HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մասիսի քաղաքապետին ու եղբորը կալանավորելու որոշում է կայացվել

Քիչ առաջ դատարանը որոշում է կայացրել կալանավորել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։ Նրանց փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին. «Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,-ասված էր գրառումում:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ իր էջում հայտնեց, որ դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։ 

Տռուզյանի հաղորդմամբ՝ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։
Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դավիթ Համբարձումյանին նոր մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և այդ ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու մեջ և խուլիգանություն կատարելու հոդվածով, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։

Իսկ քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու հոդվածով, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Հավելենք, որ Գոռ Համբարձումյանն ու այլ անձինք, ըստ մամուլի հրապարակումների, ապրիլի 16-ին՝ այսինքն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության քաղաքացիական անհնազանդությունների առաջին օրը, Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում դուրս են եկել 62ss465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայից ու հարձակվել փողոցը փակած ցուցարար ուսանողների վրա, ծեծել նրանց ու հայհոյել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին քննչական կոմիտեն հայտնեց, որ Դավիթ Համբարձումյանը 2018թ. ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին ներգրավված է եղել։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 60-ամյա բնակիչը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային։

Հավելենք, որ բացի այդ, իրավապահների փոխանցմամբ՝ Դավիթ Համբարձումյանը նաև մասնակցությունէ ունեցել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որին մասնակցելու համար նա ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

«Համարում եմ դա խայտառակ որոշում: Ամբողջությամբ անհիմն և ոչ իրավական»,-«Հետք»-ի հետո զրույցում հայտնեց Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշմանը:

Նրա փոխանցմամբ՝ Դավիթ եւ Գոռ Հանբարձումյաններն արդեն կալանավորվել են:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Երկւքն ալ վաւերական սրիկաներ են եւ պէտք է խստագոյնս քաւենն իրենց մեքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter