Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արմեն Աշոտյան. «Հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին ԱԺ առաքել նախագծերը»



Խորհրդարանը Կառավարության նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նստաշրջան։ Օրակարգում յոթ հարց է՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին, «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց օրակարգը, որից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթով հանդես եկավ՝ արտահայտելով իր մտահոգությունն օրակարգում ընդգրկված առնվազն երկու հարցի առնչությամբ։

«Մեր հանձնաժողովը գլխադասային է նշանակվել առնվազն երկու նախագծի հետ կապված, այսօր առավոտյան 9:30-ին հանձնաժողովի նիստ էինք հրավիրել, նիստն ապահովվեց, փոխնախարարները ներկա էին՝ ի պատիվ իրենց, սակայն չկային քննարկվող հարցերը։ Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ` կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին Ազգային Ժողով առաքել առնվազն այս երկու նախագծերը, և այդ երկու հարցերը չեն ենթարկվել քննարկման, և կարծիք չկա։ Հանձնաժողովը որոշեց, որ նիստը տեղափոխի 12:30, որպեսզի կարողանա կարծիք հայտնել այդ երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Տարակուսանքս ուզում եմ դառնա գործողություն, և կառավարության մեր գործընկերներին հորդորում եմ, որ ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարվի պատեհ ու որակով և չազդի մեր համատեղ աշխատանքի արդյունավետության վրա»,- ասաց Աշոտյանը։

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց երեսուն րոպեով երկարացնել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ ընդգծելով, որ մինչ նիստն այդ հարցը քննարկել է արդարադատության նախարարի հետ, և վերջինս ևս կողմ է նախագծի քննարկման տևողությունը երկարացնելուն։

Արփինե Հովհաննիսյանի առաջարկը ստացավ հավանություն, այնուհետև խորհրդարանը հաստատեց նստաշրջանի օրակարգը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ