Արմավիրի մարզպետարանը գյուղմթերքը վաճառելու տարբերակ է առաջարկում
Գրեթե ամեն տարի այս ժամանակահատվածում գյուղացիները դժգոհում են, որ չեն կարողանում բերքը վաճառել և մեծ կորուստներ են ունենում: Արմավիրի մարզպետարանը որոշել է կոորդինացնել վաճառքը՝ կատարելով միջնորդի դեր:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ և 20,000 տոննա կարտոֆիլ:
Վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են օգնել գյուղացուն, որպեսզի կարողանան ապրանքն իրացնել: Երեկ մարզպետարանը հայտարարություն էր տարածել, որ վերը նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել հենց Արթուր Այվազյանին:
Վարչության պետն ասաց, որ գյուղում բանջարեղենի գները շուկայում վաճառվողի համեմատ շատ մատչելի են: Օրինակ՝ գյուղացին տեղում սպիտակ գլուխ սոխը վաճառում է 60 դրամով, կարտոֆիլը՝ 70, գազարը` 120:
Այս մեթոդով աշխատում են երեկվանից: Գյուղվարչության պետի խոսքերով՝ արդեն մոտ 50 զանգ է ստացել, կոնկրետ առաջարկներով: Արթուր Այվազյանն ասաց, որ որոշ ժամանակ անց կամփոփեն, որպեսզի հասկանան, թե ինչ արդյունք ունեն:
«Ահագին հետաքրքրվողներ կան, շատ են զանգում: Ցանկացողը զանգահարում է և ասում, օրինակ՝ ինձ 500 կգ կարտոֆիլ է պետք: Ես արդեն գիտեմ, թե որ համայնքում է կարտոֆիլը շատ, որ համայնքում՝ սոխը: Ուղղորդում եմ այդ համայնք, համայնքապետի հետ կապը պահվում է, և գնորդը տեղում, հենց գյուղացուց գնում է ապրանքը»,- ասում է Արթուր Այվազյանը:
Մեկնաբանել