HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամներ Թաթուլ Թամրազյանը եւ Գեւորգ Իրիցյանը կանցնեն դատաբժշկական փորձաքննություն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 11 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպանները հանդես եկան միջնորդություններով։

Միջնորդություններից մեկը վերաբերում էր Մարտիրոս Հակոբյանին։

«Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, երկու օր է՝ գտնվում է «Էրեբունի բժշկական» կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում է ստանում։ Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց, որպեսզի առանց Հակոբյանի ներկայության շարունակվի քրեական գործի քննությունը, քանի որ իր պաշտպանյալն անորոշ ժամանակով է գտնվում «Էրեբունի» ԲԿ-ում։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի մոտ ախտորոշվել է թրոմբոզ հիվանդությունը. «Ներկա պահին վիճակը որոշակիորեն կայունացել է, սակայն բժիշկների գնահատմամբ՝ նրա տեղափոխումը դատարան անհնար է, առնվազն տաս օր պետք է հանգիստ վիճակում լինի»,- հայտնեց փաստաբանը։

Մեղադրող Արթուր Չախոյանը չառարկեց միջնորդության դեմ՝ հաշվի առնելով մյուս ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետներում արդար դատաքննություն իրականացնելու իրավունքը։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը։

Պաշտպան Տիգրան Եգորյանը եւս միջնորդություն ներկայացրեց Արամ Հակոբյանի վերաբերյալ։ Եգորյանը հիշեցրեց, որ նախորդ նիստը չի կայացել, քանի որ Արամ Հակոբյանը գտնվել է հիվանդանոցում։ «Բժշկական հետազոտությունը պարզել է, որ Արամ Հակոբյանը երկու անգամ ուղեղի կաթված է ստացել, թեեւ չի զգացել, եւ դրա հետ կապված հոսպիտալացվել է»,- ասաց փաստաբանը։

Այսօրվա նիստին Արամ Հակոբյանը ներկա էր, այնուամենայնիվ փաստաբանը միջնորդեց այն օրերին, երբ Հակոբյանը կգտնվի հիվանդանոցում, դատարանը շարունակի գործի քննությունն առանց իր պաշտպանյալի։ Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց՝ 500 հազար դրամ գրավով՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները։

Արամ Հակոբյանը համաձայնեց առանց իր ներկայության շարունակել նիստերը։ Դատարանը կդիմի «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արամ Հակոբյանը՝ պարզելու, թե ինչքանով են հիվանդությունները համատեղելի դատական նիստին մասնակցելու հետ։

Այսօր միջնորդություններ ներկայացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ դատավոր Արշակ Վարդանյանը մերժել էր Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով, թեեւ նրանց համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը։

Դատավոր Արշակ Վարդանյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց ներկայացրած միջնորդությունները։ Թաթուլ Թամրազյանը եւ Գեւորգ Իրիցյանը կանցնեն դատաբժշկական հետազոտություն՝ պարզելու, թե ինչ հիվանդություններ ունեն, որքանով են այդ հիվանդությունները համատեղելի կալանքի կրման հետ։

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter