Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկները




Խորհրդարանում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստն է, որտեղ «Ելք» խմբակցությունը ներկայացրեց իր առաջարկները։

Հիշեցնենք, որ նման հանձնաժողով գործում է նաև կառավարությունում, այն վարչապետին առընթեր մարմին է, որը ղեկավարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նիստի սկզբում ներկաներն անդրադարձան այն հարցին, թե ինչպես են աշխատելու երկու ձևաչափով։ Նախագահող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել երկու հանձնաժողովներով միասին աշխատելու։

«Այսօր տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկա գտնվել: Նրանք պետք է հանդիպեին ԶԼՄ խմբագիրների հետ»,- ասաց Զոհրաբյանը:

«Ելք»-ի առաջին առաջարկը վերաբերում էր նրան, որ զորամասերում ևս հնարավորություն լինի ընտրություններին մասնակցող քարոզչական նյութերին ծանոթանալու։ ՀՀԿ-ի աշխատանքային խմբի անդամ Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք գործող օրենսդրությունն արգելում է, Լենա Նազարյանն արձագանքեց՝ չի արգելում, սակայն «դա պետք է լինի իմպերատիվ պարտադրում»: Վիգեն Սարգսյանն ասաց՝ իրենք ըստ էության դեմ չեն՝ առաջարկելով ամրագրել, որ նույնը լինի նաև ձերբակալվածների պահման վայրերում, ազատազրկման վայրերում, հիվանդանոցներում, և բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ տեղաշարժման խնդիր ունեն։

«Ելք»-ն առաջարկում է նաև, որ Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ բանավեճերի կազմակերպումը լինի պարտադիր, իսկ մասնակցությունը՝ կամավոր: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ առաջարկն անարդյունավետ է:

«Պատկերացրեք 10 կուսակցություն որոշել են մասնակցել, ինչը ողջամիտ է: Սա ենթադրում է, որ տասի միջև լինի բանավեճ, դա անարդյունավետ է, առաջարկում եմ մտածել այլ բան»,- ասաց նա։

ՀՅԴ-ն ներկայացնող Սպարտակ Սեյրանյանն ասաց՝ պետք է ֆիքսել, որ բանավեճը չի լինելու վճարովիի և անվճարի հաշվին: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ բանավեճի ձևաչափը կուսակցությունները պետք է որոշեն և օրենսդրորեն ամրագրեն, որպեսզի հավասարություն լինի, և ամեն անգամ չլինի, որ որևէ «կուսակցության ծանրաքաշը թեթև քաշային ուժի հետ գնա բանավեճի»։

Լենա Նազարյանը ներկայացրեց մյուս առաջարկը՝ թույլ չտալ անձը հաստատող անվավեր փաստաթղթով ընտրությանը մասնակցել։ Նազարյանի խոսքով՝ 200,000 անուն, ազգանուն այդ կերպ դուրս կհանվեն քվեարկողների ցուցակից, ովքեր «ամենայն հավանականությամբ այլ երկրում են, և կկանխվի նրանց փոխարեն քվեարկությունը»:

Պատգամավորի առաջարկությամբ՝ փոխարենը լրացուցիչ ցուցակներ կլինեն, և եթե անձը ներկայանում է ընտրության, ստանա վավերական անձնագիր: Վիգեն Սարգսյանը դեմ էր այս առաջարկին, քանի որ չի կարելի մարդուն ի սկզբանե քվեարկողների ցուցակից հանել: Սարգսյանի խոսքով՝ կառավարության պարտականությունն է «մաքրել» ընտրացուցակները, ըստ նրա կառավարությունը պետք է դռնեդուռ արշավ անի, որ մինչև ցուցակից անձանց հանելը համոզվի, որ վերջիններս երկրում չեն:

«Ելքը» առաջարկում է նաև ընտրությունների մասին քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանուցումները փոխարինել առավել քիչ բյուջետային միջոցներ պահանջող մեթոդով: Ըստ Լենա Նազարյանի՝ յուրաքանչյուր ընտրության ծանուցումների համար ծախսվել է կես միլիոն դրամ։

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ փոստային ծանուցումների արդյունավետության դիտարկումը ողջամիտ է, բայց ռեալ ծանուցման մեխանիզմ չէ՝ հաշվի առնելով ծանուցման օրենսդրական պահանջները:

«Համաձայն եմ՝ գումարի հարցը ծագում է, բայց կարևորը` ծանուցումը հասնի հասցեատիրոջը, և դա պետության ջանքն է: Գյուղական համայնքներում ո՞նց ենք ապահովելու տատիկ, պապիկին հասցնելու ծանուցումը, պաշտոնական էլեկտրոնային փոստի՞ն ենք ուղարկելու, կհասնի՞, ես կասկածում եմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր առաջարկն արեց. «Մենք այն չափի երկիր չենք, որ հեռավոր մի գյուղում կարող է տեղյակ չլինեն, որ համազգային ընտրություններ են, կարծում եմ բոլորը տեղյակ են, հատկապես հեռավոր գյուղերում դա սոցիալական միջոցառում է: Ծանուցումը ինչ խնդիր է լուծում, մարդ կարող է չիմանալ տեղամասը: Առաջարկում եմ օրենսդրությամբ նախատեսել, որ ծառայություն գնվի հեռախոսային օպերատորներից, որ կարճ հաղորդագրություն ուղարկելով քո անձնագրային համարով, քեզ պատասխան գա, թե քո տեղամասը որն է: Այսինքն՝ ես գիտեմ, որ ընտրություն է, տեղամասս չգիտեմ, ես մի կարճ հաղորդագրությամբ ուղարկում եմ անձնագրի համարը և պատասխան է գալիս, որն է իմ տեղամասը»,- ասաց նա։

Վիգեն Սարգսյանի առաջարկն արժանացավ հանձնաժողովի անդամների հավանությանը, և նա կատակեց․

«Խնդրում եմ ֆիքսել, որ ես հենց նոր պետբյուջե կես միլիոն վերադարձրի»:

«Հետաքրքիր լուծում է, շնորհակալ ենք, և կարող ենք այս մեխանիզմը ներառել»,- արձագանքեց Լենա Նազարյանը։

«Ելք»-ի մյուս առաջարկը 100%-ով համապետական ընտրակարգին անցնելն է, ինչը վարչապետին առընթեր ԸՕ-ի մասնագիտական հանձնաժողովի առաջարկներից է։

Նազարյանի համոզմամբ՝ կուսակցությունները պետք է իրենք շահագրգռված լինեն, որ մարզերի ներկայացուցիչներն ընդգրկվեն իրենց ընտրական ցուցակներում, ուստի չի կարող մտավախություն լինել, որ մարզային թեկնածուներ չեն լինի ցուցակներում։

Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ եթե մարզային ներկայացուցիչների ներգրավվածություն չապահովեն, չեն կարող երաշխավորել, որ մարզերից պատգամավորներ կլինեն ընտրված։

«Այս կերպ մենք մարզերում կսպանենք քաղաքականությունը` դեռ չստեղծված»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց նաև Վիգեն Սարգսյանը՝ նկատելով, որ տեղական ժողովրդավարությունը պետք է ապահովել։

«Չի կարելի թողնել կուսակցությունների քաղաքական ճաշակին, ռեյտինգային ընտրակարգը նպաստում է  կուսակցությունների մարզային կառույցների կայացմանը»,- ասաց Սարգսյանը։

Վաղվա նիստում կներկայացվեն «Ծառուկյան» խմբակցության առաջարկները։

ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած առաջարկությունների մասին կարող եք կարդալ այստեղ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ