HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեծամորի մարզահամալիրն անմխիթար վիճակում է. «Մի քար ընկնի երեխու գլխին, մեզ չենք ների»

Մեծամորի մարզահամալիրը գտնվում է կիսաավեր վիճակում: Շենքը շահագործման է հանձնվել 1980-ական թվականներին: Մարզահամալիրը գործել է ատոմակայանի ենթակայության տակ և Կառավարության 2008թ. ապրիլի 4-ի N 314-Ա որոշմամբ՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գույքի կազմից օտարվել և նվիրաբերվել է Մեծամորի քաղաքային համայնքին: Մարզահամալիրն ունի չորս մասնաշենք և ադմինիստրատիվ բաժին: Կա երկու լողավազան՝ մեծ և փոքր, բասկետբոլի, վոլեյբոլի, բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներ: Ընդհանուր մակերեսը 4623,8 մ2 է, հողամասի մակերեսը՝ 10600,0 մ2:

Շենքային անմխիթար վիճակն աչք է ծակում հենց դրսից: Պատուհանների մի մասի ապակիները կոտրված են, մուտքի դռները՝ հին:  Կոտրված պատուհաններից թռչունները մտել են շենք և բույն դրել այնտեղ: Ներսում հնարավոր չէ չնկատել պատերի ճաքերը, անձրևից պաշտպանվելու համար հատակին շարված մետականան փոքր տարաները: Երեխաները պատմեցին, որ անձրևային օրերին տարածքում ջրհեղեղ է լինում: Բոլոր կողմերից ջուրը կաթում է:

Մեր այցելության ժամանակ երեխաները պարապում էին: Պարզվեց հսկայական տարածքում հանդերձարան չկա, երեխաները հենց դահլիճում էին փոխվում: Տարածք հատկացված է, սակայն անբարեկարգ լինելու պատճառով նախընտրում են հագուստները փոխել հենց դահլիճում: Համայնքապետարանի ուժերով վերանորոգվել է զուգարանը, սակայն պարապմունքից հետո լողանալու հարմարություն չկա: Չեն գործում բաղնիքները: Երեխաները պատմեցին, որ երբեմն տարածքում նույնիսկ խմելու ջուր չեն ունենում, քանի որ հաճախ է ջրանջատումներ լինում:

Շենքը հաշվառված է Մեծամորի քաղաքապետարանի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում: Վերջինիս տնօրեն Վահրամ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 1990-ականների սկզբին՝ Արցախյան ազատագրական պայքարի տարիներին, մարզահամալիրի տարածքն օգտագործվել է զինվորականների կողմից: Վահրամ Հակոբյանն ասում է, որ շենքը զինվորականներն օգտագործել են 2-3 տարի, դրանից հետո մարզահամալիրը գործել է մասամբ: Իսկ 2008թ., երբ գույք-պարտքի դիմաց շենքը նվիրաբերվել է համայնքին (ՀԱԷԿ-ը պարտք է եղել համայնքապետարանին), դրանից հետո նոր միայն սկսել են գործել խմբակները:

«Դրանից առաջ, որ տեսնեիք, կպատկերացնեիք, թե մեր ուժերով  ինչքան բան է կատարվել: Ջրավազանի տակի հատվածում է գտնվում ջրամատակարարման, ջրահեռացման, ֆիլտրման ամբողջ սիստեմը: Լրիվ թալանված էր, տրուբեքը կտրտված էին: Մենք մեր ուժերով կարգի բերեցինք: Նույնիսկ գազատար ծողովակը բերեցինք մարզահամալիր, սակայն ներս չմտավ, քանի որ հնարավոր չէր շահագործել լողավազանը»,-ասում է Վ. Հակոբյանը:

Լողավազանի չշահագործելն ունի իր պատճառները: Ըստ Վահրամ Հակոբյանի, դժվար է տարածքը ջեռուցելը, քլորացնելը, քանի որ համապատասխան պայմաններ և ֆինանսական միջոցներ չկան: Ասում է, որ քաղաքում լողի մասնագետ ունեն, սակայն պայմանների բացակայությունը թույլ չի տալիս լողի խմբակ բացելու համար: Վահրամ Հակոբյանը վախենում է, որ այս պայմաններում լողավազանը գործարկելու դեպքում հնարավոր է չխուսափեն համաճարակից: Իսկ նախկինում լողավազանը գործել է մեծ թափով:

Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ 2008թ-ից սկսած համայնքապետը այցելել է սպորտի և երիտասարդության հարցերով բոլոր նախարարներին: Երկու նախարար անձամբ են եկել, տեսել շենքային վիճակը: Վահրամ Հակոբյանը պատմեց, որ նախկին նախարար Յուրի Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս Մեծամորի համայնքապետին ասել է, որ ինքը ևս այդ մարզահամալիրում է մարզվել: Պաշտոնյաները խոստացել են զբաղվել, սակայն ոչինչ չի արվել:

Նշենք, որ մարզահամալիրի տարածքում այսօր գործում է նաև համայնքի ենթակայության տակ գործող մարզադպրոց: Նույնիսկ շենքային անբարեկարգ վիճակը չի խոչընդոտել, որ այդ տարածքից դուրս գան չեմպիոններ, փոխչեմպիոններ:

Վահրամ Հակոբյանն ասում է, որ շենքը մեծ է և համայնքապետարանն իր ուժերով չի կարող վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Նա առաջնային համարեց տանիքի վերանորոգումը, որպեսզի անձրևաջրերը չքայքայեն շենքը և կարողանան պահպանել:

«Ինչ հնարավոր է եղել, արել ենք, բայց մարզադպրոցը կապիտալ վերանորոգման կարիք ունի, որը համայնքի բյուջեով իրականացնելն անհնար է»,-ասում է Վ. Հակոբյանը: «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի կարծիքով մարզահամալիրը Մեծամորին խիստ անհրաժեշտ է: Նախ, որպեսզի երեխաները, պատանիները փողոցից կտրվեն և զբաղված լինեն սպորտային խմբակներում: Դրանից կօգտվեն նաև հարևան համայնքի բնակիչները:

«Ունենք ֆուտբոլի խմբակ, շատ երեխաներ կողքի գյուղերից են գալիս»,-նշում է Հակոբյանը: Նրա խոսքերով՝ մարզահամալիրի վերանորոգումը հնարավորություն կտա համայնքում ակտիվացնել մարզական կյանքը, երիտասարդության շրջանում խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական միջոցառումները:

Արթուր Խաչատրյանը քիքբոքսինգի Հայաստանի չեմպիոն է եղել: 2007թ-ից ստացել է մարզիչի որակավորում: Արթուրը 2008 թվականից մարզիչ է աշխատում Մեծամորի մարզահամալիրում: Ասում է գոհ է սաներից, բազմաթիվ մեդալներ են վաստակել, այդ թվում՝ միջազգային մրցումներից: Ունեցել է Հայաստանի եռակի, քառակի չոմպիոններ: Իր դուստրը նույնպես հաճախում է մարզահամալիր և չեմպիոն է դարձել հենց այդ պատերի ներսում մարզվելով:

Արթուրի խոսքերով՝ շենքային պայմանները վատ չեն անդրադարձել սաների վրա, սակայն այդ պայմաններում մարզվելը բավականին ճնշող է:

«Պետք է եղել տանձիկ, գումար ենք հավաքել գնել ենք: Ընդհանրապես քաղաքապետին ոչ մի անգամ չեմ դիմել նման հարցերով: Քաղաքապետարանը, եթե կարող է, թող շենքային վիճակը բարելավի: 10 մարզաձև է գործում, ծնողը վախենում է իր երեխային ուղարկի այդ շենք: Մի քար ընկնի երեխու գլխին, մի բան լինի, մենք մեզ չենք ների»,-ասում է Արթուր Խաչատրյանը:

Արթուրի խմբակ հաճախող երեխաների թիվը փոփոխական է: Ամսվա կտրվածքով ավելանում կամ նվազում են հաճախողների թիվը՝ 7-45 հոգի:  Ասում է, պատճառը շենքային անմխիթար պայմաններն են: Համոզված է, որ վերանորոգումից հետո կհաճախեն նաև այլ համայնքների երեխաները: Արթուր Խաչատրյանը հուս ունի, որ Մեծամորի մարզահամալիրը մի օր ևս կարժանանա կառավարության ուշադրությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter