HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Փխրուն» ցուցահանդես՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում (լուսանկարներ)

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կինոմատոգրաֆիստների միության եռահարկ (վերանորոգվող) շենքում հունիսի 10-ին բացվեց «Փխրուն» ցուցահանդեսը, որն ընդգրկում է  30-ից ավելի արվեստագետների ինստալացիաներ, փերֆորմանսներ, վիդեոարտեր։

Ցուցահանդեսն անդրադարձ է վերջերս Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխություններին, ինչպես նաեւ ազատ ու անկեղծ մտորումներ են ուժի եւ իշխանության բնույթի վերաբերյալ։

«Փխրունություն թեման համախմբել է տարբեր ազգության արվեստագետների շոշափելու թեմաներ՝ անձնականից մինչեւ քաղաքական (պատերազմ, սեր, իշխանություն, տագնապ, վախ, հեղափոխություն, անտարբերություն, սեռականություն)»․ նշված է ցուցահանդեսը ներկայացնող տեքստում։

Մասնակից արվեստագետները՝ Հայաստանից, Չինաստանից, Թայվանից, Իսպանիայից, Նորվեգիայից, Թուրքիայից, Չեխիայի Հանրապետությունից, Իտալիայից, ինչպես նաեւ սփյուռքից (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իսրայել եւ այլն):

Ցուցահանդեսն ունի երկու համադրող՝ Թերեզա Դավթյանը եւ Էլլա Կանեգարիանը։

Ինչու՞ «փխրուն» հարցին Էլլան պատասխանում է․ «Փխրունությունը  մեր երկու համադրողների երկխոսության եւ թեման էր, եւ մոտեցումը․ մեկինը՝ փխրուն, մյուսինն՝ ուժային։ Փորձել ենք հասկանալ, թե որ մեկն է հաղթում, բայց իրականում այդ երկուսը ներդաշնակվել են։

Ցուցահանդեսը երկխոսությունը չկեղծելու փորձ է։ Ես անկեղծություն եմ ուզում այս քաղաքում, որովհետեւ սպառողական մշակույթն անկեղծություն չի ցուցադրում․ սպառողական մշակույթը կնոջը ցույց է տալիս առանց «պեպեն», առանց «պզուկ»․․․ Գուցե երբեմն պիտի շատ անկեղծ խոսենք մեր միապաղաղ իրականությունից՝ չօգտագործելով արվեստը որպես «ռետուշելու» մեթոդ»,-նշում է Էլլան։

Առաջին հարկի մեծ պատին Արտակ Գեւորգյանի «Լսիր ինձ» ինստալացիան է։ Կարմիր լույսի տակ «թարթվող» պատի վրա սեւ ֆոնին «լսի՛ր ինձ» արտահայտությունն է, որին զուգահեռ անընդհատ պտտվում է համանուն ֆիլմի տեքստը (ԼԳԲՏ թեմայով)։ Սա հենց այն ֆիլմն է, որն անցյալ տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում պիտի ցուցադրվեր Կինոմատոգրաֆիստների միության դահլիճում, սակայն չեղարկվեց (2017 թվականին «Ոսկե ծիրանը» «Հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրի շուրջ 40 ֆիլմերի ցուցադրություն չեղարկեց, որոնք ԼԳԲՏ հարցերից զատ անդրադառնում էին սոցիալական ոլորտին վերաբերող այլ խնդիրների, Ցեղասպանության հարցին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը եւ այլն)։

Այսօր, հետաքրքիր կերպով արդեն, «Լսիր ինձ» ինստալացիան «ներխուժում» է «գրաքննված» տարածք՝ հայտնվելով Կինոմատոգրաֆիստների միության շենքի վերանորոգվող պատին։

«Մենք խոսում ենք նաեւ այն մարդկանց մասին, ովքեր փխրուն են, որովհետեւ պատմության մեջ օֆիցիալ կերպով չեն ներգրավվել, ինչպես «Լսիր ինձ» ֆիլմի չեղարկման դեպքն է, բայց ինստիտուցիաները միշտ թույլ կետ ունեն, եւ դա իրենց վերահսկողության բացակայությունն է․․․ Փաստորեն «Ոսկե  ծիրան» կինոփառատոնին նախորդ տարվա մերժված ֆիլմն այսօր «ներխուժել» է այդ նույն տարածք եւ այդ կերպ նաեւ ինստիտուցիոնալ քննադատության տարրեր է կրել իր մեջ։ Ստացվում է, որ այս ցուցահանդեսին «մերժվածների» պատմությունը զուգահեռ գնում է «ընտրվածների» հետ․․․ Դրա համար պիտի խորը փորել ու գտնել նրանց, ինչպես գտանք Ալիս Ստեփանյանին, ով, չգիտես՝ ինչու, 2000-ականներից հետո այստեղ չի ցուցադրվել»,- մեկնաբանում է Էլլա Կանեգարիանը։

Երկրորդ հարկի աջ կողմում մետաղական կոնստրուկցիայով մեծ անկողինն է, որի միջնամասում սիրտն է։ Սամվել Սաղաթելյանի «Թավշյա հեղափոխության վիրավոր ոտքը որպես սիրո հավերժական շարժիչ» ինստալացիայի կենտրոնական մասում պատկերված է ճարտարապետ Զավեն Գրիգորյանի ոտքը, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ բեկորային վնասվածք էր ստացել, եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։

40-ից ավելի արվեստագետների աշխատանքները հնարավոր կլինի տեսնել մինչեւ հուլիսի 15-ը։

ՀԳՑուցահանդեսն իրականացվում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Երիտասարդական Կինոալիքի եւ artesson-ի համագործակցությամբ:
Համադրողներ՝ Թերեզա Դավթյան, Էլլա Կանեգարիան, նախագծի համակարգող՝  Վահագն Խաչատրյան։

Գլխավոր լուսանկարում՝ Արտակ Գեւորգյանի «Լսիր ինձ» ինստալացիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter