Երկուշաբթի, 23 հուլիսի

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի որդին Խորենացի փողոցում խանութ-սրահ և սրճարան է կառուցում


Կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի որդուն պատկանող Խորենացի 27/2 հասցեում այս պահին շինարարություն է ընթանում։

Նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի որդին այդ հասցեում խանութ-սրահ և սրճարան է կառուցում։ Այս պահին շինարարները ներքին հարդարման աշխատանքներ են կատարում։ Շինության մասին «Հետքին» տեղեկացրել է ընթերցողներից մեկը' նշելով, որ տարբեր ժամանակներում այստեղ տեսել էր Վաչագան Ղազարյանին։

Խորենացի 27 և 29 շենքերի արանքում գտնվող այս հատվածն անցած տարի ծառապատ տարածք էր, այժմ՝  այս շինությունն է։ Թաղամասի բնակիչներից մեկը նաեւ նկատել է, որ շինարարության ընթացքում  Պաշտպանության բանակի «Կամազ» մակնիշի մեքենայով երեսապատման սալիկներ են բերվել: Նա նաեւ նկարահանել է այդ մեքենան։ 

«Ոսկու շուկայի» դիմաց գտնվող 467 քմ մակերեսով երկհարկանի շինությունը տրվում է վարձկալությամբ: Օրեր առաջ որպես վարձակալ զրուցեցինք տարածքը վարձակալությամբ տրամադրող աշխատակցի հետ: Նրա փոխանցմամբ՝ շինությունը կարող է գործել որպես խանութ-սրահ, այն բազմաֆունկցիոնալ է և վարձակալությամբ է տրվելու ամբողջությամբ: Աշխատակցի հաղորդմամբ՝ շինությունն ունի նաև նկուղային հարկ, կից' սրճարանի համար նախատեսված տարածք: «Տարածքը ունիվերսալ է՝ օդափոխությամբ, ջեռուցումով, տաքացումով սարքած է, որ ինչ ուզենան, աշխատի, էլի»,-ասաց տարածքը վարձակալությամբ տրամադրող աշխատակիցը:

Օրեր առաջ դեռևս որոշված չէր տարածքի ամսական վարձավճարի չափը:

Նշենք, որ այդ տարածքի սեփականատիրոջ հայրը՝ Վաչագան Ղազարյանը մինչև մայիսի 17-ը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալն էր, ով այժմ մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

2016-ին այդ տարածքը Վաչագան Ղազարյանի որդուն վաճառել է քաղաքապետարանը

Վաչագան Ղազարյանը Խորենացի 27/2 հասցեի այդ տարածքում ապօրինի շինարարություն է իրականացրել, ապա դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով օրինականացնել այն: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի որոշումներից մեկից:

Մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է օրինականացնել ինքնակամ կառույցը և այն վաճառել Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին: Քաղաքապետի այդ որոշման մեջ նշված է, որ Երևանի սեփականություն հանդիսացող, Խորենացու փողոց 27/2 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն մշակութային և պատմական արժեքների օբյեկտ չէ և համապատասխանում է պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի համար նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ քաղաքապետը որոշել է 538 քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված հասարակական շինությունը ճանաչել Երևան քաղաքի սեփականություն և օրինական:

Այն օրինական ճանաչելուց հետո, շինությունն ու հողամասը գնելու առաջարկ է ներկայացրել կառույցն իրականացրած անձը՝ Վաչագան Ղազարյանի որդին, որին էլ վաճառվել է նշված տարածքը: Թե ինչ գնով է այդ շինությունն ու հողամասը Ղազարյանը ձեռք բերել, քաղաքապետի որոշման մեջ նշված չէ:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը այս պահին կալանավորված է: Հունիսի 20-ին նրա' Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 միլիոն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո: Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436 միլիոն դրամ: Դրամական միջոցները կանխիկացնելուց անմիջապես հետո նա բերման է ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։