ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններն ազատ են արձակվել



Երեկ Ազգային անվանգության ծառայությունը ժամեր շարունակ խուզարկություն կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, որտեղ նաև հաշվառված են նաև նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները։ Բնակարանի խուզարկությունից հետո ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Ալեքսանդր Սարգսյանը տեղափոխվեց ԱԱԾ: Այնտեղ կատարված հարցաքննությունից և առերեսումից հետո Ալեքսանդր Սարգսյանը ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, երեկ ևս ներկա էր իրենց բնակարանի խուզարկությանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ տեղափոխվեց քննչական կոմիտե, քանի որ կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նա, տուժողին սպանելու նպատակով, նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել։

Հայկ Սարգսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, որպես կասկածյալի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին «Հետք»-ին հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ն Սարգսյանների բնակարան էր մտել Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում խուզարկություններ կատարելու գործի շրջանակներում։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ վերջինս կասկածվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենք պահելու, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի կտավները յուրացնելու մեջ։

Երեկ՝ ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանը առերեսում է ունեցել նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի հետ, ով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հայտնել էր, որ Ա․ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, խաբեությամբ յուրացրել է Սարյանի կտավներից մի քանիսը, որոնց դիմաց հրաժարվել է վճարել։ Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները ինքն է գնել։ Բացի այդ, առերես հարցաքննություն է անցկացվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ