HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանի «հնաբնակներն» ազատվում են աշխատանքից

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը թեև հայտարարել էր, որ կադրային ջարդ չի լինելու, սակայն մարզպետարանի մի քանի աշխատակիցների հասկացրել է, որ չի ցանկանում նրանց հետ աշխատել, ուստի պետք է ազատման դիմումներ գրեն ու հեռանան: Վերջիններս հիմնականում եղել են Հանրապետական կուսակցության անդամներ:

Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 8-ից մինչ հուլիսի 4-ը Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից 7-ն ազատվել են աշխատանքից:

Նրանցից երկուսը մարզպետի տեղակալներ են եղել՝ Լարիսա Մուրադյանը և Մովսես Քարտաշյանը: Նշենք, որ Լարիսա Մուրադյանը մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003-ից: Իսկ Մովսես Քարտաշյանը 2006թ. զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը, 2012թ. օգոստոսին նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ: Երկուսն էլ ՀՀԿ անդամ են եղել:

Փոխմարզպետներին աշխատանքից ազատելու լիազորությունը վարչապետինն է, սակայն մեզ հետ զրույցում Գագիկ Միրիջանյանը նշել էր, որ չի ցանկանում աշխատել նրանց հետ:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա նույնպես ՀՀԿ անդամ էր:

Աշխատանքից ազատվել են նաև վարչության երկու պետեր: Առաջինն աշխատանքից ազատվել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա 2004թ.-ից զբաղեցնում էր այդ պաշտոնը: Գայանե Սայադյանի փոխարեն վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Էջմիածնի թիվ 5 դպրոցի ուսուցչուհի Սոնյա Բուդաղյանը:

Մարզպետարանում այլևս չի աշխատում նաև քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը:

Սակայն, ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են աշխատանքից ազատվել: Ոմանք իշխանափոխությունից հետո անմիջապես հրաժարվել են կուսակցությանն անդամակցությունից՝ ակնկալելով չկորցնել աշխատանքը: Օրինակ` Նվեր Պետրոսյանը, որը նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման օրոք օգնական էր, այսօր էլ աշխատում է օգնականի պաշտոնում:

Նշենք, որ Նվեր Պետրոսյանն ընտրությունների ժամանակ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀԿ-ի օգտին տարվող քարոզչական աշխատանքներում: Նա Արմավիրում համակարգում էր երիտհանրապետականների գործունեությունը:

Վերը նշված ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է նաև մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և հավաքարարը՝ Քնքուշ Մաթևոսյանը:

Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետի տեղակալներ են նշանակվել Կարեն Գրիգորյանը և Ալեքսանդր Ղուկասյանը:

ՀՅԴ անդամ Գագիկ Գաբրիելյանը վերանշանակվել է: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2016թ. մարտի 31-ից:

Գլխավոր լուսանկարում ձախից` Մովսես Քարտաշյան, Լարիսա Մուրադյան, Փառանձեմ Կարապետյան, Գայանե Սայադյան, Յուրի Մանվելյան, երկրորդ լուսանկարում` Նվեր Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter