորգյանը:

Վերջինիս ասելով «Արգիշտի 1» ՍՊԸ-ն մրցույթով չի շահել Տարոն թաղամասի փողոցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարելու իրավունքը:

«Ոչ թե մրցույթ, այլ կազմակերպությունները առաջարկել են իրենց ծառայությունները, դրանցից ընտրվել է այն կազմակերպությունը, ով ճանապարհի վերանորոգման համար ներկայացրել է ամենացածր գնով նախահաշիվը,- ասաց պրն Գեւորգյանը եւ հավելեց,-Չգիտեմ, տեղյա՞կ եք, տեղյա՞կ չեք, որ մարզպետարանի ծրագրով, նախարարության, Համաշխարհային բանկի, «Հազարամյակի մարտահրավերներ» եւ տարբեր այլ ծրագրեր կատարել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Այդ հանգամանքը մենք հաշվի ենք առել, նկատի ենք ունեցել նաեւ իրենց տեխնիկական հնարավորությունները, եւ ասֆալտի գործարանի առկայությունը»: Մեր հարցմանն ի պատասխան Վարդան Գեւորգյանը հայտնեց, որ Տարոն թաղամասի փողոցներում կատարված ասֆալտի որակը ստուգում է տեխնիկական հսկողը:

Պրն Գեւորգյանը դժվարությամբ հիշեց վերահսկող կազմակերպության անունը, թեեւ մեր զրույցն ընթանում էր նրա աշխատասենյակում, սակայն նա ասաց. «Կոնկրետ հիմա թղթերս մոտս չէ, անունը գիտեմ, չեմ ուզում սխալ ասեմ, «Խաչմիշշին» ՍՊԸ-ն է: Մեզ չհաջողվեց Վարդան Գեւորգյանից ստանալ Տարոն թաղամասերի փողոցների առ այսօր կատարված ասֆալտի որակի մասին մասնագիտական ստուգման որեւէ եզրակացություն:

Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Իջեւանում գտնվող «Խաչմիշշին», ՍՊԸ-ին' թեեւ մասնագիտական եզրակացության մեկ օրինակը պետք է լիներ մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետի սեղանին:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապայանն էլ ասաց. «Կզարթումյանի շենքի կապիտալ վերանորոգման համար մենք ենք խնդրել «Արգիշտի 1» ՍՊԸ-ին, որ կատարի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները»:

Ըստ պրն Պապայանի, Ուկրաինական փողոցում ասֆալտի առաջին շերտն է արված միայն, դեռ 2-րդ շերտ ասֆալտ է արվելու: Դեռ պետք է տեղադրվեն անձրեւատարների կափարիչները: Հունվարի 9-ին, մեր ուսումնասիրության պահին, Տարոն 4 թաղամասի գերեզմաններ տանող ճանապարհի առանձին հատվածում կապիտալ վերանորոգման փոխարեն փոսալցում էր կատարվել: Վարդան Գեւորգյանը բացատրեց, որ այդ հատվածը փոսալցումներով նախապատրաստվել է կապիտալ վերանորոգման համար: Նա հավաստիացրեց, որ եղանակների տաքանալուն պես ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվելու է:

Ասֆալտապատված չէին նաեւ գերեզմաններ տանող ճանապարհի եւ Տարոն 2 թաղամասի Ուկրիանական փողոցի մայթերը: Ուկրաինական փողոցում կատարված ասֆալտը աչքի էր ընկնում իր բարակ շերտով: Վթարային վիճակում գտնվող Վանաձորի երաժշտական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգումը առաջին հայացքից ռիսկային գործ էր երեւում:

«Քանդված այս շենքի վրա 405 մլն դրամը ծախսելը աննպատակային գործ չէ՞»,- հարցրի աշղեկ Արամ Քոչարյանին: «Նոր շենք կառուցելու համար կրկնակի գումար կպահանջվեր»,- պատասխանեց աշղեկը եւ պատմեց, որ երաժշտական դպրոցի շենքը կառուցվել է 1940 թ.-ին:

«Մեր քաղաքի առաջին մշակութային կենտրոնն է, վերականգնելու նպատակն այն է, որ այս շենքը իր պատմական նշանակությունը պահպանի»,- հայտնեց աշղեկը:

Որքան էլ զարմանալի էր, սակայն 70-ամյա շենքի հիմքերի ամրացման աշխատանքներ նախագծով չէր նախատեսվել: Աշղեկի ասելով շենքի հիմքն ամուր է, 2-րդ եւ 3-րդ հարկերն են վատթար վիճակում: «Երաժշտական դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2011թ.-ի սեպտեմբերին, կավարտվեն 2012թ.-ին»,- ասաց աշղեկը: Վերջինս կարծում է, որ վթարային շենքի վերականգնումը մեծ ծավալի աշխատանք է պահանջում, սակայն նախատեսված ժամկետը կարճ է: «405 մլն դրամի շինարական կապիտալ վերանորոգման աշխատանքների համար մեկ տարին կարճ ժամկետ է»,- ասաց Ա. Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter