HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հաշվարկներ՝ «կարգոների» կողմից պետությանը պատճառված վնասի չափերի վերաբերյալ

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ կոմիտեի քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով, քրեական գործեր: Մասնավորպես` «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ հաշվարկվել էր շուրջ 2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Քրեական գործերի հետագա քննության արդյունքում պարզվել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով  մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից՝ տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով: Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը հանդիսացել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները: Պարզվել է նաև, որ Կարլեն Մկրտչյանը ձևավորված մեխանիզմներով՝ այսպես կոչված «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման» ՍՊԸ-ի, այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից կատարվել են պետությանը պատճառված վնասի նոր հաշվարկներ: Դրանց արդյունքում հաշվարկվել են «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ» և «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների կողմից ծավալված գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի չափերը, որոնք կազմել են շուրջ 600 մլն դրամ:

Նախաքննությամբ ձեռնարկվում և իրականացվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

լուսանկարը՝ maxpixel.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter