Երկուշաբթի, 23 հուլիսի

Կապանի ավագանին ստորագրել է համայնքապետի հրաժարականը, բայց ավագանու 9 անդամ նախարարին կոչ է արել չընդունել այն



Այսօր Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստին 14 անդամներից 12-ը ստորագրել է համայնքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի դիմումը:

Հրաժարականի դիմումներ են գրել նաև Հայրապետյանի երկու տեղակալները՝ Ռոմիկ Սարգսյանը և Արգամ Գրիգորյանը: Վերջինս դեռ մի քանի օրը կղեկավարի համայնքապետարանը, քանի դեռ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Այս մասին «Հետքին» հայտնեց համայնքապետի մամլո խոսնակ Արմինե Ավագյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր գրել նախորդ ուրբաթ՝ հուլիսի 6-ին, որը ավագանու անդամները չէին ստորագրել: Նրանք բոյկոտել էին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր համայնքապետի հրաժարականի հարցը: Բոյկոտին միացել էին նաև համայնքի վարչական ներկայացուցիչները:

Աշոտ Հայրապետյանը քաղաքապետի պաշտոնում է 6 տարի: Քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ նա ներկայացրել է քաղաքաշինության ոլորտի հաշվետվություն: Այն ընդգրկում է ընթացիկ և հետագա ծրագրերը:

Ավագանու 9 անդամներ ուղերձ են հղել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և Աշոտ Հայրապետյանին:

Նախարարին նրանք կոչ են արել չընդունել Հայրապետյանի հրաժարականի որոշումը, չնայած հենց իրենք են ստորագրել այն: Ահա, թե ինչ են նրանք գրել Ս. Պապիկյանին.

«Աշոտ Հայրապետյանը  մեր համայնքը ղեկավարում է 2012 թվականից, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին վերընտրվել Է Կապան համայնքի ղեկավար: 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար: Այս տարիների ընթացքում համայնքում զգալի է առաջընթացը, մտավոր ներուժի գնահատումն ու կիրառումը, ակտիվացել է համագործակցությունը տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում համայնքը նաեւ մեր  հանրապետությունից դուրս ունի բարի համբավ: Այս ընթացքում Կապանն անդամակցել է միջազգային կառույցների, պարոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի համայնքները միջազգային տարբեր համաժողովներում:

Այս դրական աշխատանքային և գործընկերային վստահության արդյունքում Կապանում ներդրվել ու իրականացվել են ծրագրեր միջազգային դոնորների միջոցով: Համայնքում խորհրդային տարիներից հետո առաջին անգամ ընթացքի մեջ է  նոր մանկապարտեզի շինարարությունը,ևս մեկի շինարարությունը պետք է սկսվի այս տարի և այլն: Վստահելի գործընկերոջ բացակայությունը կարող է նաև վտանգել սկսված ծրագրերը, խոստացված ներդրումները:

Աշոտ Հայրապետյանը 2015 թվականին «Համազգային վստահության խորհուրդ» ՀԿ կողմից ճանաչվել է «Լավագույն քաղաքապետ», 2015թ.Կապանը  Հայաստանի  համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ճանաչվել է «Լավագույն քաղաքային համայնք», 2015թ. հաղթող է ճանաչվել  Եվրոպայի խորհրդի հայտարարած «Հայաստանի համայնքների լավագույն գործելակերպ» մրցույթում, 2016-ին Կապանը  Հայաստանի  համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության կողմից ճանաչվել է «Մշակութային լավագույն համայնք»,  2017-ին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական համայնք» մրցույթում գրավել է  3-րդ տեղ...

Համայնքում շրջանառվող կարծիքների համաձայն՝ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի հիմք է դարձել 2018 թ. հուլիսի 5-ին Կապանի Գ.Նժդեհի հրապարակում կատարվածը. կարծում ենք, որ դա չի կարող պատճառ  դառնալ համայնքի ղեկավարի հրաժարականի համար: Հարգելի՛ պարոն Պապիկյան, ելնելով այս ամենից, կոչ ենք անում Ձեզ՝ չընդունել Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի հրաժարականը»:

Իսկ Ա. Հայրապետյանին ավագանու 9 անդամները հայտնել են. «Ելնելով Ձեր ներկայացրած հրաժարականի դիմումից և մեր համայնքում այսօր ստեղծված իրավիճակից՝ կոչ ենք անում հիշել, որ մեր համայնքի բնակչության զգալի մասը ՏԻՄ ընտրություններում սատարել է Ձեզ, տվել իր քվեն, ունի ակնկալիքներ ու սպասելիքներ իր կատարած ընտրությունից, և այսօր հրաժարական ներկայացնելը նշանակում է ի դերև հանել այդ մարդկանց  հույսերը, հիշել, որ Դուք ունեք պատասխանատվություն, ծրագրածն ու նախաձեռնածը ավարտելու պարտավորություն, և ի շահ համայնքի հորդորում ենք շարունակել աշխատանքը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի01:03 - 10 հուլիսի, 2018
ՇՆՈՐՀԱՎՈՐ,սիրելի կապանցիներ՝ լավ լուրի առթիվ. 6 տարի հետո Կապանը վերջապես ազատագրվեց այս լիսկայականից (հիշու՞մ եք,թե կամերաների առաջ դոշ տված ոնց էր պաշտպանում Լիսկային): Աշոտ Հայրապետյանը 6 ՏԱՐԻ շարունակ ծառայեց հանքային կլանին (Կապանի կենտրոնական հրապարակն էլ 25 տարով խայտառակորեն հանձնեց ԶՊՄԿ-ին): Աշոտ Հայրապետյանը 6 ՏԱՐԻ շարունակ օտարեց համայնքի գույքը: ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ վերջապես հասնում է Կապան/Սյունիք և կապանցին/սյունեցին սկսում է ազատագրվել բդեշխային ավազակապետությունից: Այսօր ԼԱՎ (և պատմական) ՕՐ է կապանցիների համար:
2. Վարազ Սյունի01:12 - 10 հուլիսի, 2018
10 հազար դրամով ընտրված Կապանի ավագանու ՏԱՐՕՐԻՆԱԿ պահվածքը: Բա եթե «չէիք ուզում», ի՞նչու ստորագրեցիք հրաժարականի դիմումը: Այս ի՞նչ թատրոն է: 10 հազար դրամով ընտրված Կապանի ավագանու անդամները սարսափած են. առանց իրենց հհկ-ական շեֆի հրամանների բա ի՞նչ պիտի անեն: ՀԳ. Շրջեք քաղաքում և ինքներդ տեսեք քաղաքի ՏԽՈՒՐ վիճակը՝ աղքատություն ու քարուքանդ քաղաք: Ու կողքին՝ օտարի՛ն հարստացնող ոսկու հանք. ու պոչամբարներ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ