Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. 2Hz` մարդկային ձայնի եւ աղմուկի տարանջատում հեռահաղորդակցման ժամանակ


Մանե Գեւորգյան

2Hz ստարտափի Krisp հավելվածը նախատեսված է հեռահաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկի վերացման ու զանգի որակի բարելավման համար։ Այսինքն՝ հնարավոր է աղմկոտ միջավայրից՝ սրճարանից, ինքնաթիռից, մեքենայից, բազմամարդ աշխատասենյակից զանգ կատարելուց առաջ ակտիվացնել Krisp-ն ու հանգիստ խոսել՝ չանհանգստանալով, որ շրջապատի աղմուկը կլսվի զանգի ժամանակ։ Krisp ունենալու դեպքում հնարավոր է նաեւ սեփական համակարգչից անջատել զրուցակցի միջավայրի աղմուկն ու լսել միայն նրա ձայնը՝ պարզ ու հասկանալի։

Krisp-ը հիմնականում նախատեսված է ընկերությունների այն աշխատակիցների համար, որոնք օրվա ընթացքում իրենց անհատական համակարգիչներով, նոթբուքներով անընդհատ աուդիո կամ վիդեո կոնֆերանսների են մասնակցում ու դժվարանում են գտնել հարմար, անաղմուկ միջավայր զանգն իրականացնելու համար։

Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Դավիթ Բաղդասարյանը ապրել է ԱՄՆ-ում ու աշխատել ավելի քան 1000 աշխատակից ունեցող Twilio ընկերությունում, որտեղ, ինչպես այլ մեծ ընկերություններում, աշխատակիցները ոչ թե առանձին սենյակներում, այլ ընդհանուր տարածքում են աշխատում, իսկ հանդիպումների համար նախատեսված սենյակների թիվը մեծ չէ։ Հետեւաբար, Դավիթը հաճախ է նկատել, որ Twilio-ի աշխատակիցները նոթբուքներով շրջում ու զանգեր կատարելու համար հարմար տարածք են փնտրում, կամ նույնիսկ աշխատանքի բերումով ստիպված լինում զանգեր կատարել հենց սրճարաններից: Նա հասկացել է, որ չկա տեխնոլոգիա, որը ոչ թե պարզապես նվազեցնում, այլ ամբողջությամբ վերացնում է աղմուկը։

Հաշվի առնելով շուկայում եղած բացն ու այն փաստը, որ ներկա պահին աշխարհում նոթբուքով աշխատողների թիվը գերազանցում է 500 մլն-ը (մեծ մասը` բիզնես ոլորտում), ստարտափի համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն Արտավազդ Մինասյանի հետ որոշում են մեքենայական ուսուցման կիրառմամբ մշակել նոր ալգորիթմ, որը զանգ կատարելիս ամբողջությամբ կվերացնի աղմուկը։


Արտավազդը նշում է, որ զանգերի ժամանակ աղմուկը նվազեցնելու անհրաժեշտությունը երկար ժամանակ արդիական է եղել, տարբեր հետազոտական խմբեր 30-40 տարի է՝ փորձում են նման գործիքներ ստեղծել։ Այդ տարիների ընթացքում շատ լուրջ հետազոտություններ են արվել ակադեմիական ոլորտում, սակայն գիտական խմբերի աշխատանքների արդյունքում կիրառելի գործիք չի ստեղծվել։ Այսինքն՝ տեխնոլոգիայի տեսանկյունից ստարտափի թիմը շատ մեծ խնդիր է լուծել՝ կարճ ժամանակահատվածում ստեղծելով դեռեւս գոյություն ունեցող աղմուկի հեռացման լավագույն ալգորիթմը։

«Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերին։ Դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց մեր թիմը կարողացել է նման արդյունքի հասնել։ Հպարտանում ենք մեր աշխատակիցներով, որոնց շնորհիվ ներկա պահին ունենք աղմուկի վերացման աշխարհի ամենաորակյալ հավելվածը»,- նշում է Դավիթը։

Krisp-ն ընդամենը մի քանի ամիս անց հասանելի կլինի Mac OS-ում, իսկ մոտ ապագայում` նաեւ մյուս օպերացիոն համակարգերում ներբեռնելու համար։ Krisp-ը ներբեռնելուց հետո օգտատերը ստանում է աղմուկն անջատելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե որ հավելվածով կամ ծրագրով է զանգ կատարում՝ Skype, Zoom, WhatsApp, Viber եւ այլն։

Տեխնիկական տեսանկյունից հավելվածի հիմքում մեքենայական ուսուցումն է։ Թիմը հավաքել է աղմուկների ու առանձին, հստակ մարդկային խոսքի շատ մեծ բազա, որը նախապես ստեղծած ցանցը «սովորում» է, սկսում հասկանալ ու տարբերակել աղմուկը մարդկային խոսքից։ Ներկա պահին հավելվածը մարդկային ձայնն առանձնացնում է աղմուկից, բայց ստարտափի հիմնադիրներն աշխատում են նաեւ մարդկային ձայնը շրջապատում եղած մյուս մարդկանց լսելի ու հասկանալի ձայնից տարբերակելու ուղղությամբ։ Իրենց մշակած ալգորիթմի շնորհիվ հավելվածը կտարբերակի հավելվածի օգտատիրոջ ձայնը, օրինակ, նրան մոտ կանգնած մարդու ձայնից ու կկարողանա այն հեռացնել՝ թողնելով միայն օգտատիրոջ ձայնը։

Նախքան Krisp-ն ակտիվացնելը 

Krisp-ն ակտիվացնելուց հետո

Այս ամենին զուգահեռ թիմն աշխատում է նաեւ մեկ այլ նոր տեխնոլոգիայի մշակման ուղղությամբ, որը կոչվում է Packet loss concealment։ Այսինքն՝ հաճախ, օրինակ, Skype-ով խոսելիս ձայնը կամ պատկերը կապի պատճառով կորչում են կամ հստակ տեղ չեն հասնում։ Թիմը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը կարող է մեքենայական ուսուցման նեյրոնային ցանցերի օգնությամբ վերականգնել պատկերը կամ ձայնը՝ թույլ չտալով զգալ հնարավոր բոլոր անհարմարությունները։

2018 թվականի մայիսին ստարտափի թիմը հաջողությամբ ավարտել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck 6-ամսյա աքսելերացիոն ծրագիրը, որը նախատեսված է գիտական ոլորտի ստարտափների համար։ Նախքան ծրագիրը ստարտափում ներդրում են կատարել Granatus Ventures-ը, Hive-ը, SmartGateVC-ն ու տարբեր «հրեշտակ» ներդրողներ (angel investor)։ 

Այժմ՝ ներդրումային երկրորդ փուլում, այս ստարտափում ներդրումներ անելով հետաքրքրված են տարբեր ամերիկյան ընկերություններ, վենչուրային ֆոնդեր։  

Դավիթի խոսքով՝ աքսելերացիոն ծրագիրը շատ մեծ կարեւորություն է ունեցել ստարտափի բիզնես մոդելը, «go to market» ռազմավարությունը մշակելու, ծանոթությունների մեծ շրջանակ ստեղծելու, ներդրողների հետ ծանոթանալու տեսանկյունից։ «Ծրագիրը մեզ համար բառի հենց ուղիղ իմաստով աքսելերացիա էր։ Միայն այն գաղափարը, որ վեց ամսում պետք է ինչ-որ կարեւոր նպատակակետերի հասնել՝ ստիպում է շատ արդյունավետ աշխատել, սխալվել, սեփական սխալները շատ արագ ուղղել ու արդյունքի հասնել։ Այդ ընթացքում պարզվեց, որ ոչ թե տեխնոլոգիայի, այլ բիզնես մոդելի տեսնակյունից ճիշտ ուղղությամբ չենք գնում, բայց կարողացանք շատ արագ փոխել բիզնես մոդելը ու նույն տեխնոլոգիայով անել ամբողջությամբ այլ բան։ Նման ծրագրերը շատ կարեւոր ու արդյունավետ են ստարտափների համար՝ խորհրդատուների ու մենթորների հետ շփվելու, նրանց փորձին ծանոթանալու, խորհուրդները հաշվի առնելու ու ավելի արագ զարգանալու համար։ Մեզ թվում էր՝ եթե ունես աշխարհի մակարդակով շատ լավ տեխնոլոգիա, միանգամից մեծ հաջողության ես հասնում, բայց հասկացանք, որ նույնքան կարեւոր է ճիշտ բիզնես մոդել ունենալը, հնարավորինս շատ մարդկանց գրավելն ու, իհարկե, եկամուտ ստանալը»,- ասում է Դավիթը։

Ստարտափի ղեկավար Դավիթ Բաղդասարյանը Բերքլիի SkyDeck աքսելերացիոն ծրագրի շրջանակում ներդրողներին ներկայացնում է, թե գործնականում ինչպես է աշխատում հավելվածը


Ստարտափն այժմ ունի գրասենյակ եւ՛ Հայաստանում, եւ՛ ԱՄՆ-ում։ Աշխատակիցները 18-ն են, ովքեր արդեն փորձարկում են հավելվածը նախքան այն հասանելի կլինի վերջնական օգտագործման համար։ Արտավազդը պատմում է, որ վերջերս ԱՄՆ-ի գործընկերներից մեկի հետ հեռազանգ է ունեցել սրճարանից, ու գործընկերը դժգոհել է, թե ոչինչ չի լսում ու խնդրել ավելի հարմար վայրից զանգահարել։ Արտավազդը պարզապես ակտիվացրել է Krisp-ը, նորից զանգահարել, իսկ գործընկերը շնորհակալություն է հայտնել, որ Արտավազը փոխել է իր տեղն ու զանգի համար գտել ավելի հարմար վայր։ Սա այդքան ցանկալի այն փորձառությունն է, որը սպասվում է Krisp-ը ներբեռնողներին։ Ստարտափի հիմնադիրների տեսլականն է` ստեղծել նոր սերնդի սեփական աուդիո կոդեկը (տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ինտերնետի միջոցով ձայնը մի սարքավորումից մյուսը տեղափոխել), որի հիման վրա կմշակեն նոր հավելվածներ ու կապահովեն հեռազանգ կատարելու անհամեմատ ավելի լավ փորձառություն։ Հետագայում պատրաստվում են տարբեր համագործակցությունների շրջանակում մշակած տեխնոլոգիան նաեւ ներդնել մեքենաներում կամ, օրինակ, օդանավերում։

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։