Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արմեն Սարգսյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին



Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկտվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։

Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից է համարել «Երիտասարդ Հայաստան» տարբերակը: «Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետեւ երիտասարդությունը նաեւ հավատ է ապագայի նկատմամբ: Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, եւ կյանքի բոլոր ճանապարհները նրա առջեւ բացված են»,-նշել է Արմեն Սարգսյանը եւ հավելել. «Ներկայումս մեր երկրի համար եւս բոլոր հնարավորությունները բաց են, եւ պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը»:

Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։

Նախագահը նաեւ անդրադարձել է Սահմանադրության կարեւորությանը, գոհունակությամբ նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։ «Սահմանադրությունը հիմնական օրենքն է, եւ եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն: Փոփոխողը պետք է լինեք դուք»,-նշել է նա:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին, իսկ վերջում հանձնել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ