HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորել. ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են»

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և պետական բյուջե վերադարձվող գումարներին։

«Դուք գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների, նաև ստվերային տնտեսության  դեմ պայքար։ Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների հարուցած քրեական գործերի շրջանակում հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել և վերականգվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն կարևոր ցուցանիշ է, և «իրականում մեկ ամսվա աշխատանքի արդյունք է»։

«Մամուլում հրապարակումներ կան, որ վերադարձված թիվը չի արտահայտվում  բյուջեում, այդտեղ ոչ մի տարօրինակ  բան չկա, կխնդրեմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ բյուջեում ունենք փաստացի վերականգնված 800 միլիոն դրամ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ բացահայտումներն իրականացվել են Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի արդյունքում, ուստի այն պետք  է դիտարկել որպես «հավաքական աշխատանքի արդյունք»։

Անանյանի խոսքով՝ 20 միլիարդ 622 միլիոնը օր օրի փոփոխվող թիվ է, այն  բարձրանալու միտում ունի։

«Այս պահի դրությամբ 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է, օրինակ Նոր Ֆոլկի թեմայով, որ ասում ենք օրինակ վերականգնվել է 2,5 միլիոն դրամ, մենք նկատի ունենք այն, որ իրենց հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի կողմից և լուծարային  ակտը գրելուն պես հաշվարկային հաշվից գումարները կփոխանցվեն պետական բյուջե»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ մի քիչ վերապահումով պետք է խոսել պետական բյուջե վերականգնված գումարների մասին, որովհետև երբ ասում են վերականգնվել է, դա չի նշանակում, որ գումարն անմիջապես փոխանցվել է բյուջե։

«Այսինքն երբ արձանագրվել է  չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, և չի կարող որևէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում, երբ ակտը վերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց․

«Կարող ենք հանգստացնել լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորել, ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են, և դե յուրե ընթացակարգերի խնդիր է  ընդամենը։  Սա վերաբերում է միայն հարկային պարտավորություններին և չի վերաբերում ապօրինի հարստացման հետ կապված գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն գործարքներին»,- ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝ լրջագույն գումարներ են վերադարձվելու բյուջե, պետությանը հասցված վնասները վերականգնվելու են, որպեսզի յուրաքանչյուր համայնքի բնակչի համար հենց իր համայնքում տեսանելի լինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter