HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնություն ըստ Էիզմի

Հոդվածիս բուն նյութին անցնելուց առաջ, նախ կփորձեմ  համառոտ նկարագրել իմ «մինչ»-ն ու «հետո»-ն։ Եթե հետևելու լինենք տարածում գտած մտահանգմանը, ապա պիտի ընդունած լինենք, թե մարդու իմաստնացման, ասել է, թե «ինչու»-ներին պատասխաններ որոնելու տարիքը սկսվում է քառասունից։ Իմ կենսափորձը, սակայն, այլ բան է հուշում: 25-էլ դեռ չկայի, երբ արդեն սեփական եսի հետ հարցուպատասխանների շրջապտույտում եկա մի մտահայտնության, որ Աստծուն աղոթելիս որոշակի բան խնդրելը ճիշտ չէ։ Նոր կտակարանը կարդալուց հետո միայն տեսա, որ Քրիստոսն այդպես էլ պատվիրում է իր հետեվորդներին։ Պահքի ժամանակ շաբաթը երկու անգամ եկեղեցի հաճախող, դեռ երեսունը չբոլորած քրիստոնյաիս պարզ էր մի բան. Քրիստոնեական եկեղեցին հոգուս քաղցը՝ ճշմարտության իմ փնտրտուքը, բնավ հագեցնել չէր կարող։ Գլխումս ամպվել էին ծննդոցին ու աստվածաբանությանը վերաբերող բազմաթիվ մութ հարցեր, որոնց պատասխաները չէին տալիս ո’չ կրոնները, ո՚չ գիտությունները։ Բայց ասվածի պես՝ փնտրողը կգտնի։ Ալեքսանդր Վարպետյանի «Հայտնություն» հատորի ընթերցումն ինձ համար նման էր «երկրորդ ծննդյան»։ Երկրորդ ծնունդ, որի պտուղն էր կյանքի նպատակը կենտ բառով նկարագրելու հզորագույն ունակությունը։ Ուստի, հոդվածս նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետամուտ են ճշմարտության գտնումին, պատրաստ են բաց մտքով զուգահեռվել մտքերիս ընթացքին ու ձեռք բերել «ջրածնային» ռումբից էլ հզոր՝ կյանքի նպատակը մեկ բառով իմաստավորելու կարողությունը։

Ալեքսանդր Վարպետյանի «Հայտնություն» հատորը կոթողային աշխատություն է,  Հայր Աստծո ակունքները նախ բացահայտող՝ կես-ճշմարտությունները ի դերեւ հանելու միջոցով։ Այնուհետ. մանրազնին քննարկվում են Էիզմի դրույթներին համապասխանող երեւույթների, գաղափարների ու Էությունների իրականությունները, վերջում անդրադարձ է կատարվում Էացում եզրին՝ պարզաբանելով անհատական, ազգային եւ համամարդկային Էացման հեռանկարները։

Հիմք ընդունելով փիլիսոփայությունների փիլիսոփայություն Էիզմի սկզբունքը («Էություն» հատոր), ինչպես նաեւ հայոց 12-հազարամյա ծագումնաբանությունը բացահայտող «Ծննդոց» գլուխգործոց աշխատությունը, Ա. Վարպետյանն առանց մեծ ճիգերի իրականացնում է բազմահազարամյա այնպիսի կեղծ դրույթների սրբագրում, ինչպիսին է Եհովայի՝ որպես Քրիստոսի հայր ներկայացնելու «Աստվածաշնչյան» անուղղակի ու նուրբ ակնարկը։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս. «Ո՞վ է Քրիստոսի Հայրը», ահա թե ինչպիսի խորիմաստ հարցադրում է նա կատարում՝ ըստ էության «ցլին պոզերից բռնելով»(Էջ 9)։ Քրիստոսն ուղղակի նշում է. «Հայրը ավելի մեծ է, քան ես»։

Կարդալով հին ու նոր կտակարանները՝ ստանում ես տպավորություն, որ հին կտակարանային Աստված Եհովան համարվում է Քրիստոսի հայրը։ Մանրամասնորեն բացահայտելով և ի մի բերելով հին կտակարանին ու Եհովայի պաշտամունքին վերաբերող զանազան ու լայն հասարակայնությանն անհայտ, բայցեվ անժխտելի փաստեր, Ալեքսանդր Վարպետյանն իրեն հատուկ խորագիտությամբ մերժում է Եհովայի՝ Քրիստոսի հայր լինելու թյուր տեսակետը։

Եթե Եհովան Քրիստոսի հայրը չէ,  ապա ի վերջո ո՞վ է Քրիստոսի հայրը:

Պատասխանը միանշանակ է՝ Էա-Այա-Հայա գերաստվածությունը՝ համատարած ողջ առաջավոր Ասիայում։ Էա-Այա-Հայա ծովաստված-գերէության բազմաթիվ նկարագրություն-երեսներն են շումեր-աքքադական Էնկի-Էա-Հայա ջրային աստվածությունը, եգիպտական դիցաբանության մեջ՝ ջրերում լողացող լոտոս-ծաղկից հայտնված արեգակնային Ամոն-Րան, հնդկական տիեզերածնության մեջ՝ վեդայական հեղուկ տարածության մեջ առաջացած ձվից ինքնատրոհված Բրահման իր ավերիչ ու արարիչ բնույթներով։

Այստեղ արժե հիշատակել, որ քրիստոնեության ընդունման առաջին իսկ օրից հետեւողականորեն ոչնչացվեցին հայ մեհյաններում կուտակված ու լայն հասարակությունից գաղտնի պահվող գրավոր մատյաններ, որոնք պարունակում էին դիցահավատամքային ու տիեզերածնական իմաստություններ։ Ա. Վարպետյանը, իր իսկ երկնած գերհանճարեղ Էիզմ մեթոդաբանության օգնությամբ, վերականգնում է հազարամյակներ առաջ հայ ազգից խլված, նույն մեր ազգային էպոսում արծարծված տիեզերածովի Էա-Այա-Հայա  գերէությունը, բացահայտում նրա սկզբում իգական, այնուհետ հայրիշխանության հաստատմանը զուգահեռ արական դառնալու փաստը։ Եվ ամենակարևորը՝ Մեծամորում հայտնաբերված, մոտ 5000 տարվա վաղեմության Է նշագրի, ինչպես նաև Մեծամորում հայտնաբերված յոթաշտանակ խորանի, 7 թվի սրբազանության հիմքով աստվածությունների համեմատական վերլուծության հիման վրա Հայկական բարձրավանդակը Էա-Այա-Հայա գերԷության ակունք հռչակելու փաստն է (ավելի մանրամասն տես էջ 71)։

Ամփոփենք. Եհովան ու Քրիստոսը գտնվում են աստվածային նույն հարթության վրա, երկուսն էլ գերԷության տարբեր «ճառագայթներ» են։ Էա-Այա-Հայա ծովաստվածն է այնքան շատ փնտրված ԳերԷությունը, «Հայր Աստվածը», ում մասին ամենավաղեմի պատկերացումներն առաջացել են Հայկական լեռնաշխարհում։

«Հայտնություն» հատորի երկրորդ բաժինը նվիրված է օբյեկտիվ իրականության եռահարկ կառույցին՝ երեվութական, գաղափարական եվ էութենական։ Ըստ որում ընդգծվում է այն փաստը, որ նրանք գտնվում են նույն եռամիասնության մեջ, և ցանկացած իրողություն, յուրաքանչյուր ոք ընկալում է իր հոգևոր հասունությանը համապատասխան ։

Գեղեցիկ համեմատություն է կատարվում տիեզերքի բաբախող մոդելի, իրականության եռահարկ կառուցվածքի ու ջրի պինդ, հեղուկ եւ գազային վիճակների միջեվ՝ այսով փաստացի դնելով արժեքավոր աշխատության տրամաբանական հաջորդ «Էացում» բաժնի հիմքը։

Անհատական Էացում

Էիզմի մասին նախորդ հոդվածում արդեն նշել էի Էացման՝որպես մարդկության վերջնական նպատակի փաստը։ Նախ ընդգծվում է կարևորագույն տարբերություն կայացման ու էացման միջեվ։ Կայացումը ենթադրում է «այն ամենը, ինչ ունի կեցա-հասարակական արժեքավորում եւ գնահատվում է որպես «շաքար» եվ «քաղցրություն»։ Էացումը «կայացմանը զորապես օժանդակելու հետ ապահովում է նաեւ ինքնագերազանցում եւ հոգևոր վերաճ, «շաքարից» ու «քաղցրությունից» բացի՝ ոգեէներգետիկ լիցքավորում, երեւութա-գաղափարական իրականությունից այն կողմ՝ մուտք էական աշխարհ»։

Հատկանշական է էացման մանրամասն քննարկումը Միհրականության, Քրիստոսի, Մահմեդի ու Բուդդայի օրինակներով: Եթե Միհրականությունը ենթադրում էր ընտրյալների՝ դեպի ոգեղենություն «առավելագույն ծանրաբեռնվածությամբ» մագլցում, քրիստոնեությունն ու իսլամը անտեսում էին իմաստնություններն ու ոգեղենությունը, շեշտը դնելով առավելապես ժուժկալության, առաքինությունների ու  «հանդերձյալ կյանքում» վարձատրության վրա։ Բուդդիզմն իրենից ներկայացնում է աշխարհիկ ամենը ժխտող, արտաքուստ «նվազագույն դիմադրության», իսկ ներքուստ «առավելագույն ծանրաբեռնվածության ճանապարհ, որի վերջնական նպատակն է նիրվանան։

Ի մի բերելով էացման տարածված կրոնական մեկնաբանությունները՝ Ա. Վարպետյանն իրավացիորեն նշում է. «... բոլոր կրոնները, կրոնափիլիսոփայական , զուտ իմաստասիրական կամ գիտաբանական ուսմունքները պարունակում են Էա-Հայա դիցահամակարգից սնվող հիմնադրույթներ, մասնավորապես՝ էությունների, էական իրականության, էացման եւ «Ծովից ծնվող ու ծով վերադարձող ամենայնի» առումներով։ »(Էջ 260)։

Այս ամենին ավելացնելով գերթեթեւ տարրերի ու գերթույլ դաշտերի հիմքում ընկած ակսիոնների մասին քննարկումը, մասնավորապես ծավալվող միտքը՝ թե ինչպես են նյութական երևույթներն օժտված իրենց երկվորյակ ակսիոններով, որոնք գտնվում են գերսառը վիճակում եւ այդու ավելի դանդաղ քայքայվող ու երկարակյաց են՝ համեմատած երևույթների հետ:

Այս ամենն ի մի բերելով, հեղինակը եզրակացնում է. «Սկզբունքորեն էացումը կարող է ներկայացվել հետեւյալ կերպ. Էվոլյուցիոն հազարամյակների «կոնվեկցիոն հոգեշրջանառության» ընթացքում նյութա-երեւութական աշխարհը, աստիճանաբար ընդհանրացվելով, վերածվում է «հոգեքվանտային» հիմքով զգայությունների, նախատիպերի, հասկացությունների, գաղափարների ու տարրական էությունների, գենետիկորեն ու կենսափորձով փոխանցվում սերնդեսերունդ, ըստ անհատների ներաշխարհային հասունության՝ կազմում թույլ կամ զորեղ հոգեդաշտ, իսկ «հոգու ուժգնացած մոմենտներին»՝ վերանյութականանում որպես արարչություն...»

Ազգային Էացում

Ազգը բնորոշելով որպես էներգետիկ-հոգեվոր միավոր եւ «անհատական Գերեսերի բաղադրություն», Ա. Վարպետյանը հիմնավորապես մերժում է ազգերի մեռնելու տեսությունը՝ բերելով հրեաների, թուրքերի, ամերիկացիների, անգլիացիների, գերմանացիների ու չինացիների կայացման ու որպես ազգ էացման օրինակները։ Մանրամասն անդրադառնալով հրեաների փորձին, նշվում է, թե ինչպես հարելով ոչ սեմական աստվածության, ստեղծել ուրույն աշխարհայացք ու գաղափարախոսություն, դիցահավատամքային «կարճ միացումներով» իրենց ազգային ընտրյալության թեզը նաև կապելով համաշխարհային կրոն քրիստոնեությանը, նրանք կարողացան 2000 տարի անց հասնել «խոստացյալ» հայրենիքին եւ Արեվմուտքում եղանակ ստեղծել ոչ միայն ֆինանսների ու գիտության, այլև պետական կառավարման, կինոարվեստի ու մշակույթի բնագավառներում։

Այլ է հայ ազգի պարագան, որն ունենալով լայնարձակ կենսատարածք, մարդաբանական, տնտեսական ու աշխարհայացքային հումքով առաջ բերեց քանի-քանի ազգ ու ազգույթներ, սակայն նախորդ 17 դարերի ընթացքում կորցրեց ոչ միայն իր պատմական տարածքի առյուծի բաժինը, այլ որ ավելի ցավալի է՝ իր ազգային աշխարհայացքն ու արժեհամակարգը։ Ո՞րն է հայոց հարատևման ու էացման միակ գրավականը: «... հայ ազգը այս հազարամյակը անցնելու շանս չունի, եթե միայն չկառչի իր արմատներից, չվերականգնի իր ինքնությունը, չապավինի իր ներաշխարհին ու չապահովի նախ իր հոգևոր անկախությունը, չվերանորոգվի եվ «նպատակի ռեֆլեքսով» չհարմարվի համաշխարհային պայմաններին՝ վասն այդ օժտվելով սեփական աշխարհայացքով, գաղափարաբանությամբ եվ հարատևման ռազմավարությամբ»։

 Համամարդկային Էացում

Արդյո՞ք բոլոր ազգերի էացումն անհրաժեշտաբար կհանգեցնի բախումների։ Սկզբում այո, կլինեն ջղաձգություններ ու հակամարտություններ՝ որպես թերհասության հետևանք։ Երբ ազգերն ավելի հասունանան՝ ասել է թե իմաստնանան-էանան, որպես ազգային Գերեսեր նրանք կդառնան ավելի քաղաքակիրթ, մեծահոգի ու ոգեղեն։ Դրանից հետո հակամարտություններն ու վեճերը կլուծվեն վեհանձնորեն, իսկ ազգերի միջև էվոլյուցիոն մրցակցությունը կկրի «հակաէնտրոպիկ-արարչական բնույթ եվ կնպաստի հանուր հասունացմանը, կատարելագործմանն ու էացմանը»։

Այսպիսով, Էացումը իրենից ներկայացնում է զգայականից բանականի, այնուհետև, բանականից ոգեղեն-էական մակարդակներ անընդհատ «մագլցում»՝ միաժամանակ անհատական, ազգային ու համամարդկային մակարդակներում։ Այն անհատներն ու ազգերը, որոնք առաջինը կորսան էացման «հովերը», կստանձնեն մարդկության էացման ազնվագույն ու պանծալի առաքելությունը։ Իսկ իր գենոֆոնդի «ոսկե պահուստում» Էություն կուտակած, իր էությամբ իսկ Էություն (այ-Է, հայ-Է հոմանիշներով) հանդիսացող հայ ազգն այլ առաքելություն, քան մարդկությանը դեպի Էացում առաջնորդելն է, չի կարող ունենալ։

Արարատ Ստեփանյան

 

Մեկնաբանություններ (3)

Արարատ Ստեփանյան
Հայկ, եթե հոդվածս մինչեվ վերջ չես կարրացել, ինչի՞ց եզրակացրիր, որ կորցրել եմ իմ ազատությունը։ Եթե միակ պատճառն Ալեքսանդր Վարպետյանի գաղափարները գովել-արծարծելն է, նույն «մեղքի» համար պիտի մեղադրեք նաեվ Փարաջանովին, Ավետ Տերտերյանին, Շիրազին, Համո Սահյանին, Առնո Բաբաջանյանին, Սերո Խանզադյանին, Վիկտոր Համբարձումյանին ու շատ այլ մեծանուն մտավորականների, տես http://eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm Հ. Գ. Էիզմն ու Ա. Վարպետյանի մի շարք այլ գաղափարներ «թթու թան չեն, ամեն մարդու բան չեն։
Ալեքսանդր Վարպետյան
Շնորհակալություն հեղինակին այսպիսի ծանր նյութը բանիմացորեն և համառոտակի ներկայացնելու համար, և անշուշտ ՀԵՏՔ-ին՝ իր էջերում տեղ տալու: Ամեն մի լրատվական այդ չէր անի, թեկուզ նյութի բարդությունից...
Հայկ
Հավատացյալ մարդը ոչ միայն չի գտել ճշմարտությունը այլև կորցրել է ամենակարևորը' ազատությունը։ Կներես հոդվածդ չկարողացա մինչև վերջ կարդամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter