Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին․ խորհրդարանը վավերացրեց հուշագիրը



Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին որոշումը։

Այն ներկայացրեց Մշակույթի նորանշանակ փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Փոխնախարարի խոսքով՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թվականին, ծրագիրը բաղկացած է երկու՝ «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից, պետք է իրականացվի 2014-2020 թվականների ընթացքում:

«Մշակույթ» բաղադրիչի համար այդ վեց տարիների ընթացքում նախատեսվում է 454.8 մլն եվրոյին համարժեք դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի առավել ակտիվ հասարակական կազմակերպություններին և հրատարակչական ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին:

Երկու ծրագրերի բյուջեն կազմում է 1,46 միլիարդ եվրո, ինչը, ըստ փոխնախարարի, ինը տոկոսով գերազանցում է մինչ այդ եղած բոլոր ծրագրերի բյուջեին։ Ղարիբյանի խոսքով՝ հայաստանյան մշակույթի գործիչները «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին մասնակցելու դեպքում հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվել եվրոինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և կինոարտադրության ոլորտներում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ իրականացրեց քննարկված նախագծերի քվեարկությունը։ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 71 կողմ,1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 72 կողմ ձայնով։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացվեց 72 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ