Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն ազատ կարձակվի. խափանման միջոց է ընտրվել 1 մլն դրամ գրավը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավ է կիրառել: Այս մասին «Հետք»-ին ասաց Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վերջինիս խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչն, ով դատարան էր ներկայացրել Արա Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ գրավ կիրառվի:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ու հայտնել, որ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

ԱԱԾ-ի հաղորդագրությունում բառացիորեն գրված էր հետևյալը.

«Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130,000,000 մլն ՀՀ դրամ»:

Վարոսյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունը մեկնաբանվել է այնպես, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները մսխվել են խաղադրուքներ կատարելու վրա, ինչն, ըստ փաստաբանի՝ իրականությանը չի համապատասխանում:

«Պարզ է, որ որոշակի տեղեկատվություն ունենալով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պիտի ստուգումներ իրականացներ դրա հանգամանքները պարզելու համար, և կարծում եմ, որ այս օրերին քննչական մարմինը, բավարար գործողություններ կատարելով, պարզեց, որ դա ոչ թե հիմնադրամի միջոցներն են, այլ վարկային գծից կատարված միջոցներ, որոնք Արա Վարդանյանը կանխիկ եղանակով վերականգնել է:

Ըստ Վարոսյանի՝ Արա Վարդանյանը հիմնադրամի քարտը դիտարկել է որպես իր անձնական քարտ, որում նախաքննական մարմինը տեսնում է Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ՝ կազմակերպության շահերին հակառակ գործելը, որը էական վնաս է հասցրել կազմակերպության շահերին:

«Մենք, սակայն, կարծում ենք, որ դրանում առհասարակ հանցակազմ չկա. անկախ նրանից՝ նա իրավունք ունեցել է օգտագործել այդ քարտը, թե ոչ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ