HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասացին Հատուկ քննչական ծառայությունից։

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով։

Ինչպես նշված է ավելի ուշ ՀՔԾ տարածած հաղորդագրությունում, հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

Հուլիսի 5-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Է. Բաբայանը կալանավորվել է:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՔԾ-ն հիմք ընդունել է տուժողի առաջին հաղորդումը, և արդյոք Գագիկ Ծառուկյանը ներգրավված է գործում, ՀՔԾ-ից ասացին, որ գործի նախաքննությունը շարունակվում է, և չեն կարող մանրամասներ հաղորդել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter