HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եթե զոհվեցիր՝ մեղավորը դու ես

Հայլեռտեխհսկողության տեսչության տվյալներով վերջին տասը տարիներին Հայաստանի հանքավայրերում տեղի է ունեցել դժբախտ պատահարների 41 դեպք, որի հետեւանքով մահացել է 22 մարդ, շատերը խեղվել են կամ դարձել անաշխատունակ: Սոտքի ոսկու հանքի վերաշահագործումն սկսվել է 1998թ.ից եւ 6 տարվա ընթացքում նրանց ղեկավարած «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում», Սոտքի ու Մեղրաձորի հանքավայրերում 9 մարդ է մահացել, շատերը ծանր վիրավորվել են, կորցրել աշխատունակությունը: Սակայն գործատուն՝ հնդակական «Ֆըսթ Դայնսթի Մայնզ» ընկերությունը միջոցներ չի ձեռնարկում հանքափորների աշխատանքը հնարավորինս անվտանգ դարձնելու ուղղությամբ, քանի որ առանձնապես ոչ ֆինանսական, ոչ էլ այլ կարգի տույժեր չի կրում մարդկային զոհերի համար: Անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները չնչին են:

Գայանե Շահինյանի ամուսինը՝ Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Վահան Մկրտչյանը 47 տարեկան էր, երբ Սոտքի ոսկու հանքում, ուր նա զոդող էր աշխատում, մահացավ տեղի ունեցած պատահարից: Վահան Մկրտչյանը Սոտքի հանքավայրում աշխատել է 30 տարի: Գ. Շահինյանը պատմեց, որ երբ հնդկական ընկերությունն սկսեց շահագործել հանքավայրը՝ ամուսնուն ազատեցին աշխատանքից, ամիսներ հետո, 2004թ.-ին կրկին կանչեցին աշխատանքի եւ 3 ամսով պայմանագիր կնքեցին: 2004թ. նոյեմբերի 3-ին Վ. Մկրտչյանը վաճխանվել է աշխատանքի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետեւանքով: Դեպքը տիկին Գայանեն այսպես նկարագրեց. ամուսնուն հանձնարարել են զոդել էքսկավատորի վնասված շերեփը, սակայն անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկել շերեփի հավասարակշռությունը պահպանելու համար, որի հետեւանքով 40տ կշռող շերեփն ընկել է վրան: «Տվյալ դեպքում հերթափոխի մեխանիկը, վարպետներն են մեղավոր, որովհետեւ զոդման համար ազատ տարածք պետք է լիներ, բայց քրեական գործով իմ ամուսնուն են մեղադրել ու գործը կարճել են»,- պատմեց կինը՝ Գեղարքունիքի մարզի դատախազության որոշումից անակնկալի գալով:

Գ. Շահինյանը հաստատեց, որ ինքը ոչ մեկի դեմ չի բողոքել: «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» Վահան Մկրտչյանի թաղումը կազմակերպելու համար 1000 դոլար է տվել ընտանիքին: Էլեկտրամեխանիկական բաժնի հնդիկ ղեկավար Անանդը նրան խոստացել է որդիներից երկուսին ընդունել աշխատանքի, բայց մեկին է ընդունել: «Դիմում գրեցի, խնդրելով ամուսնուս շիրմաքարի համար դրամական օժանդակություն տրամադրել, բայց նամակիս չպատասխանեցին: Ավելին, վերջին գործադուլից հետո տղայիս անգամ չէին վերականգնում աշխատանքում, «մարդ մեջ քցելով», խնդրելով վերականգնեցին, չնայած չգիտենք անգամ, թե նրա հետ ինչքան ժամանակով են պայմանագիր կնքել: Ամուսնուս նրանց պատճառով կորցրեցի, բայց ոչ մի աջակցություն չցուցաբերեցին, գոնե ներողություն խնդրեին կատարվածի համար: Ես երեք որդի ունեմ, հայրական դաստիարակությունը շատ կարեւոր էր տղաների համար»,-ասաց Գայանեն:

Քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշման հիմքում Հայլեռտեխհսկողության տեսչության հետաքննության ակտի եզրակացությունն է, համաձայն որի Սոտքի բաց հանքի վերանորոգման տեղամասում «Կատերպիլլեր 385» մակնիշի էքսկավատորի կոտրված շերեփի վերանորգման աշխատանքներով զբաղված եռակցող Իշխան Ոսկանյանի, փականագործ Աշոտ Զաքարյանի, էքսկավատրավար Արմեն Սահակյանի, ինչպես նաեւ հանքի ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում թույլ չի տրվել, «Վահան Մկրտչյանի հետ տեղի ունեցած դեպքը՝ նրա անզգուշության հետեւանք է»: Պարզել են նաեւ, որ Վ. Մկրտչյանը հանձնարարություն չի ստացել մասնակցելու եռակցման աշխատանքներին, այլ' «նա անսպասելի, ակնհայտ պատահականորեն հայտնվել է գետնին դրված վերանորոգվող շերեփի մոտ...»:

Քննիչը որոշման սկզբնամասում եզրակացնելով, որ հանքի աշխատակիցները, ինժեներա-տեխնիկական անձնակազմը անվտանգության կանոնների խախտում թույլ չեն տվել, միաժամանակ հակասելով ինքն իրեն գրել է. «Ոսկու բաց հանքի վերանորոգման բաժնի աշխատակիցները թույլ են տվել բացթողումներ եւ թերություններ, որոնք թույլ չտալու դեպքում կբացառվեր վերը նշված դժբախտ պատահարը»: Թերեւս այդ պատճառով է 5 կետից կազմված միջնորդագիր ուղարկել Սոտքի ոսկու հանքի տնօրեն Ռ. Շարմային՝ ներկայացված առաջարկները հանքի աշխատակիցների խորհրդակցության ժամանակ քննարկելու նպատակով: «Հանձնարարել հանքի ինժեներա-տեխնիկական անձնակազմին այսուհետ վերանորոգման տեղամասում մեխանիզմների, առանձին հանգույցների վերանորոգումը կատարել այդ նպատակների համար նախատեսված ամուր եւ չոր վայրերում, կառուցված հատուկ հրապարակներում»: Դրանով իսկ քննիչը հաստատել է Վահան Մկրտչյանի այրու համոզմունքը, որ նշված կանոնները չպահպանելու հետեւանքով զոհվեց իր ամուսինը եւ որի մեղավորները չպատժվեցին:

Սոտքի ոսկու հանքում Վահան Մկրտչյանից մեկ տարի առաջ, 2003թ. մայիսի 5-ին զոհվել էր 27 ամյա Վարդան Իսկանդարյանը, որն էքսկավտորի մեխանիկի օպերատորի օգնական է աշխատել: Իրավաբական ֆակուլտետի ուսանողը, որն ընդամենը 3 ամիս առաջ էր իր ամուսնական կյանքն սկսել, հանքավայրի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքային անվտանգության կանոնների խախտման զոհը դարձավ: Երիտասարդի մահվան համար նրանք հավասարապես մեղադրում էին բոլոր պատասխանատուներին՝ հանքի պետին, գլխավոր էներգետիկին, գլխավոր մեխանիկին, անվտանգության ինժեներին: Ասացին, որ անձրեւային եղանակին իրավունք չունեին էքսկավատորը տեղաշարժել, սակայն Վարդանին հարկադրել են էքսկավատորով, որի սեփական քաշը միայն 200տ է, զառիվայրը բարձրանալ: «Ճանապարհի թեքությունը չէր բավարարում, Էլեկտրական վահանակի դուռը կոտրված ու բաց էր եւ 6000վտ հոսանքը նրան էլեկտրահարեց գլխից: Եթե այդ պայմանները չլինեին՝ երիտասարդը չէր մահանա»,- հայտնեց հանքավայրի աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով անվանապես ներկայանալ: Այս դեպքում նույնպես քրեական գործը կարճվել է աշխատակիցների ոչ իրական բացատրությունները հիմք ընդունելով («մեր ընկերներն էին՝ լռեցինք») ու դարձյալ մեկնաբանվել է, որ անվտանգության կանոնները զոհվածն ինքն է խախտել:

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողության) լեռնաքիմիական բաժնի ավագ մասնագետ Խաչատուր Բաբայանի ասելով հանքահանման ակտիվացման հետ մեկտեղ մահվան դեպքերն էլ են ավելացել, բայց ամեն ինչ արվում է մարդկային զոհեր չտալու համար: Չնայած դրան, զոհերի թիվը գնալով ավելանում է, 2004թ.-ին հանքավայրերում 7 մահ է գրանցվել:

Վերջին ողբերգական դեպքը գրանցվեց այս տարի ապրիլի 18-ին «Արարատ-Ոսկի» ընկերությանը պատկանող մեկ այլ հանքավայրի' Մեղրաձորի հանքախորշում, որին զոհ գնացին երկու երիտասարդ, իսկ մեկը ծանր մարմնական վնասվածքներ ստացավ: Լրատվամիջոցները հաղորդեցին, որ 1650մ խորության վրա վնասվել է մետաղե ամրակապը, երբ փորձել են վերականգնել այն, հանկարծակի փլուզում է տեղի է ունեցել։ Փլվածքի տակ է մնացել Գառնիկ Գեւորգյանը։ Մյուս հանքափորը՝ 27-ամյա Արտյոմ Բարսեղյանը, շտապել է օգնության հասնել գործընկերոջը, սակայն այդ պահին տեղի է ունեցել երկրորդ փլուզումը, որի հետեւանքով Ա. Բարսեղյանը զոհվել է։ Լուրջ վնասվածքներ է ստացել նաեւ վարպետը: Կոտայքի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել փլուզման հետեւանքով երկու մահացածների մահվան պատճառները ճշտելու համար: Մարզի դատախազ Գրիշա Միքայելյանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու մասին որոշում են կայացնելու, քանի որ «Հայլեռտեխհսկողության» մասնագիտական եզրակացությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ բացառել է մարդու գործոնը:

«Մենք բացատրություններ ենք վերցնում եւ դրանց հիման վրա ստացվում է, որ ճիշտ են աշխատել, որոշումներ են ընդունել,- մեկնաբանեց գլխավոր մասնագետը, ապա ավելացրեց,- մի քիչ զարմանալի է, երբ ամբողջ ամրակապը կոտրվել է, բայց փաստը մնում է փաստ»: Խ. Բաբայանի ասելով Մեղրաձորի վերջին փլուզումն ամենաապահով տեղում է եղել՝ ամրակապված է եղել, ճկվացքներ չեն եղել: Աշխատանքն սկսելուց առաջ ցանկացել են անվտանգությունն ապահովել՝ լրացուցիչ ամրակապ տեղադրել, որպեսզի լեռնային ճնշումը փայտը չկոտրի: Պրն. Բաբայանը նշեց նաեւ, որ գործածված փայտը իրապես պահանջված որակը չի ապահովել, ԽՍՀՄ տարիներին հանքախորշերում պարտադիր էր ռուսական փայտի գործածումը, բայց հիմա Վրաստանի ու Հայաստանի փայտն են գործածում: Այնուամենայնիվ, նրա ասելով, փայտի մշտական ամրակապերը մինչեւ 5 տարի են գործածվում, իսկ տվյալ դեպքում մոտ 1 տարի է կապված եղել: Տեսչության գլխավոր մասնագետի նկարագրությամբ, Մեղրաձորը երկրաբանական բարդ կառուցվածք ունի, ջրհագեցած ապարներ են այնտեղ: Դժբախտ դեպքերը Մեղրաձորում են ավելի շատ լինում, որովհետեւ նրանց երկրաբանական ապարներն անկանխատեսելի են: «Մեղրաձորը ստորգետնյա հանք է, իսկ ստորգետնյա հանքերում փլուզումներն անխուսափելի են: Գարնանը ստորգետնյա գրունտային ջրերը շատ են բարձրանում, ապարների արանքի կավային շերտը լվացվում է եւ լեռնային զանգվածն իրարից բաժանվում է»,- բացատրեց նա:

Սոտքի հանքի ինժեներ Արմեն Սահակյանը, որը նաեւ վերջերս ստեղծված հանքի «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության նախագահն է, հայտնեց, որ եթե հանքը շահագործելու համար 15մ ուղղահայաց են փորում, առնվազն 7-8մ էլ պետք է հորիզոնական փորեն: Սակայն նրանք միայն փորելով իջնում են: Դատարկ ապարները չեն հեռացնում, միայն հանքաքարն են հանում եւ այնտեղ աշխատելն անհնար է դառնում: Մի փոքր քարի պոկվելը ակնհայտ վտանգ է ստեղծում աշխատողների համար:

Հայլեռտեխհսկողության լեռնաքիմիական բաժնի ավագ մասնագետն այն համոզման է, որ բանվորներն ավելի քիչ են մտածում իրենց ապահովության մասին: Խաչատուր Բաբայանի ասելով դժբախտ դեպքերը մարդու անփութության կամ աշխատանքը սխալ կազմակերպելու հետեւանք են եւ, չնայած բավականին մեծ թվով պատահարներին, տեսչությունը ոչ անփույթ մարդ, ոչ էլ աշխատանքը սխալ կազմակերպելու դեպք չի հայտնաբերել: «Նրանք ունեն առաջադրանքների գիրք, որում նշումներ են կատարում ստացած առաջադրանքի մասին, առանձին սյունակում պետք է գրառումներ անեն հայտնաբերված թերությունների մասին, բայց ոչինչ չեն գրում: Պատճառաբանում են, որ վախենում են, նեղացնում են դրա համար: Հիմնականում թերությունների մասին նշումներ է կատարել անվտանգության ինժեները, բայց ոչ բանվորներն ու լեռնային վարպետները»,- հայտնեց պրն. Բաբայանը:

Սոտքի հաքավայրի աշխատակիցները պնդում են, որ գործատուն անվտանգության ինժեների դեմ այնպիսի պայմաններ է դնում, որ նա չի կարողանում կտրուկ միջոցներ ձեռնարկել (Սոթքի հանքավայրը վարդենիսցիների համար կենսական նշանակություն ունի, այնտեղ հանքավայրից բացի բացարձակապես ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն չի աշխատում): Վերադասին բացատրում է եղելությունը, նրանք հասկանում են հարցի լրջությունը, բայց ոչինչ չեն ձեռնարկում: «Հարկադրված անվտանգության ինժեները «անվտանգության իր կանոններն է ձեռնարկում»՝ հանձնարարությունը տալիս խաչակնքում է աշխատողներին՝ «աստված ձեզ հետ, հանկարծ ձեզ բան չպատահի, ինձ էլ աշխատանքից չազատեն»:

Հանքավայրի աշխատակիցները նշեցին, որ հանքի մշակման նախագծով պետք է բավարարվեին լեռնատեխնիկական պայմանները, բայց հանքավայրը շահագործող ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Անվտանգության խնդիրները հաստատվում են Երեւանում՝ ընդերքի վարչության եւ այլ մարմինների կողմից, սակայն երբ տեղ է հասնում՝ բացարձակ վերահսկողություն չկա եւ նրանք էլ առիթից օգտվելով, ինչպես ուզում, այնպես էլ շահագործում են: «Փչացնում են եւ հանքավայրը եւ չի պահպանվում ամենակարեւորը՝ աշխատանքային անվտանգությունը»: «Բելազի» վարորդ Կամո Սաֆարյանը նշեց, որ 6000 վտ հոսանքալարն իրավունք չունեն 6 մ-ից ցածր անցկացնել, բայց այստեղ «Բելազ» մեքենան անցնում է, լարերը կպնում են մեքենային, դրա համար վարորդին են նկատողություն տալիս: «6000 վտ հոսանքալարը, երբ մտա կարելու, ինձ թվաց, թե ծիտիկներ են նստած լարին, սակայն պարզվեց՝ կտրտված տեղերն են ամրակապել, 1մ-ից երկար լար չկա: Չեմ տեսել, որ Երեւանից որեւէ մեկը գա ու սարերը բարձրանա դրանք տեսնելու համար»:

Գործադուլի ժամանակ ի թիվս այլ պահանջների, Սոտքի հանքավայրի աշխատակիցները պահանջում էին կիրառել նաեւ անվտանգության տեխնիկայի կանոնները, բարելավել աշխատանքային պայմանները, կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որի 181-րդ հոդվածը սահմանում է. «Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները ՀՀ օրենսդրությանը համապատասխան նյութական պատասխանատվություն են կրում այն վնասի համար, որ պատճառվել է աշխատողներին՝ վերջիններիս կողմից իրենց աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղմամբ կամ առողջության այլ վնասումով»: Հայաստանի լեռագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինն ավելացնում է. «Եթե բշժկական հանձնաժողովի որոշումով ապացուցվեց, որ մարդն անաշխատունակ է՝ նրա խնամքի տակ գտնվող կինն էլ պետք է ցմահ թոշակ ստանա, երեխաներն էլ՝ մինչեւ նրանց չափահաս դառնալը»:

Մինչ այժմ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» համապատասխան ատյաններին հավաստիացրել է, որ մահվան դեպքերի ժամանակ մահացողի թաղման ծախսերը հոգալու համար միանվագ 3000 դոլար փոխհատուցում են տալիս: Հնարավոր է, որ նման դեպքեր եղել են, բայց բոլորը չէ, որ կարողանում են ստանալ գումարը կամ ամբողջությամբ ստանալ: Հենց վերջին՝ Մեղրաձորի հանքում զոհվածներին բազմաթիվ միջամտություններից հետո վճարել են 2000-ական դոլար: Տարբեր մարդկանց հետ խեղման դեպքեր են եղել, մեկին վճարում են հիվանդանոցային ծախսերը, մյուսին՝ չեն վճարում: «Գումարն ստանալը կախված է այդ միջավայրում տվյալ անձի զբաղեցրած դիրքից, կապերից»,- մեկնաբանում են հանքավայրի աշխատակիցները: Վճարում են այն դեպքում, երբ դժբախտ պատահարը ակտավորում են, իսկ գործատուն շատ հաճախ խուսափում է ակտավորելուց: Դրանք անվանում են թաքնված դժբախտ դեպքեր:

Արմեն Սահակյանը պատմեց, որ իր հերթափոխի ժամանակ Գարեգին Սահակյանին ստիպել են էքսկավատորը վերանորոգել 6000 վտ հոսանքալարին միացրած: Նա էլեկտրահարվել է, տեղափոխել են հիվանդանոց եւ, բարեբախտաբար, ողջ է մնացել: «Միջնորդներ գնացին նրա մոտ խնդրելով չակտավորել դեպքը, չբողոքել, հակառակ դեպքում, սպառնացին պարգեւատրումից զրկել բոլորին: Մարդը հարկադրված համաձայնեց, ապաքինվելուց հետո, դեկտեմբեր ամսին եկավ աշխատանքի: Նա աշխատունակության 60%-ը կորցրել էր, սակայն համապատասխան աշխատանքով չապահովեցին եւ հունվարի վերջին ազատեցին աշխատանքից: Սոթքի հանքավայրի աշխատակիցներից Սերգեյ Ղազարյանի կինը Հայաստանի լեռագործների արհմիության աջակցությանն է դիմել, հայտնելով, որ ամուսինը ոտքից տրավմա է ստացել, սակայն վթարի ակտավորում չի կատարվել եւ հիմա ոչ ոք չի ուզում նրան վճարել:

Աշխատունակությունը մասնակի կորցրածներին ավելի թեթեւ աշխատանք պետք է առաջարկեն, սակայն հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարությունը ջանում է ազատվել նրանցից, ոչ թե թոշակավորել: Նշեցին, որ Վարդենիսից Դավիթ Սուքիասյանին, որն արտադրական տրավմա է ստացել եւ կորցրել է աշխատունակության 60%-ը՝ ազատել են աշխատանքից: Մեկ ուրիշը՝ Դանիել Սահակյանն, ընկել է շարժիչի վրայից ու աջ ուսահոդը խախտվել է: Նա նույնպես կորցրել է աշխատունակության 60%-ը եւ 3-րդ կարգի հաշմանդամ է, սակայն պարտադրում են նորից շարժիչի վրա աշխատել: Դ. Սահակյանը պահանջում է թոշակ տրամադրել իրեն կամ ապահովել համապատասխան աշխատանքով: «Նրան դժվարությամբ վերականգնեցին աշխատանքում, սակայն այնպիսի պայմաններ են դնում, որ հեռանա: Պարտավորեցնում են կատարել ցանկացած հանձնարարություն, եթե չարեցիր՝ կգնաս տուն»,- ասացին արհեստակցական միության ղեկավարները: Նշեցին, որ աշխատանքի ընթացքում տրավմա ստացած որոշ մարդիկ շարունակական բուժման կարիք ունեն, բայց այդ հնարավորությունը չունեն: «Երբ այդ խնդիրները դնում ենք ընկերության առաջ՝ թշնամանում են: Հանքավայրը շահագործող ընկերությունը չի ուզում ընդունել, որ կոլեկտիվը արհեստակցական միություն է ստեղծել իր շահերը պաշտպանելու համար»,- ասացին Սոտքի հանքավայրի աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter