Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մինգեչաուրի ջէկի վթարը կաթվածահար է արել ադրբեջանական զորավարժությունները



Մեկ վթար, հսկայական վնասներ

Ադրբեջանն ուշքի չի գալիս մասսայական հոսանքազրկումից ու դրա պատճառած վնասներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 3-ի գիշերը հրդեհ էր բռնկվել երկրի խոշորագույն ջերմաէլեկտրակայանում, որը գտնվում է Մինգեչաուր քաղաքում:

Ադրբեջանի 39 քաղաքներ ու շրջաններ, այդ թվում՝ խոշորագույն բնակավայրերը՝ Բաքուն ու Գյանջան, մնացել էին առանց լույսի, խցանումներ էին առաջացել փողոցներում, մարդիկ մնացել էին մետրոյի գնացքներում, վերելակների մեջ, առանց էլեկտրաէներգիայի դադարեցվել էր ջրամատակարարումը, խափանվել էին նավթարդյունաբերական աշխատանքները:

«BBC»-ի ռուսական ծառայությունը նշում է, որ չնայած ամսի 3-ի առավոտյան կողմ «Ազերէներջի» պետական ընկերությունը, որին պատկանում է նշված ջէկը, եւ որը երկրի խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրողն է, հայտարարեց, թե էլեկտրաէներգիան գրեթե ամենուրեք վերականգնվել է, եւ նման բան էլ չի կրկնվի, նույն օրվա երեկոյան Բաքվի կենտրոնը, ապա եւ արվարձանները կրկին հոսանքազրկվեցին:

Հուլիսի 4-ին Իլհամ Ալիեւը խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով «Ազերէներջիի» ղեկավար Էթիբար Փիրվերդիեւից պարզաբանել լայնամասշտաբ հոսանքազրկման պատճառները: Վերջինս էլ ասել է, թե խնդիրը տաք եղանակն է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անկանխատեսելի պահանջարկի:

Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս պատասխանը Ալիեւին դուր չի եկել: Նա նշել է, թե կան ավելի շոգ եղանակով երկրներ, որտեղ, սակայն, նման պատահարներ տեղի չեն ունենում, իսկ լինելու դեպքում ամբողջ էներգետիկ համակարգը չի փլուզվում: «Վթարներ կարող են պատահել, դա բացառված չէ, բայց ինչ-որ վթարի պատճառով ամբողջ էներգետիկ համակարգի խաթարումը լուրջ պատահար է: Ինչու՞ է երկիրը սուզվել մթության մեջ: Պատճառնե՞րը: Ինչու՞ են Բաքվի, Սումգայիթի ու մյուս քաղաքների էլեկտրակայանները դադարել աշխատել Մինգեչաուրի վթարից հետո»,- նման հարցեր է բարձրացրել Ալիեւը:   

Առաջ անցնելով՝ նշենք, որ ձախորդություններն ամսի 3-ի վթարով չեն ավարտվել: Meydan.tv-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 5-ի առավոտյան կրկին հրդեհ է բռնկվել Մինգեչաուրի ջէկում, այրվել է շուրջ 400 քմ տարածք:   

«Ազերէներջիի» մամլո խոսնակ Յախյա Բաբանլին «BBC»-ին հայտնել է, թե ինչքան էլ վերանորոգումներ անեն, ենթակառուցվածքը հիմնովին հին է, ինչի պատճառով էլ դրա վերականգնումը երկար ժամանակ է պահանջում: Բաբանլին, կրկնելով իր ղեկավար Փիրվերդիեւի արդարացումները, նշել է, որ ամսի 3-ի վթարին նախորդած երկու օրերին հոսանքի մեծ պահանջարկի պատճառով երկրի էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով աճել է: Ըստ նրա՝ Ադրբեջանում գոյություն ունի էլեկտրաէներգիայի կառավարման միասնական կենտրոն, որտեղ կուտակվում է տարբեր աղբյուրներից մատակարարվող էլեկտրաէներգիան, ապա բաշխվում ըստ պահանջի: Բաբանլիի ասելով՝ հովացնող համակարգերը պատշաճ չեն գործել, իսկ Մինգեչաուրի ջէկի ընդամենը մեկ ենթակայանի խափանումը պարալիզացրել է ամբողջ համակարգը:

Ինչպես ասվեց, Մինգեչաուրի ջէկը խոշորագույնն է Ադրբեջանում: Այն բաղկացած է 8 էներգաբլոկից, ընդհանուր հզորությունը 2600 ՄՎտ է: «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այն արտադրում է ամբողջ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը: Սակայն ջէկի վթարը հանգեցրել է երկրի այլ կայանների աշխատանքի դադարեցմանը եւս: Ըստ «BBC»-ի՝ նման մասսայական հոսանքազրկում Ադրբեջանում եղել է նաեւ 2002-ին, սակայն Յախյա Բաբանլին նշել է, թե դրանից հետո տասնյակ էլեկտրակայաններ են շահագործման հանձնվել, ու համոզմունք հայտնել, թե պարտադիր չէ, որ հետագայում նորից նման «խավարում» լինի Ադրբեջանում: Ըստ էության, պաշտոնյան հակասել է ինքն իրեն:

Ադրբեջանի ջէկերը

Ի. Ալիեւի ցուցումով խոշոր վթարի պատճառների բացահայտման համար կառավարական հանձնաժողով է ձեւավորվել, դատախազությունն էլ քրգործ է հարուցել: Ընդ որում, ինչպես գրում է «BBC»-ն, գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովն արդեն հայտնել է, թե նախնական տվյալներով վթարը տեղի է ունեցել ջէկի գեներատորներում հովացման համակարգի նախագծային պահանջները խախտելու պատճառով. ջրի ջերմաստիճանը նախատեսվածից ավելի բարձր է եղել: 

Բրիտանական գործակալության ռուսական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի փորձագետներն իրենց վրդովմունքն են հայտնել: Նրանցից Իլհամ Շաբանն, օրինակ, ինչպես Ալիեւը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է մի ենթակայանի պատճառով ամբողջ երկիրն առանց հոսանքի մնալ: Ըստ նրա՝ նման բան նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չի եղել: Շաբանի համոզմամբ՝ սխալը Ադրբեջանի էներգետիկ ոլորտի կառավարման համակարգում է: Տնտեսագետ Վուղար Բայրամովն էլ կարծում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունը պետք է հանձնել մասնավորին: Մեկ այլ տնտեսագետ՝ Սամիր Ալիեւը, նշում է, որ կատարվածը ցույց է տալիս, թե որքան անարդյունավետ են ոլորտում ներդրումներ արվում: «Ռեգնումը», հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, նշում է, որ վերջին տարիներին էներգամատակարարման համակարգի կատարելագործման համար ներդրվել է ավելի քան 4 մլրդ դոլար:

«Բնակչության հոգեբանությանը ծանր հարված է հասցվել: Պարզ է դարձել, որ երկրում ամենաթույլ օղակը ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված էներգահամակարգն է, որի մոդեռնիզացման վրա հսկայական միջոցներ ու ոչ քիչ ժամանակ կծախսվի»,- գրում է «Ռեգնումը»՝ միաժամանակ հարց տալով, թե այդ դեպքում ուր են գնացել 4 մլրդ դոլարը գերազանցող միջոցները:

Չնայած փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը այլընտրանքային եւ վերականագնվող էներգիայի աղբյուրների պոտենցիալ ունի, ինչպիսիք են հողմային եւ արեւային էլեկտրակայանները, 2016-ի պաշտոնական տվյալների համաձայն, երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միայն 10 տոկոսն է ստացվել նշված աղբյուրներից: Այս մասին նշում է «BBC»-ն: Այդուհանդերձ, փորձագետ Իլհամ Շաբանը հոռետես է. «Նրանք Ադրբեջանի էներգահամակարգը կառավարել չգիտեն, այլընտրանքային էներգիան կապ չունի»:

«Ռեգնումը» հայտնում է, որ լայնածավալ հոսանքազրկման պատճառով խաթարվել են պետական «SOCAR» եւ այլ ձեռնարկությունների կողմից նավթարդյունաբերական աշխատանքները: Միայն հուլիսի 3-ին նավթի արդյունահանումը կրճատվել է 4200 տոննայով, իսկ գազինը՝ ավելի քան 1 մլն խմ-ով:     

Ադրբեջանական զինուժը վթարի «տուժողներից» է

Ադրբեջանում այս խոշոր վթարը այսպես թե այնպես դրդում է մտածել հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հատկապես որ Մինգեչաուրը շատ հեռու չէ Արցախ-Ադրբեջան շփման գոտուց:

Այս քաղաքը, թերեւս առավել հայտնի է իր ջրամբարով, որն ամենախոշորն է Անդրկովկասում: Դրա ծավալը 16,1 խկմ է: Ջրամբարի ջուրն օգտագործվում է նույնանուն հէկի համար (լուսանկարում), որն ամենահզորն է Ադրբեջանում՝ 402 ՄՎտ: Մինգեչաուրի ջրամբարից ավելի բարձր հոսանքում՝ կրկին Կուր գետի վրա են գտնվում Շամխորի եւ Ենիքենդի ջրամբարները, որոնց ջրերը եւս կիրառվում են էներգետիկ նպատակներով (նույնանուն հէկերն ունեն համապատասխանաբար 380 եւ 150 ՄՎտ հզորություն):

2014-ի օգոստոսին կառավարությունում, երբ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ քաղպաշտպանության ծառայությունը կարող է 4000-ոց խմբով մասնակցել սահմանների պաշտպանությանը, ինչպես արվում է Ադրբեջանում, ՊՆ Սեյրան Օհանյանը նշել էր, որ Ադրբեջանի քաղպաշտպանության զորքերը հիմնականում զբաղված են Մինգեչաուրի ջրամբարի պաշտպանությամբ, քանի որ վախ ունեն, թե հայկական ուժերն այդ ուղղությամբ գործողություն կձեռնարկեն: Այս լուրը տագնապով էին ընդունել Ադրբեջանում: Վերջինիս ՊՆ-ն անմիջապես հայտարարություն տարածեց, թե «մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր նաեւ Մատաղիսի ջրամբարի շրջակայքը, չնայած չկարողացավ փլուզել դրա պատվարը: Հայկական կողմն այդ օրերին ուժեղացված հսկողություն սահմանեց Սարսանգի ջրամբարում, որն իր ծավալով խոշորագույնն է Հայաստանում ու Արցախում: Հայտնի է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով պահանջներ է ներկայացրել Սարսանգի ջրերի հանդեպ: 2016-ի ապրիլին Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» դիտարկմանը, թե ադրբեջանցիները կարծես մտավախություն ունեն, որ հայկական զինուժը կարող է պայթեցնել Մինգեչաուրի պատվարը, պատասխանել էր, որ «պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան»: Բացի դրանից՝ գաղտնիք չէ, որ արցախաադրբեջանական մարտագծից հեռու չեն Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազատարը:

Մինգեչաուրի վթարը զուգադիպեց հուլիսի 2-ին ադրբեջանական զինուժում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունների հետ, որոնց մասնակցում էր շուրջ 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ ու ականանետներ, ավիացիայի շուրջ 30 միջոց: Զորավարժություններ են անցկացվել նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակում:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարել է, թե զորավարժությունների նպատակը հայկական կողմին իրենց բանակի ուժի ցուցադրումն է: Չնայած զորավարժություններն ավարտվել են այսօր, ադրբեջանական բանակը դժվար կացության մեջ է հայտնվել Մինգեչաուրի վթարի հետեւանքով: «Հետքի» ռազմական աղբյուրները փոխանցել են, որ լայնածավալ հոսանքազրկման պատճառով հակառակորդի զորավարժությունները կաթվածահար են եղել, մասնավորապես՝ շարքից դուրս են եկել հակաօդային պաշտպանության համակարգերը: Այսինքն՝ հայկական կողմին ուժ ցուցադրող բանակը հայտնվել է խիստ խոցելի վիճակում:   

«Ռեգնումի» հեղինակ Ստանիսլավ Տարասովը, համադրելով Մինգեչաուրի վթարն ու ադրբեջանական զորավարժությունները եւ դրանց հանդեպ հայկական կողմի վերաբերմունքը, գրել է հետեւյալը. «Ամբողջ երկրի մասշտաբով տեղի ունեցած տեխնոլոգիական կատակլիզմը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Չարժե մոռանալ, որ Մինգեչաուրն՝ իր էլեկտրակայաններով հանդերձ, գտնվում է Թալիշից ընդամենը 50-60 կմ-ի վրա: Բաքուն ու Երեւանը ուղղակի պարտավոր են խուսափել ռազմական սցենարից եւ գալ համաձայնության: Այլ բան պարզապես պետք չէ»:

Այլ կերպ ասած՝ Մինգեչաուրի ջէկի վթարն ու դրա հետեւանքները ցույց տվեցին, որ լայնածավալ պատերազմի դեպքում, միայն Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթվածահար անել հակառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 խկմ ջրերի տակ թողնել Կուր-արաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:    


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (6)
1. Ռուզաննա23:23 - 6 հուլիսի, 2018
Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Իսկ անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունները կլինե՞ն:
2. Aram01:50 - 7 հուլիսի, 2018
Electrical Power systems are very volnurable. Cyber attacs can be more siver than explosion of a dam. Our hackers need to work on problem.
3. Vram03:17 - 7 հուլիսի, 2018
If Azerbaijani counter-air defense systems were really compromised during the power outage, then that would have been the best time for the Armenian forces to orchestrate a massive air attack on Azerbaijan...
4. ED16:17 - 7 հուլիսի, 2018
Better to not be so naive! Most probably this " mass blackout" or real and apperantly supprised "blackout” was itself part of the ongoing large Azerbaijani military exercises …
5. Hagop21:58 - 9 հուլիսի, 2018
That dam in "Azerbaijan" needs to be destroyed in order to clean up the vile stench left by terrorists who have contaminated Armenia's lands and continue to live there rent-free as nomadic squatters from Iran and Central Asia. Time to send them back to where they came from.
6. GB04:15 - 20 հուլիսի, 2018
There were an electrical short-circuit between Axeri presidential palace and her armed forces! Top Israeli engineering squads working hard to fix this terrible short circuit!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ