HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչական իրավախախտումների համաներման նախագծին խորհրդարանի վերաբերմունքը միանշանակ չէ

Խորհրդարանում արտահերթ նստաշրջանով քննարկվեց արդարադատության նախարարության հեղինակած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեբերի 31-ը կատարված որոշ վարչական իրավախախտումների նկատմամբ համաներում հայտարարել։

Նախագծի հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նախագծով չի՞ խախտվում հավասարության սկզբունքը, քանի որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, և ստացվում է, որ «նրանք հիմա պատժված են», իսկ մյուսները, ովքեր չեն վճարել, ազատվում են վճարելու պարտավորությունից։ Պատգամավորը հարցրեց, թե ինչպե՞ս է կառավարությունը «սփոփելու» տուգանքները բարեխիղճ վճարած անձանց։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ պատգամավորի մտահոգությունը «հավերժ հարց է», սակայն պետք է քննարկման առարկա դառնար և պատասխան տրվեր այն ժամանակ, երբ խորհրդարանն ընդունում էր Սահմանադրության նախագիծը։

«Սահմանադրության 117-րդ հոդվածով նախատեսված է, որ կառավարությունն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել համաներում․ սա շատ հին իրավական վեճ է, թե արդյոք համաներում կիրառելով` չի խախտվում հավասարության սկզբունքը։ Եվրոպայի խորհուրդն ունի բանաձև, որի համաձայն համաներումը պետք է ունենա որոշակի չափանիշներ, որպեսզի չխախտվի այդ սկզբունքը․ այս նախագիծը համապատասխանում է  այդ չափանիշներին»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքեց Հայկ Բաբուխանյանի հարցադրմանը. «Ակնհայտ է, որ համաներում հայտարարվում է այն անձանց համար, ովքեր տուգանքները չեն վճարել գումար չունենալու պատճառով»։

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարությունն ունի որոշակի վիճակագրություն` տուգանքների հետ կապված, թե քանի տոկոսն է, որ չունի գույք կամ աշխատանք, և, օրինակ, երկու տարի անց կկարողանային այդ տուգանքները վճարել, թե ոչ։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց՝ նման հստակ վիճակագրություն չունեն։

Մելքումյանը խոսեց նաև Հայաստանի նվազագույն և միջին աշխատավարձի և տուգանքների՝ ոչ համաչափ լինելու մասին։ Նախարարն արձագանքեց՝ Կառավարությունը վճռական է այդ ոլորտում լրջագույն ռեֆորմներ իրականացնել։ Պատգամավորի մյուս հարցն այն էր, թե մտադիր է արդյոք Կառավարությունը հարկային համաներում իրականացնել, և ոչ թե «կոսմետիկ քայլեր անել»։ Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին կփոխանցի այդ հարցը, և Կառավարությունում քննարկման առարկա կդարձնեն։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բավական երկար և բուռն քննարկվել է։ Հանձնաժողովի անդամներից շատերն այն կարծիքին են, որ նման նախագծով բարեխիղճ և ոչ բարեխիղճ վճարողների միջև անհավասարության հարց է առաջանում։

«Կառավարությունը լավ բան է անում, որևէ մեկը չի կարող վիճարկել այդ հարցը, բայց ինձ մոտ օրինակ հարց էր առաջացել 2017 թվականի հետ, որովհետև 2012-2016 թվականների ընթացքում սոցիալական բաղադրիչի անհնարինությունն ավելի շատ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ ԱԺ փոխխոսնակի հարցման տվյալների՝ ԴԱՀԿ-ն այդ հինգ տարիների ընթացքում մոտ 1 միլիոն դրամի կատարողական վարույթներ է կարճել տարբեր պատճառներով, որոնց թվում է եղել նաև այն, որ պարտապանը գույք չունի։

«Հետևաբար, եթե որոշակի առումով սոցիալական բաղադրիչը կար նախորդ հինգ տարիներին, 2017-ի համար չի կարող գործել»,- ասաց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծի վիճելի դրույթներից է նաև, որ այն քաղաքացիները, որոնք տուգանքները վճարել են, իրենք հատուցում չեն ստանալու և վճարած տուգանքների գումարները չեն վերադարձվելու։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ բարեխիղճ վճարողների խնդրին՝ ասելով, որ միշտ արդիական է այս հարցը, երբ խոսքը համաներման մասին է։

«Իսկ բարեխիղճ նստածների հետ ի՞նչ անենք: Այդ հարցը միշտ առաջանում է համաներման հետ կապված»,- ասաց Զեյնալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter