HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

13 տարի անց․ դատարանի վճռով ապացուցվել է, որ քաղաքացու ունեզրկումն անօրինական էր

Բուզանդի փողոցի նախկին բնակիչ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը կառավարությունից պահանջում է վերականգնել իր եւ ընտանիքի խախտված իրավունքները։ Ուղիղ 13 տարի առաջ Հայաստանի դատական համակարգի միջոցով նրանից ապօրինաբար խլվել է սեփականություն հանդիսացող տունը, հողամասը, նկուղը եւ ամբողջ գույքը։

Սեդրակ Բաղդասարյանը, նրա կինը եւ երկու անչափահաս զավակները 2005 թվականի դեկտեմբեր ամսին վտարվել են սեփական բնակարանից, որը պետության կողմից ճանաչվել էր որպես հանրային գերակա շահի համար օտարման ենթակա օբյեկտ։ Ունեցվածքը խլվել էր «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի դատական հայցի հիման վրա, եւ ահա 13 տարի անց, 2018 թվականի ամռանը առաջին ատյանի դատարանը մերժել է ԾԻԳ-ի այդ նույն հայցը, ինչը նշանակում է, որ 2005-ին կատարված ունեզրկումը, որը մի կողմից անվերադարձ պրոցես է, քանի որ այդ բնակարանի տեղում հիմա էլիտար շենքեր են կառուցած, անօրինական էր։

«Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը 2004 թվականին հայցով դիմել էր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ խնդրելով հարկադրել Սեդրակ Բաղդասարյանին՝ կնքելու անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր, նրան, ինչպես նաեւ տարածքը զբաղեցնող այլ անձանց վտարելով Բուզանդի 25, բն. 16 հասցեից: Որպես փոխհատուցման գումար սահմանվել է 23 հազար 80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ներառյալ ՀՀ հարկերը։  

Բաղդասարյանի անշարժ գույքի գնահատումը իրականացրել է «Արթին Էնթրփրայս» ընկերությունը, որը վարձատրվել է «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի կողմից, եւ դա է պատճառը, որ, ըստ Բաղդասարյանի, գույքը գնահատվել է թերի՝ չեն գնահատվել տան հողամասը եւ նկուղը։

2005թ. մարտի 10-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի հայցը: Հետագայում մերժվում են Բաղդասարյանի դատական բողոքները։

«2005թ. մայիսի 31-ին ես վճռաբեկ բողոք եմ ներկայացրել, որ ինձ գույքից զրկելը սահմանված չէ օրենքով, ինչպես դա պահանջվում էր այն ժամանակ գործող Սահմանադրության 28-րդ հոդվածով, հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 1998թ. ՍԴՈ-92 որոշմանը, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին եւ որ իմ գույքից զրկելու հարցում որեւէ հանրային շահ առկա չի եղել: 2005թ. հուլիսի 7-ին վճռաբեկ դատարանը՝ Արման Մկրտումյանի նախագահությամբ, որոշում ընդունեց բողոքը մերժելու վերաբերյալ»,- պատմում է Սեդրակ Բաղդասարյանը:

2005թ. դեկտեմբերի 1-ին Սեդրակ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: 2008թ. Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանի միջոցով Բաղդասարյանին բարեկամաբար կարգավորելու առաջարկում է 140 քմ մակերեսով բնակարան, որի կառուցման աշխատանքը պետք է ավարտվեր 2010թ., Բուզանդ-Կողբացի խաչմերուկում, ինչպես նաեւ 2005-2010 թվականներին վճարել ամսական 120 հազար դրամ, մինչեւ շենքի կառուցումը կավարտվեր։ Հետագայում, սակայն, կառավարությունը իր այդ առաջարկը չի կատարել:

«2005 թ․ երբ ԾԻԳ-ը մտավ դատարան եւ պահանջեց հարկադրել ինձ կնքել պայմանագիր, դատարանը դա քոփի-փաստ արեց, երկրորդ, երրորդ ատյանները հաստատեցին, գործը գնաց ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ը ճանաչեց իրավունքի խախտում։ Երբ ՄԻԵԴ-ը ճանաչեց իրավունքի խախտումը, մենք այդ հիմքով մտանք Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը բեկանեց մինչ այդ բոլոր կայացած վճիռները, գործն ուղարկեց նոր քննության՝ առաջին ատյան, որը ԾԻԳ-ի՝ 2005 թվականի հայցադիմումը մերժեց եւ այսօրվա դրությամբ չկա որեւիցե մի դատական ակտ այն մասին, որ իմ սեփականությունը պետք է վերցնեն, այսինքն իրավական դաշտում իմ նկատմամբ կատարված հանցագործությունն այսօր  է հաստատվում»,-ասում է Սեդրակ Բաղդասարյանը։

2010թ. սեպտեմբերի 10-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նամակով դիմում է Եվրոպական դատարանին, թե իբր Սեդրակ Բաղդասարյանը հրաժարվում է բարեկամաբար կարագավորելու առաջարկից։ Բաղդասարյանը կտրուկ հերքում է սա։ Սրան հետեւում է կառավարության մեկ այլ առաջարկ՝ դիմումատուին սեփականության իրավունքով տրամադրել բնակարան Ամիրյան 4/6 շենքում, մակերեսը՝ 117,5 քմ։

Սակայն այս բնակարանը 2009 թվականից սեփականության իրավունքով գրանցված է «Գրիար» ՓԲԸ-ի անվամբ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 17/08/2012թ. տեղեկանքի համաձայն: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պալատը 2011թ. նոյեմբերի 15-ին որոշում է կայացնում, Սեդրակ Բաղդասարյանին գրությամբ հայտնելով, որ տվյալ բնակարանը ստանալու նպատակով անմիջականորեն կապ հաստատել Գեւորգ Կոստանյանի հետ:

Սեդրակ Բաղդասարյանը 2012թ. փետրվարի 9-ին նամակով դիմել է Կոստանյանին, բայց առ այսօր ոչ մի գրավոր պատասխան չի ստացել։ Փոխարենը 2012թ. փետրվարի 14-ին հրավիրվել էԱրդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի մոտ, ով պահանջել է, որպեսզի Բաղդասարյանը հետ վերադարձնի Հայաստանի դատարանների վճիռների հիման վրա դեռեւս 2005թ. տրամադրված փոխհատուցման գումարը:

«Ում եւ ինչպես ես պետք է վերադարձնեմ, որեւէ պաշտոնական գրություն ինձ չի ներկայացվել: Միթե՞ արդարադատության փոխնախարարը կաշառք էր ուզում: Ինձ տրամադրված փոխհատուցման չնչին գումարը այս տարիների ընթացքում հազիվ թե բավարարել է վճարելու իմ ժամանակավոր կացարանների վարձավճարները, չնայած փաստը այն է, որ Եվրոպական դատարանի կողմից ընդունված կառավարության միակողմանի հայտարարությունն այդ գումարը վերադարձնելու որեւէ պայման չի պարունակում: Ավելին, այդ բնակարանի տրամադրումը պետք է ծածկեր բոլոր հնարավոր նյութական եւ բարոյական վնասները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ քայլ է կատարել կանխելու իր դեմ Եվրոպական դատարանի կողմից վճռի կայացումը: Եվ փաստորեն, էական չէ, թե ինչ գնով դա կարվի, Եվրոպական դատարանին խաբելը, Հայաստանի համար եւս տարբերակ է»,-ասում է Բաղդասարյանը:

Քաղաքացու սեփականությունը կարող է օտարվել պայմանագրի կնքման կամ դատական ակտի հիման վրա։ 2018 թ-ի մայիսի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը իր վճռով մեռժեց « ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿԻ« հայցը Սեդրակ Բաղդասարյանի եւ Տատյանա Զարիկյանցի պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու եւ տարածքից վտարելու պահանջները (գործ ԵԿԴ/3697/02/15):

Քանի որ, ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը օտարելու համար առկա չէ ոչ մի իրավական հիմք՝ պահանջում եմ վերադարձնել, ինձանից բռնազավթված՝ Բյուզանդի 25, տ․16 հասցեով գտվող սեփականությունը, կամ կատարել Եվրոպական դատարանի 2011 թ-ի 1115 վերոնշյալ որոշումը։

«Կոնկրետ իմ տան տեղը, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանը կառուցել է 6 կորպուսանոց, 10-16 հարկանի շենքեր, որից մեկը՝ հյուրանոց, մեկը՝ ռեստորան, այնինչ ինձ ունեզրկել են պետական գերակա շահ կոչված ծխածածույթի ներքո»,-ասում է Սեդրակ Բաղդասարյանը։

Այս պատմության վերաբերյալ մի շատ ուշագրավ տեղեկանք է ստացվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։ Բաղդասարյանը կոմիտեից պահանջել է տրամադրել այն իրավական ակտը, որի հիման վրա իրեն եւ ընտանիքին զրկել են սեփականությունից։ Կադաստրի պատասխանում ասվում է․ «Երեւանի Բուզանդի փողոցի 25 շենքի 16 բնակարանի նկատմամբ Սեդրակ Բաղդասարյանի իրավունքը դադարեցնելու վերաբերյալ որեւէ իրավական ակտ կադաստրային գործոմ առկա չէ։ Կադաստրային գործում առկա է տվյալ հասցեի անշարժ գույքը քանդելու վերաբերյալ 09․02․2006թ․ N26 Երեւանի քաղաքապետարանի քանդման թույլտվությունը«։

Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ ստացվում է, որ մարդու սեփականությունը կարող են ինչ-որ մի հիմար գրության հիմքով խլեն նրանից։

Սեդրակ Բաղդասարյանը պահանջում է, որպեսզի պատժվի իր եւ ընտանիքի նկատմամբ իրականացրած հանցագործությունը, վերականգնվի արդարությունը, իրեն վերադարձնել կամ իր բնակարանը, կամ որպես փոխհատուցում՝ նոր բնակարան, ինչպես տարիներ առաջ հանձնառություն էր ստանձնել Հայաստանի կառավարությունը։

Սեդրակ Բաղդասարյանն այս հարցով նաեւ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter