HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել: 

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքին վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն և առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները: «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: 

Պետք է հասկանանք հետևյալը՝ համաձայն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ: Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա: Հույս ունեմ, որ ներկաները համոզված են, որ մենք, և կոնկրետ ես, այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն առաջարկել է վերը նշված երկու հարցերի շուրջ պետության, բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որպեսզի դրանց վերաբերյալ լինի վերջնական ու անառարկելի պատասխան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված և ապացուցված պատասխանների վրա. յուրաքանչյուր որոշում ունի իր գինը և ինքը չի կարող առանց հիմքերի որևէ որոշում կայացնելու մասին մտածել: 

Վարչապետի առաջարկին նկատմամբ բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը:

Իր հերթին, «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Տեղի ունեցած քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը: 

Վերադարձի ճանապարհին՝ Գնդեվազի մոտ, վարչապետը զրուցել է իր հետ հանդիպելու նպատակով ճանապարհին կանգնած գնդեվազցիների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter