HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթէի մանկութիւնը

Մարգար Մելքոնյան

Մելքոնեան ընտանիքը ԱՄՆ են փոխադրուել 19րդ դարավերջին: Ծնողները բնիկ ամերիկահայեր են, իսկ մօրական տատը մայրցամաք ոտք է դրել 1883ին, երբ ընդամենը երեք տարեկան էր; Նա ծնուել է Մարզուանում , որ գտնւում էր Օսմանեան կայսրութեան մէջ:Նրանք առաջին հայերից են, որ հաստատուել են Ֆրեզնոյի շրջանում: Մոնթէի մօրական պապը' Միսաքը Մարզուանից ԱՄՆ է փախել 1896ին: Մինչեւ երեսունը լրանալը նա առնուազն երեք անգամ ձերբակալուել է Թուրքիոյ իշխանութիւնների կողմից, քանզի, իր արտայայտութեամբ, ընդգրկուած է եղել « Հայ Յեղափոխական ընդհատակեայ միութեան» մէջ»: Մոնթէի մօրական պապն ու տատը խաղողագործական փոքրիկ ագարակի տէր էին: Հօրական' Ղազար պապը որբ հովիւ է եղել ներկայիս Արեւելեան Թուրքիոյ Խարբերդի շրջանի Խարաձոր գիւղում: Ղազարը եւ կինը' Հայկանուշը աւագ զաւակի հետ ԱՄՆ են գաղթել 1913ին: Նրանք Ֆրեզնոյի շրջանում աշխատում էին ագարակում:

Նորածնին անուանակոչեց հայրը' Չարլին: Նա ցանկանում էր կոչել կարճ անուամբ, որպէսզի «լաւ հնչէր բարձրախօսներով»: Լաւ կը լինէր, եթէ այս բարձրախօսները տեղադրուած լինէին բեյսբոլի մարզադաշտում, կամ մարզական կոլիզէում: Նա ուզում էր աւելի քան 7 ֆունտ կշիռ ունեցող մանկան անունը Մարուին դնել, սակայն նախընտրեց Մոնթէն : Զաբէլ մայրիկը նորածնին բնութագրել է այսպէս.« Շատ քնքոյշ է եւ անուշիկ: Զուարթ է, սակայն նշմարելի է անվախութիւնն ու համարձակութիւնը, երբ նեղութիւն են տալիս»:

Մոնթէի բնաւորութեան իւրայատուկ գծերը ի յայտ են եկել վաղ մանկական տարիներից: Նա այն տղաներից է, որոնց մանկութիւնն անցել է Կենտրոնական Կալիֆոռնիոյ հովւերգական վայրերում: Նրանք շատ են յիշեցնում Ուիլեամ Սարոյեանի Արամին : Մոնթէն նոյնպէս լողանում էր Թոմփսոնի ջրերի մէջ, որի մասին Սարոյեանը արտայատուել է իր պատմութիւններից մէկի մէջ, գուցէ այլ պատուածքների մէջ եւս:

Առաջին տաս տարիները սայլակով խաղալու, իծաշարուկի, պահմտոցիի... անհոգ, ուրախ, շողապայծառ ժամանակներն էին: Իր, իրենից մէկ տարով մեծ եղբօր' Մարգարի եւ իրենց անբաժան ընկեր æոէլի մանկապատանեկան տարիներին առօրեական էին դարձել տեւական զբօսանքները, որոնցից յաճախ տուն էին դառնում պլոկուած ծնկներով, քերծուած ու վնասուած ոտքերով:

Այդ ամենով հանդերձ' Մոնթէի ծնողները լինելով աւելի տարեց, քան իրենց խաղընկերներինը, նաեւ աւելի խստապահանջ էին: Մելքոնեան ընտանիքի զաւակներն ապրում էին կանոնական ապրելակերպով, որոնք սահմանուած էին խաղալու, սնուելու, քնելու համար: Ծնողները նրանց արգելել էին հեծնելու պոնի, արագընթաց հեծանիւներ, երկանիւ թափասայլակներ: Երեխաները ձերբազատ էին գայթակղիչ եւ թանկարժէք իրերից, խաղալիքներից, պերճաշուք հագուստներից եւ պարզ կենցաղը խաթարող աւելորդութիւններից:

Այս ամէնը նպաստաւոր եղաւ նրանց մէջ կենսուրախ, կարգապահ եւ անմիջական բնաւորութիւն ձեւաւորելու համար: Երեխաները չափաւոր էին իրենց ցանկութիւններով, տոգորուած էին եւ վայելում էին կենսասէր ազատութեամբ, բնութեան ու կենդանիների նկատմամբ համակուած էին ջերմ սիրով:

Մոնթէն յաճախում էր հանրակրթական դպրոց, նւագում էր կլառնետ եւ հրաշալի բեյսբոլ էր խաղում: Նրա ընտելացրած բազմաթիւ կենդանիները եւ թռչուները' ճագարներ, աղաւնիներ, կրիաներ... ազատօրէն ապրում էին ծնողների պարտէզում: Մոնթէի մօտ արդէն սկսել էր արտայայտուել աշխարհըմբռման ինքնատիպութիւնը: Նա համոզուած էր, որ եթէ մարդիկ ունեն հոգի, ապա յետնաբակի ճագարները, կրիաները, աղաւնիները, բուէճները եւս պիտի որ հոգի ունենան: Տարիներ անց Մոնթէն հաստատում էր, որ ինքը մանկական տարիներին համոզուած է եղել, որ ինքը հաւատում էր, որ ոչ միայն կարող է լողալ սովորել գորտի պէս կամ ճախրել արծուի նման, այլեւ աճել եւ դառնալ գորտ կամ արծիւ: Ամբողջ կեանքի ընթացքին, ինչպէս վկայում է կենսագիր եղբայրը, Մոնթէն պահպանել է վերամարմնաւորուելու այդ հաւատքը, որ բնորոշ է արեւելեան որոշ դպրոցների աշխարհըմբռմանը:

Նրա հետարքրասիրութիւնը անյագ էր եւ միշտ պատրաստ էր նոր բան սովորելու: Չորրորդ դասարանում Մոնթէն եւ æոէլը թեստային հարցումների գրաւոր պատասխաններ պատրաստեցին եւ արժանացան « Մտաւոր ընդունակութիւններով օժտուած դառահաս» գնահատականին: Մոնթէն առօրեայ կեանքում եւ առարկայական միջավայրում գտնում էր զարմանալի փաստէր: Այսպէս, « Մենակեաց » (մոնախ) թիթեռները կտրում անցնում են օվկիանոսը, երկրագունդն իր Արեգակի շուրջ ուղեծրային շարժում է կատարում ժամում 68310 մղոն արագութեամբ, Չինաստանում ուտում են կապիկի ուղեղ, եւ այլն: Տասնամեակներ անց նա իր հարսնացուին պիտի գրէր .«Անհրաժեշտ է միշտ սովորել: Դա հաւանաբար ամենաոգեւորիչ եւ բաւականութիւն պատճառող բանն է աշխարհում, եթէ հարկաւ մի պահ անտեսենք փոխադարձ սէրը»:

Մոնթէն շուտ յարմարուող, անվրդով երեխայ էր: Նրան դժուար էր բարկացնելը, սակայն երբ չափերն անցնում էին, նրան այլեւս հնարաւոր չէր խաղաղեցնել: Նրա հազուադէպ բռնկումների մէջ առանձնակի զարմանալին ու վտանգաւորն այն էր, որ նա դառնում էր առաւել կենտրոնացած, ճշգրիտ եւ անկասելի: Դեռեւս վաղ մանկական տարիներից որեւեւէ արարքի համար նա ոչ մի կերպ ներողութիւն չէր խնդրում: Չէին ազդում սպասելիք պատիժն ու սպառնալիքները: Բացի իր հազուադէպ ջղաձիգ եւ աւերիչ բարկութիւնը' նա նաեւ յամառ ու հաստատակամ էր: Կար մի սահմանակէտ, որից անդին նա չէր զիջի, անկախ հետեւանքներից: Սովորել է ներողութիւն խնդրել միայն հասուն տարիքում:

Ինչպէս եւ իր ծնողները, Մոնթէն Սան Ուակին մարզամրցարանի խաղաղահրապարակներում եւ բեյսբոլի դաշտերում առիթներ է ունեցել ենթարկուելու ազգային խտրականութեան: Սակայն ի տարբերութիւն ծնողների, որոնց «Ֆրեզնոյի հնդիկ» նուաստացուցիչ մակդիրով էին կոչում եւ վերաբերմունք ցուցաբերում, նրան մեքսիկացու տեղ էին դնում: Չնայած ազգային խտրականութեան, նա ճանաչում ունէր եւ պատահական չէ, որ տարրական կրթարանում դարձաւ աշակերտական խորհուրդի «առաջին պրեզիդենտը":

Ինչպէս Մոնթէն, այնպէս էլ նրա եղբայրն ու քոյրերը տարուած լինելով անհոգ մանկական խաղերով ու կենդանիներով, նրանց ուշադրութեան դաշտից գրեթէ դուրս էին մնացել Էրգրի ' հին հայրենիքի մարդիկ'կենդանի թէ մեռած: Տարիներ անց Մոնթէն պիտի մտաբերէր, որ մինչեւ տասներկու տարեկանը շատ աղօտ պատկերացում է ունեցել, թէ որտեղից են իրենք ծագումով, որտեղ են ծնուել իր ծնողները, պապերը: Տանը մինչ այդ հազուադէպ անդրադարձներ էն եղել իրենց ազգային ծագման եւ Հայրենիքի մասին: Զաբէլ մայրիկը հպարտ ամերիկուհի էր, հայրիկը' Չարլին շատ չէր խօսում իրենց ազգային ծագման եւ նախնեաց մասին: Մէկ անգամ, այնուամենայնիւ, նա երեխաներին տեղեկացրեց, որ իրենց նախնիները սպանուել են Հին Էրգրում, քանզի իրենց կրօնն արգելք է եղել մարտնչելու: Այդ հարցի շուրջ չեն եղել այլեւս յաւելեալ պարզաբանումներ եւ ծնողները գերադասել են լռել:

1969ին Մոնթէի ծնողները, որոնք երիտասարդ տարիքից ճանապարհորդելու ուժեղ հակում ունէին, անակնկալ որոշում կայացրին' դադար տալ տան սովորական առօրեայ կենսագործնէութիւնը եւ երեխաների հետ մէկ տարով շրջագայել Եւրոպայում: Քոլէջում Երեխաների ուսման համար նախատես գումարը Չարլին վերայատկացրեց ճամփորդութեան ցանկութիւնն իրագործելուն: Լիւքսեմբուրգում գնեցին տեւական ճամփորդութեան համար պիտանի ֆոլկսվագեն եւ Մելքոնեան ընտանիքը 15 ամիս շարունակ ճափորդեց ոչ միայն Եւրոպայի, այլեւ Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրներում: Նրանք անցան աւելի քան 41 հազար մղոն' 41 երկրներով: Գիշերում էին երբեմն հիւրանոցներում, եւ աւելի յաճախ' ճանապարհորդական հանգրուաններում, կամ էլ պարզապէս մերձմայրուղային բաց դաշտերի վրայ: Երկարատեւ ճանապարհորդութիւնը լի էր բազմազան տպաւոութիւններով եւ կարեւոր դեր խաղաց պատանի Մոնթէի թէ զգայական աշխարհընկալման, թէ իրականութեան ճանաչողութեան, թէ բնաւորութեան եւ անձի ձեւաւորման համար: Սակայն ամենակարեւորն այն էր, որ նրա ազգային ինքնագիտակցութիւնն սկսեց արթնանալ:

Նրանց ընտանիքը մի քանի ամիս մնաց Իսպանիայի Միջերկրական ծովեզրեայ ձկնորսական Դել Ազահարի էլ Գրաո դէ Կաստելլոնի քաղաքում: Ապրում էին մի համեստ բնակարանում: Հայրը շուտով բարեկամացաւ երիտասարդ մի ձկնորսի հետ: Սինեոր Ալուարէսը զբաղւում էր սարդինաձկան որսով: Նա ինքն իրեն ներկայացնում էր իբրեւ Ֆրանկօյին ատող սոցիալիստ: Ալուարէսը կնոջ եւ փոքրիկ դստեր հետ ապրում էին ներքնահարկ մի բնակարանում, որը փոքրիկ էր եւ անշուք: Մելքոնեաններն այցելում էին նրանց: Չնայած նեղ պայմաններին' այդտեղ ուշագրաւ շատ բաներ կային, հնադարեան մշակոյթի առարկաներ, Միջերկրական քաղաքակրթութեան բեկորներ, որոնք տարիներ շարունակ դուրս էին քաշւում ձկնորսական ուռկանով: Հանդիպում էին հին հունական մետաղադրամներ, մ. թ. 3րդ դարի խեցեղէնի կտորներ, հռոմեական քանդակների մասունքեր, Ռեկոնքիստայի ժամանակների սափորների կտորներ:

Մոնթէն այս ամէնը նկարագրելու է մի կարճ էսսէյի մէջ, որ նա գրել է' իբրեւ հնագիտական գործնական ծրագրի մէկ մաս: Չնայած սինեոր Ալուարէսը աղքատ էր, սակայն բնաւ չէր մտածում իր գանձերը վաճառելու մասին: Նա մի մարդ էր, որ իր համար բարձրագոյն արժէքները դրամի չէր վերածում:

Հայրիկը երեխաներին իսպաներէնի դասընթացների համար տարաւ Ալմի ակադեմիայի արհեստագիտական փոքր դպրոցը, որը գտնւում է Կաստելոնում: Մի անգամ, խօսքի զարգացման վարժութիւնների ընթացքին ուսուցիչը դիմեց Մոնթէին .«Դուք ո՞րտեղից էք »: Մոնթէն ի հարկէ պատասխանեց որ Կալիֆոռնիայից է: Սինեորա Բլանկան ուշադիր նայեց աշակերտին. Մելքոնեանների զաւակները նման չէին ամերիկեան ֆիլմերից յայտնի խարտեաշ երեխաներին .«Ես հարցնում եմ' ո՞րտեղից են քո ծնողները »: Մոնթէն եւ Մարգարը թերեւս քարտէզի վրայ կը մատնանշէին Մերձաւոր Արեւելքի մի կէտ, սակայն նրանց շփօթեցրեց իրենց նորածանօթ երիտասարդ իսպանուհու անակնկալ հարցումը, որը բացայայտեց ուսուցչուհու եւ երեխաների պատկերացումների անհամապատասխանութիւնն իրենց ազգային ինքնութեան վերաբերեալ: Ուսուցչուհին իրենց չէր դիտում իբրեւ բնիկ ամերիակացի, ինչպէս իրենք էին մինչ այդ իրենց պատկերացնում: Այդ օրուանից «Բնիկ ո՞րտեղից էք » հարցը Մոնթէին տանջում էր շարունակ:

1970ի գարնանը նրանց ընտանիքը շրջագայեց Թուրքիոյ տարածքով եւ հասաւ Մարզուան: Նոյն տարուան յունիս 12ին նրանք յայտնաբերեցին Զաբէլ մայրիկի հայրական տան տեղը: Տարիներ անց Մոնթէն պիտի հետադարձ հայացքով անդրադառնար այդ ճանապարհորդութեանը որպէս իր կեանքի շրջադարձային կէտ: Բազմաթիւ հարցազրոյցների ընթացքին նա իր կեանքի այդ պահը դիտել է որպէս ամենից վճռորոշը իր' իբրեւ հայի ինքնաճանաչման խնդրի մէջ:

Ֆրանսիայի հարաւում տեղի ունեցած աւտովթարը վերջակէտ դրեց ընտանեկան արկածալից ճամփորդութեանը եւ Մելքոնեանները վերադարձան Վայսելիա:

Տունդարձից եւ դպրոցական սովորական ընթացքի մէջ մտնելուց յետոյ Մոնթէն անյագաբար ընթերցում էր բազմապիսի գրքեր' Աստուածաշնչից եւ Սուրբ Հայրերի գրքերից սկսած մինչեւ արկածային գրականութեան գոհարները' «Մարդկային կատակերգութիւն», «Ռոբինզոն Կռուզօ», «Դոն Քիշոտ»: Նրա յաճախակի ընթերցանութեան գրքերից էին նաեւ հանրագիտարանները, Մարքսի «Կապիտալը»:

Ծնողների գրադարանում մի անգամ յայտնաբերեց մի փոշեծածկ գիրք'« Հայաստանը եւ հայերը կամ մի հայի պատմութիւնը Հայաստանի մասին » վերնագրով: Բազմաչարչար Հայաստանին նուիրուած գրականութեան հեղեղի մէջ դա մի գիրք էր, որ գրուել է 20րդ դարասկզբին: Հեղինակը' պատուելի Գեւորգ Հ. Ֆիլեանը իրենց մօրական Միսաք պապի լաւ բարեկամն էր: Գիրքը առաջին անգամ հրատարակուել է 1896ին' իբրեւ Աբդուլ Համիդի կողմից հայերի բնաջնջման ծրագրի փաստացի բացայայտում: Այն խորը եւ միանշանակ տպաւորութիւն գործեց տասնչորսամեայ պատանու վրայ: Թուրքերի ոճրագործութեան եւ սադիզմի անթաքոյց նկարագրութիւնները Մոնթէին այնքան չցնցեցին, որքան նրանց զոհերի «խղճալի », ողբալաց եւ անարի կրաւորականութիւնը: Սակայն Ֆիլեանի նկարագրութիւնների մէջ ահաւորն այն էր, որ Հայերն իրենց միտքը « սրից աւելի սուր էին դարձրել»...փող աշխատելու համար, հրաժարել էին զէնքից եւ իրենք իրենց դիտում էին ընտրեալ առաքեալներ, Եւրոպայի աղը եւ որ իբր թէ նրանց թիկունքին «Քրիստոնեական հզօր ուժերն են» եւ ցնծում էին իրենց «սրբութեան», «բարեկրթութեան», «նրբամտութեան» պատկերացումներից : Մոնթէին միանգամայն ամօթալի էին թւում ինքնասիրահարութեան, կարճամտութեան եւ անշրջահայեցութեան այս դրսեւորումները: Դրանք անվայել եւ ապշեցուցիչ առանձնայատկութիւններ էին, միանգամայն հակառակ այն պատկերացումների, որ պատանին ունէր մինչ այդ իր նախահայրերի մասին : Աւելի ուշ, երբ Մոնթէն ուսումնասիրում էր 1915ի ցեղասպանութիւնը, նրան ապշեցրել է այն փաստը, որ միլիոնից աւելի հայերի սպանութիւնից եւ ողջ մնացած մնացեալ հայութեան իրենց բուն Հայրենիքից արտաքսելուց յետոյ ոչինչ, կամ գրեթէ ոչինչ էր արուել փոխհատուցման կամ ոճրագործութեան հետեւանքները դատի ներկայացնելու եւ կորուսեալ հողերը ետ պահանջելու ուղղութեամբ:

Իր նախնեաց նկատմամբ խորը հետարքրութիւնից բացի, Մոնթէն համակւում է ճանապարհորդելու բուռն ցանկութեամբ: 15 տարեկան հասակում նա նախ մի քանի ամսով մեկնում է Ճապոնիա' Վիսալիա եւ Միկիի /Օսակայի մերձակայքում/ քոյր քաղաքների միջեւ գոյութիւն ունեցող փոխանակային եղանակով ուսումնառական ծրագրերի միջոցով: Յայտնուելով Ճապոնիայում' նա յաջողեց մէկ տարով երկարաձգել այդտեղ մնալու իր արտոնութեան ժամկէտը եւ այդ ընթացքին տիրապետեց ոչ միայն արեւելեան մարտարուեստի/Կարատէ եւ Կենդօ/ գաղտնիքները, այլեւ սովորեց ճապոներէն: Բուշիդօ մարտիկի ճանապարհը ոսումնասիրելուց յետոյ նրա մէջ խորացաւ այն համոզմունքը, որ ինքնատիրապետումն ու տեւական քրտնաջան աշխատանքն են անվրդովութեան եւ ճշմարիտ ապրելակերպի անհատական ոճի հիմքերը, այլ ոչ թէ մեծախօս ինքնագովութիւնն ու անվայել արարքները: Մոնթէն այդտեղ հասցնում է նոյնիսկ անգլերէն դասեր տալ եւ վաստակած փողերով միայնակ ճանապարհորդում Հարաւ-արեւելեան Ասիաայում' Սինգապուր, Մալազիա, Թայլանդ, Հոնգ Կոնգ, Թայվան, Կորեա եւ Վիետնամ: Դա Վիետնամում ԱՄՆի պարտութիւնից մի քիչ առաջ էր: Այս ճանապարհորդութիւնը եւս էական դեր խաղաց Մոնթէի հետագայ գործնէութեան վրայ: 1992 թուականի սկզբին տեսագրուած հարցազրոյցներից մէկում նա շեշտում է, որ վիետնամցիների ազատագրական պայքարը ոգեւորիչ օրինակ պիտի լինի Ղարաբաղի համար: Հարաւային Կորեայի բուդդայական տաճարներից մէկում անցած նրա կարճատեւ ինքնակենտրոնացման ընթացքը եւս կարեւոր էր իր կենսափորձի հարստացման համար: Դա նրան օգնեց վճռականօրէն մերժելու որոշ փիլիսոփայական դպրոցների ամէն տեսակ սոփեստական եւ ենթակայական ուղղուածութիւն ունեցող մտայնութիւններ: Մոնթէն ինքն իրեն միշտ զգում էր շատ աւելի մեծ ու յարատեւ փոփոխուող գաղափարի եւ աշխարհի մաս, որի վերջնական ըմբռնումը մարդկային մտազօրութիւնից վեր է:

Վերադարձաւ ԱՄՆ եւ գերազանց աւարտեց դպրոցը: Մշտապէս սիրահարուած բնութեանը' նա շարունակում էր ազատ ժամերն անց կացնել æոէլի հետ. ժայռեր էին մագլցում, լողանում էին գետում, կոփում էին իրենց: 75ին գետի հոսանքը նրան քշում եւ զարնում է գետաքարերին: Բախումից' նա կոտրում է քիթը եւ վերին կտրիչ ատամներից մէկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter