ՈՒրբաթ, 20 հուլիսի

Պարսկահայ գործարարի և Գագիկ Ծառուկյանի համատեղ բիզնեսը՝ եղվարդցիների դժգոհության պատճառ


Հուլիսի 10-ի առավոտվանից Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներն ու նույն թաղամասում գտնվող չրի արտադրամասի աշխատակիցները փակել էին Եղվարդ-Երևան մայրուղին: Ցուցարարները պահանջում էին «Արմօյլ» ընկերության ղեկավարությունից գոնե ժամանակավորապես կասեցնել նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները: Ըստ ցուցարարների՝ կառուցվելիք գործարանը, որը գտնվում է բնակելի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Բողոքի ցույցի մեկնարկից 1 ժամ անց գործարան ժամանեց «Արմօյլ» ընկերության տնօրեն, պարսկահայ գործարար Ալֆրեդ Աբեդին, ով արդեն 6 տարի է՝ ապրում է Հայաստանում: Բնակիչները անմիջապես շրջապատեցին Աբեդիին և հայտնեցին իրենց դժգոհությունը: Գործարարը ի պատասխան բնակիչների բողոքների՝ նշում էր, որ գործարանից արտանետումներ չեն լինելու, և այն ոչ մի վտանգ չի  ներկայացնում շրջակա միջավայրին: Աբեդին բացատրեց, որ գործարանի տարածքում այրման գործընթաց չի լինելու, իսկ արտադրությունը տեղի է ունենալու ոչ թե քիմիական, այլ  ֆիզիկական ներգործությամբ:

Աբեդին նշեց նաև, որ գործարանում հում նավթ չի մշակվելու, այլ մշակվելու է յուղերի և բիտումի հումք, որի արտադրանքի գերակշիռ մասը նախատեսում են արտահանել: Այնուամենայնիվ, բնակիչները թերահավատորեն էին վերաբերվում Ալֆրեդ Աբեդիի հավաստիացումներին՝ պահանջելով անկախ փորձաքննություն:

Նախորդ տարի, երբ կրկին աղմուկ էր բարձրացել գործարանի կառուցման շուրջ, Նատի թաղամասի բնակիչները դիմել էին բնապահպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչու գործարանը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Նախարարությունից տեղեկացրել էին, որ «Արմօյլ» ընկերության՝ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրած փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքները նախատեսվում են իրականացնել 1361 քառակուսի մետր կազմող մակերեսի վրա, որը որպես քաղաքաշինական կառույց չի գերազանցում փորձաքննության ենթակա 1500 քառակուսի մետր կառուցապատման մակերեսը:

Սակայն հարկ է նշել, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նավթավերամշակման գործարանը քաղաքաշինական կառույց չէ: Սույն օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3.բ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության:

Ըստ Եղվարդի համայնքապետարանի՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների՝ «Արմօյլ» ՓԲԸ-ն Նատի թաղամասում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2.66 հեկտար տարածք, որը ձեռք է բերել ֆիզիկական անձանցից:

Ալֆրեդ Աբեդին պատմեց, որ 2016 թվականի հունիս-հուլիս ամիսներին ֆինանսական խնդիրների պատճառով գործարանի շինարարությունը դադարեցվել էր, որոշվել էր նաև կասեցնել «Արմօյլ» ընկերության գործունեությունը: Այնուհետև պատգամավոր Գագիկ Ծառուկյանը այցելել է Իրան, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և ըստ Ալֆրեդ Աբեդիի՝ օգնություն առաջարկել:

«Ծառուկյանի այցելությունից հետո մենք հանդիպեցինք նրան, ներկայացրինք գործարանի նախագիծը: Հետո մեր առաջարկությամբ Գագիկ Ծառուկյանը ներգրավվեց որպես գործընկեր»,- նշեց պարսկահայ գործարարը:

«Հետք»-ի հետ զրույցում Ալֆրեդ Աբեդին նշեց, որ այժմ կառուցվելիք նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի կեսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուս կեսը «Արմօյլ» ընկերությանը, որի հիմնադիրն է պարսկահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:

Բողոքի ցույցին զուգահեռ Եղվարդի քաղաքապետարանում ժամը 12:00-ին մեկնարկել էր նավթամթերքի գործարանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակցում էին Ալֆրեդ Աբեդին, Եղվարդի համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, «Արմօյլ» ընկերության աշխատակիցներ և Նատի թաղամասի բնակիչներ:

Քննարկմանը հայտնի դարձավ, որ «Արմօյլ» ընկերությունը դիմել է «Արամ Գալոյան» Ա/Ձ-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ մշակելու համար, որից հետո ընկերությունը դիմելու է բնապահպանության նախարարություն, ստանալու է տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա էլ մշակվելու է հիմնական գնահատման հայտը, որում ներկայացված կլինեն նավթավերամշակման գործարանի հնարավոր ռիսկերը: Այս թեմայով ևս երեք հանրային քննարկում է նախատեսվում, որի ժամանակ էլ կներկայացվեն հիմնական գնահատման հայտի մանրամասները:


Ձախից՝ «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին, աջից՝ Եղվարդի համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը

Հանրային քննարկման ժամանակ բնակիչները կրկին դժգոհություն հայտնեցին, հորդորեցին Աբեդիին դադարեցնել գործարանի շինարարությունը՝ մինչև համապատասխան ընթացակարգերի ավարտը, սակայն Աբեդին նորից վստահեցրեց բնակիչներին, որ «Արմօյլ»-ի գործողությունները օրինական են:

Այնուհետև բողոքի ակցիայի վայր է ժամանել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, ով ցուցարարների հետ զրույցի ընթացքում երաշխավորել է, որ եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ գործարանը նույնիսկ չնչին վնաս է ներկայացնում շրջակա միջավայրին, ապա գործարանի աշխատանքները կդադարեցվեն: Փոխմարզպետի և ցուցարարների զրույցից հետո Եղվարդ-Երևան մայրուղու երթևեկությունը վերականգնվել է:

Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն մոտակա 2-3 ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Արմօյլ» ՓԲԸ-ին նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել այդ գործարանը։

Մասնավորապես՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Եղվարդի համայնքի ղեկավարի թիվ 399 որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ընկերությանը պատկանող հողատարածքում արտադրական և օժանդակ շինություններ կառուցելու վերաբերյալ, իսկ նույն տարվա նոյեմբերի 30-ին տրվել է թիվ 26 նախագծման թույլտվությունը, որտեղ կառուցման ենթակա շինությունները գնահատվել են որպես 3-րդ կատեգորիայի ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտ։ Քննությամբ պարզվել էր, որ նույն փաստաթղթի, այն է՝ թիվ 26 նախագծման թույլտվության մեկ այլ օրինակում կառուցվող շինության ռիսկայնությունը դասվել է «4-րդ կատեգորիայի»։

Բացի այդ, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, ոչ ճիշտ տեղեկություններ են հայտնաբերվել կառուցման ենթակա շինության իրական ծավալների վերաբերյալ, որոնց պայմաններում նավթավերամշակման գործարան կառուցելու թույլտվություն է տրամադրվել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության։

Քննչական կոմիտեն դեռևս այլ մանրամասներ չի հաղորդում, հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հավելենք նաև, որ «Հետք»-ը հարցումներ է ուղարկել բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններ՝  խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե արդյոք «Արմօյլ» ընկերությունը պահպանել է համապատասխան իրավական ընթացակարգերը նավթավերամշակման գործարանը կառուցելու ընթացքում: Հարցումների արդյունքները կհրապարակենք դրանց պատասխանները ստանալուց հետո:  


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. ani01:10 - 15 հուլիսի, 2018
you do very GOOD work, HETQ_team ! Thank you very much and go on investigating against corruption and cheatings , for the best of Armenia ! God bless you ! a. in CH
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։